ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս հայտնվեցի մի շատ անհարմար իրավիճակում: Ընկերս խնդրել էր որեւէ բանկից իմ անունով ապառիկ համակարգիչ վերցնել իր համար: Սակայն մի քանի ամիս անց, ինձ խաբելով, նա չի վճարել ապառիկի ամեն ամսվա գումարները:  Հետագայում ուշացումով իմացել եւ վճարել եմ ողջ գումարը եւ համապատասխան տոկոսները: Հիմա իմ անուն-ազգանունը գտնվում է բանկերի սեւ ցուցակում, եւ ես չեմ կարողանում օգտվել բանկերի ծառայություններից, չնայած նրան, որ ունեմ մշտական աշխատանք եւ բարձր աշխատավարձ: Ո՞ւմ կարող եմ դիմել այդ հարցով:

Մուշեղ Մնացականյան (28 տարեկան, ծրագրավորող)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տվյալ դեպքում քաղաքացին եղել է վարկային պայմանագրով վարկառու, չնայած նրան, որ փաստացիորեն միայն իր անունն է գրանցված եղել պայմանագրում, իսկ գումարից օգտվել է այլ անձ: Այն դեպքում, երբ վարկային պայմանագրով վարկի մարման ուշացումներ են արձանագրվում,  տվյալ վարկը դասակարգվում է վարկային ռեգիստրում որպես ուշացված: Հետագայում այլ վարկի համար դիմելիս բանկը (վարկային կազմակերպությունը), նախքան վարկի ձեւակերպումը, դիմողի վարկային պատմությանը ծանոթանալու եւ վարկարժանությունը որոշելու նպատակով դիմում է վարկային ռեգիստր: Բանկը (վարկային կազմակերպությունը), տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու անունով վարկը դասակարգված է, իրավունք ունի մերժել վարկ տրամադրելը: Հավելենք, որ վարկային ռեգիստրում վարկի վերաբերյալ տվյալները պահվում են անորոշ ժամկետով, սակայն 5 տարի անց արխիվացվում են:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր հայրենակիցներից շատերն են իրենց բարեկամին կամ ընկերոջը լավություն անելով նման խնդրի առաջ հայտնվում: Թերեւս նման պատմության մեջ չհայտնվելու առաջին նախապայմանը որեւէ մեկից ստացվող նման առաջարկը կտրականապես մերժելն է:




Լրահոս