ՀԺ.Բարձրաստիճան ոստիկանների զանգվածային ձերբակալություննե՞ր կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունից հետո ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ շուտով պաշտոնանկ կարվեն նաեւ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Խոսք էր գնում մասնավորապես ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի, Հունան Պողոսյանի, Ոստիկանական ակադեմիայի տնօրեն Հովհաննես Վարյանի եւ այլոց մասին։ Համենայնդեպս երեկ՝ ուշ երեկոյի դրությամբ, այդ կանխատեսումները չիրականացան՝ վերը նշվա անձինք դեռ իրենց պաշտոններին էին։ Գուցե դա պայմանավորված է նրանով, որ երեկ ՀՀ ոստիկանությունը նշում էր իր օրը։ Թերեւս։ Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը որեւէ հստակ բացատրություն չի տալիս, թե ինչու պաշտոնանկ արեց Ներսիկ Նազարյանին ու նրան փոխարինեց ոչ պակաս ադիոզ Աշոտ Կարապետյանով, որը նույնիսկ Եվրադատարանի պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ սարսափելի բռնությունների է ենթարկել մարդկանց։
Ինչպես արդեն նշել ենք, հիմնավոր կասկածներ կան, որ Ներսիկ Նազարյանը պաշտոնանկ է արվել ՀՀ բարձրաստիճան մի քանի ոստիկանների կողմից ստեղծված եւ նրանց կողմից ղեկավարվող ֆինանսական ապօրինի բուրգի բացահայտման շրջանակում։ Այդ կառույցը խաբեությամբ 2,5 մլն դոլար է կորզել մարդկանցից եւ “պայթել”։ Ուշագրավ է, որ ըստ մեր տեղեկությունների, այդ “ֆինանսական կառույցի” գլխավոր դերակատարներից է նաեւ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններից մեկի ղեկավարը, որի անունն առայժմ չի նշվում։ Վերջինս ինչ-ինչ մեքենայություններով  մի քանի հարյուր հազար դոլարի պարտատեր է դարձել։ Իր այդ պարտքը չստանալու պատճառով մոտ 20 օր առաջ դիմակավորված ու մինչեւ ատամները զինված ոստիկանների ուղեկցությամբ ներխուժել է պարտապանի սեփականությունը հանդիսացող բնակարան եւ նրան ստիպել այդ բնակարանը դարձնել իր կամ իր հարազատներից մեկի անունով։ Հոլիվուդյան ֆիլմերի սցեննարներին հարիր ոստիկանական այդ օպերացիան, ի դեպ, իրականացվել է ոչ պաշտոնապես։ Այսինքն՝ ոստիկանության աշխատակիցներն այդ օպերացիայի ժամանակ գործել են որպես ամենասովորական հանցագործներ եւ մարդուն պարզապես ուժով եւ ապօրինաբար ունեզրկել են։ Մի խոսքով, եթե այս  “ֆինանսական կառույցի” գործը սկսեն բացահայտել, պետք է լինեն ոչ թե պաշտոնանկություններ, այլ ձերբակալություններ, ընդ որում՝ զանգվածային “,- գրում է “Հայկական ժամանակը”։




Լրահոս