Հովիկ Աբրահամյանն աշակերտների հրավերով այցելել է Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշակերտների և ուսուցչական կազմի հրավերով այցելել է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց:
Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Անդրանիկ Մարգարյանի հուշարձանին և դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանի ուղեկցությամբ շրջել է դասասենյակներով՝ ծանոթացել ուսումնական գործընթացին և աշակերտների համար ստեղծված կրթական պայմաններին: Տեղեկացվել է, որ դպրոցը համալրվել է կրթության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով, գույքով, իսկ ինֆորմատիկայի, ֆիզիկայի և քիմիայի դասասենյակները՝ նոր և ժամանակակից համակարգիչներով, սարքավորումներով ու լաբորատորիաներով:

Այնուհետև վարչապետն ավանդական բաց դաս է անցկացրել, որի ընթացքում պատասխանել է աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերի: Վարչապետը նշել է, որ աշակերտների համար այսօր դպրոցում ստեղծվել են որակյալ կրթություն ձեռք բերելու լավ պայմաններ: «Հաջողության հասնելու հիմնական գրավականներից մեկը գիտելիքն է:

Կոչ եմ անում, խնդրում և հորդորում ձեզ ժամանակը ճիշտ օգտագործել, ձեռք բերել լավ գիտելիքներ: Մեր երկրի ապագան դուք եք, դուք եք մեր երկիրը հետագայում կառուցելու, զարգացնելու և տանելու առաջ: Հայ ժողովրդի մտավոր ռեսուրսն անսպառ է. պետք է զարգացնենք և հզորացնենք Հայաստանը, ամրապնդենք Հայրենիք-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետն ընդգծել է, որ կրթության ոլորտը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է և գործադիրն անում է ամեն ինչ ու շարունակելու է ջանքեր գործադրել՝ մատաղ սերնդի համար բարձրակարգ կրթություն ապահովելու համար:
Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին իրենց հրավերին արձագանքելու և դպրոց այցելելու համար:




Լրահոս