ArmLur.am-ը արդեն հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է վնասազերծել ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբին:
Ազգային անվտանգության ծառայությունը դեռ չի հրապարակում այսօր` նոյեմբերի 25–ին, Երեւանում վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամների անունները։
Առայժմ պաշտոնապես հայտնի է միայն մեկի՝ Արթուր Վարդանյանի անունը՝ որպես խմբի պարագլխի։ Հատուկ ծառայությունների փոխանցմամբ, կասկածյալների թիվը 19-ն է, այսօր ձերբակալել են 10–ին։ Երեւանում, Շիրակում եւ Կոտայքում այսօր առավոտից իրավապահները զինված հսկողություն են իրականացնում ճանապարհներին։
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, իրացնելով օպերատիվ տվյալներ այն մասին, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։ Վերոհիշյալ հանցավոր նպատակների իրագործման համար՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռք է բերվել զենք և ռազմամթերք, որոնք պահել է Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոց, 78-րդ տուն հասցեով նախապես այդ նպատակով վարձակալած առանձնատանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը: 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և ռազմամթերք:
Մասնավորապես՝ Արթուր Վարդանյանի կողմից վարձակալած նշված սեփական տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են՝ 6 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 4 հատ «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով, 1 հատ «ՏՏ » տեսակի ատրճանակ, 1-ական ողորկափող և օդամղիչ հրացաններ, Տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ, 2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր (խուզարկության պահին եղել են միացված, վնասազերծվել են), 1 հատ պայթեցման սարք, 1 հատ հակատանկային բեկորային ական «ՄՈՒՎ 50>>, Մոտ 1200 գրամ «տրոտիլ » պայթուցիկ նյութ, Մոտ 50 գրամ «պլաստիդ» պայթուցիկ նյութ, 11 հատ «Ֆ1» նռնակներ, 46 հատ «ՌԳ» նռնակներ, 3 հատ «ՌԳԴ-5» նռնակներ, 2 հատ հակատանկային նռնականետ, 20 հատ ինքնաձիգի պահունակներ, Պայթուցիչներ, օպտիկական նշանացույցեր, հեռադիտակներ, դետոնատորներ, մեծ քանակության զինվորական համազգեստ և հանդերձանք, Հայտնաբերվել են նաև ՀՀ, Երևան քաղաքի և Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը։ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են։