Ապրիլի 9-ի իրադարձությունների ժամանակագրությունն՝ ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը նախօրեի երեկոյան տարածել է Նոր Հայաստանի երդմնակալության՝ 2013թ. ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը ներկայացնող հայտարարություն:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձությունները բուռն քննարկումների տեղիք տվեցին: Տեղի ունեցածը գնահատելուն եւ ընկալելուն ուղղված արժեքավոր վերլուծություներին զուգահեռ շատ քաղաքական ուժեր եւ նրանց պատվերը կատարող որոշ “լրատվամիջոցներ” եւ “փորձագետներ” սկսեցին ինչ-ինչ նեղ կուսակցական շահերից ելնելով ապատեղեկատվություն տարածել տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրության վերաբերյալ՝ նենգափոխելով փաստերը: Հաշվի առնելով այս ամենը անհրաժեշտություն ենք համարում ներկայացնել իրադարձությունները այնպես, ինչպես որ դրանք տեղի են ունեցել:
Ժամը 12:00-ին՝ մինչ Սերժ Սարգսյանը հասարակության “սերուցքը” ներկայացնող իր շրջապատի մասնակցությամբ Աստվածաշնչի վրա կեղծ երդում կտար, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահեց քաղաքացիների զանգվածային հավաքը: Ավելի քան վաթսուն հազար մարդ իրենց ձեռքերն էին վեր պարզել Նոր Հայաստանի երդմնակալության համար: Նրանք խզեցին իրենց կապերը ներկա անօրինական իշխանությունների հետ եւ երդվեցին շարունակել խաղաղ պայքարը հանուն Նոր Հայաստանի:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ տոնական համերգը շուտով կսկսվի եւ հավաքի մասնակիցներին խնդրեց նորից հրապարակ գալ ժամը 18:00-ին՝ մասնակցելու երթին, որն անցնելու էր մայրաքաղաքի փողոցներով: Իջնելով ամբիոնից՝ նա հանդիպեց ժողովրդի պահանջին. “Հիմա երթի դուրս գանք”: Հինգ րոպե անց Հովհաննիսյանը հետ բարձրացավ ամբիոն եւ հայտարարեց, որ ականջալուր է ժողովրդի ձայնին եւ այժմ հանրահավաքի մասնակիցների հետ միասին քայլերթի է դուրս գալու:
Նա առաջնորդեց ժողովրդին դեպի Հանրապետության հրապարակ, այնտեղից էլ՝ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ծավալման կիզակետ հանդիսացող Մյասնիկյանի արձան, ուր ծաղիկներ դրեց եւ խոստացավ՝ “այլեւս երբեք”: Այնուհետեւ շարժվեց դեպի Սբ. Հովհաննես եկեղեցի, ուր մոմ վառեց եւ Պռոշյան փողոցով շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա:
Հատուկ միավորումներից ձեւավորված ոստիկանական արգելապատնեշը Րաֆֆի Հովհաննիսյանին կանգնեցրեց Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ նախագահական ամառանոցի հանդիպակաց մայթին: Մերժելով երթի մասնակիցներին՝ անցնել Պռոշյան կամ Դեմիրճյան փողոցներով, ոստիկանությունը ի վերջո ետ քաշվեց՝ ճանապարհ տալով Հովհաննիսյանին ու նրան հետեւող բազմությանը Դեմիրճյան փողոցով դեպի Թումանյանի տուն-թանգարան (“Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք”) եւ Ազատության հրապարակ:
Այնտեղ համերգն արդեն ավարտվել էր, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին հայտնեց, որ ինքը կվերադառնա ժամը 18:00-ին՝ նախապես հայտարարված երթին մասնակցելու համար: Հովհաննիսյանը հեռացավ՝ Ազատության հրապարակից եւ Ազգային ժողովի մոտակայքից ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումներին հետեւելու մասին իր կողմնակից պատգամավորներին ցուցում տալու, ինչպեսեւ ոստիկանության որոշ բաժանմունքներ բերման ենթարկված ցուցարարներին այցելելու ու նրանց ազատ արձակումը պահանջելու համար:
Ժամը 18:00-ին հոծ բազմություն էր հավաքվել Ազատության հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակայնորեն հայտնեց, որ կբարձրանա Բաղրամյան պողոտան ի վեր, կանցնի Բաղրամյան 26-ում տեղակայված նախագահական նստավայրի մոտով, ապա ժողովրդին կառաջնորդի դեպի Ծիծեռնակաբերդ՝ մոմեր վառելու 1,5 միլիոն հայերի համար, ովքեր սպանվեցին 1915թ.-ին եւ 1,5 միլիոն հայերի համար, ովքեր 1991թ.-ից ի վեր բռնել են հայրենիքից գաղթելու ճանապարհը, բայց ովքեր պետք է վերադառնան, եւ անպայման կվերադառնան:
Հովհաննիսյանն Ազատության հրապարակից շարժվեց դեպի Մաշտոցի պողոտա, որտեղ ոստիկանները արգելափակել էին ճանապարհը: Արգելապատնեշը հայտարարելով հակասահմանադրական՝ Հովհաննիսյանն առաջինը ճեղքեց այն: Նա առաջնորդեց մարդկանց դեպի փողոց: Նրանք բարձրացան Մաշտոցի պողոտան ի վեր, թեքվեցին դեպի Բաղրամյան պողոտայի ձախակողմյան հատվածը եւ շարժվեցին առաջ դեպի Բաղրամյան-Սարյան խաչմերուկ, որտեղ նրանք հանդիպեցին ոստիկանության կողմից կազմված մեկ այլ արգելապատնեշի, որը, սակայն, ավելի ուժեղացված էր՝ շնորհիվ տարբեր հատուկ միավորումների ներգրավման: Խաղաղ քայլերթի՝ հայ ժողովրդի իրավունքը վերականգնելու պահանջին ի պատասխան նորից ու նորից մերժում ստանալուց հետո Հովհաննիսյանը քայլեց դեպի արգելապատնեշը: Նա առաջին գծում էր՝ իր տիկնոջ եւ տղայի, իր թիմի եւ իր ռահակիցների հետ միասին:
Ոստիկանությունը սկսեց հետ մղել քաղաքացիներին՝ հաճախ կիրառելով բիրտ ուժ: Մի քանի ոստիկան բռնություն գործադրեցին Արմեն Մարտիրոսյանի հանդեպ եւ նրան վնասվածքներ պատճառեցին: Տեղի ունեցան ձերբակալություններ: Հովհաննիսյանին նետեցին գետնին: Նրա կինն ուժային ճնշման էր ենթարկվել ոստիկանական վահանների արանքում, եւ նրան եւս նետել էին գետնին: Նրա ծնկները քերծված էին եւ արյունոտված: Նա, իր ամուսինը եւ որդին ենթարկվեցին ոստիկանության ճնշումներին: Ոստիկանությունը, սակայն, շարունակում էր հրել եւ խփել: Սակայն Հովհաննիսյանը ելնելով գետնից նորից քայլեց դեպի արգելապատնեշը:
Այնժամ եկավ ոստիկանապետը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատեց իր պահանջները նրա եւ այնտեղ հավաքված ոստիկանության գեներալների առջեւ: Մինչ այս պահը հատուկ միավորումների քանակն ավելացվել էր: Մարդկանց շարունակում էին ծեծել եւ ձերբակալել: Տեսնելով իր շուրջ ծավալվող բռնությունները եւ տարաբաժանարար քաոսը (իշխանությունների կողմից ուղարկված սադրիչները վխտում էին ամբոխի մեջ. որոշ լրատվամիջոցներ տարածեցին տեսագրություն՝ ինչպես ոստիկանները մեկուսացնում են ոչ թե սադրիչներին, այլ կրքերը հանդարտեցնող մի ակտիվիստի), Հովհաննիսյանը որոշում է մարդկանց առաջնորդել դեպի Ծիծեռնակաբերդ այլ ճանապարհով՝ Սարյան փողոցով: Նա հոծ բազմության միջով քայլում իր վիրավոր եւ ոտաբոբիկ կնոջ, տղայի ու կողմնակիցների հետ: Ոստիկանապետը, ոստիկանության շատ աշխատակիցներ եւ բազմության մեծ մասը հետեւում են նրան:
Այս անգամ արդեն ապատեղեկատվություն տարածելու արշավ է սկսվում: Ներդրված սադրիչները տարածում են, թե իբր Րաֆֆին այժմ բանակցում է ոստիկանապետի հետ, եւ նա շուտով կվերադառնա: Այս պատճառով հազարավոր մարդիկ, այդ թվում եւ Հովհաննիսյանի անմիջական աջակիցները, պատգամավորները, Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Թեւան Պողոսյանը, Դավիթ Սանասարյանը եւ այլոք մնում են առաջին գծի վրա՝ ոստիկանության եւ ժողովրդի միջեւ՝ կարծելով, որ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնալու է:
Սակայն փաստն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քայլում էր դեպի Ծիծեռնակաբերդ՝ առաջնորդելով հազարավոր մարդկանց: Ճանապարհին Հովհաննիսյանը ոստիկանապետից պահանջեց, որպեսզի բոլոր ձերբակալված ցուցարարներն ազատ արձակվեն: Այդժամ նա տեղեկացավ, որ հազարավոր մարդիկ դեռ Բաղրամյան պողոտայում են եւ անտեսում են ոստիկանության պահանջները՝ հեռանալ փողոցից: Տարբեր քաղաքացիներ հանդես էին գալիս ելույթներով, եւ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց Զարուհի Փոստանջյանին, որ փոխանցի ժողովրդին, թե ինքը հետ է գալիս կարգավորելու իրավիճակը:
Ծիծեռնակաբերդում Հովհաննիսյանը մոմեր վառելուց եւ համաքաղաքացիների հետ աղոթելուց հետո շտապ վերադարձավ Բաղրամյան՝ տեր կանգնելու իր ժողովրդին: Նա նորից եկավ առաջին գիծ եւ նորից հանդիպելով արգելապատնեշի՝ պահանջեց թույլ տալ իրացնելու տեղաշարժի իր եւ ժողովրդի իրավունքը: Ապրիլի 9-ին սա երրորդ անգամն էր, երբ Հովհաննիսյանը եւ իր աջակիցները պահանջեցին քայլել դեպի Բաղրամյան պողոտա: Հովհաննիսյանը հայտարարեց ոստիկանապետին, գեներալներին եւ բոլորին, որ ինքը չի հեռանա ճանապարհից եւ իր մարդկանց չի ասի, որ նրանք գնան տուն: Ճանապարհը պետք է բացվի. նրանք պետք է քայլեն:
Րաֆֆի Հովհաննիսյանը վճռական կանգնել էր ժողովրդի կողքին, երբ, վերջապես, ոստիկանությունը հետ կանգնեց նախկինում հնչեցրած իր արտահայտություններից առ այն, որ այդ օրը ,բացառվում էե Բաղրամյան փողոցով քայլերթ անցկացնել եւ թույլ տվեցին Հովհաննիսյանին առաջնորդելու ժողովրդին Բաղրամյանն ի վեր:
Նախագահական նստավայրի առջեւ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքով դիմեց ժողովրդին, ապա ժողովրդի հետ միասին երգեց ,Մեր Հայրենիքըե: Այնուհետեւ մարդիկ խաղաղ կերպով շարժվեցին դեպի Պռոշյան փողոց: Դեմիրճյան փողոցից շարժվելով դեպի Բաղրամյան պողոտա՝ նրանք վերադարձան Ազատության հրապարակ: Այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ պայքարը շարունակվելու է մինչեւ հաղթանակ:
Ամփոփում
Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից գործադրված բոլոր հնարավոր ջանքերին, արյուն հեղվեց: Բայց դա իր, իր կնոջ, Արմեն Մարտիրոսյանի եւ իր մյուս մերձավորագույն ռահակիցների արյունն էր: Եվ նա արեց ամեն ինչ՝ կանխելու համար ավելի մեծ ծավալի ցանկացած բռնություն, ու ինքը միշտ առաջին գծում էր:
Օրվա ընթացքում մի քանի անգամ ոստիկանությունը ենթարկվել է ժողովրդի կամարտահայտությանը. նրանք ասացին, որ թույլ չեն տալու քաղաքացիներին քայլել Դեմիրճյան փողոցով ժամը 14:30-ին, սակայն հետո թույլ տվեցին, նրանք ասացին, որ թույլ չեն տալու քաղաքացիներին անցնել Բաղրամյանով, սակայն հետո թույլ տվեցին, եւ օրվա վերջին բերման ենթարկված բոլոր ցուցարարները բաց թողնվեցին ոստիկանական բաժանմունքներից:
Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը ցույց տվեց մեր պայքարի վճռականությունը: Նա ժողովրդի իրական նախագահն է, ով տվեց միասնության, խաղաղ պայքարի, բայցեւ կեղծ իշխանությունը սկզբունքորեն մերժելու երդում: Այնուհետ նա ապացուցեց, որ ինքն իսկական մարտիկ է՝ պատրաստ սեփական ուժերով պայքարն առաջ տանելու, լինելով առաջին գծում ու երբեք մարդկանց անտեր չթողնելով, նրանց թիկունքում չթաքնվելով եւ իր ողջ էությամբ մշտապես կանգնելու որպես ժողովրդի առաջնորդ:




Լրահոս