Գյումրիում գործողություններ են կատարվել Ղորղանյան 83 տանը, որտեղ տեղակայված է «Ռադիո Մարիամը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում նոյեմբերի 25­-ի երեկոյան հատուկ գործողություններ են իրականացվել` կապված նույն օրը Երևանում հանցավոր խմբի վնասազերծման հետ: ՀՀ ԱԱԾ­ի` նոյեմբերի 25-­ի` «Արմենպրես»­ին տրամադրած հաղորդագրության մեջ նշվում էր, որ հանցավոր խմբի մոտ հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության, Երևան քաղաքի և Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը:

ԱԱԾ-­ն գործողություններ է իրականցրել Գյումրու Ղորղանյան 83 տանը, որտեղ տեղակայված է «Ռադիո Մարիամ»­ի ստուդիան: Դեռ ամիսներ առաջ ռադիոկայանը հեռարձակել էր հարցազրույց «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի հետ, որտեղ նա խոսում է Քեսաբի ազատագրման մասին: Հայտնի է, որ Արթուր Վարդանյանն է նոյեմբերի 25-­ին վնասազերծված խմբի պարագլուխը: Իսկ «Ռադիո Մարիամը» նույնը օրը երեկոյան դադարեցրել է իր հաղորդումների հեռարձակումը: Ինչպես «Արմենպրես»­ը տեղացավ Ղորղանյան 83­-ին հարակից տարածքի բնակիչներից, տանը ողջ օրվա ընթացքում եղել են ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ:

Որոշ տեղեկությունների համաձայն` տանից դուրս են բերվել համակարգիչներ, իսկ աշխատակիցներին թույլ չի տրվել ներս մտնել: Այս հասցեում են տեղակայված նաև «Ապագա Թեքնոլոջիս» ՓԲ ընկերությունը, որը հիմնադրվել է 2007թ. և առաջարկում է ՏՏ ծառայություններ, «Նարեկ» բարեգործական հիմնադրամը՝ Հայր Անտոն Թոթոնջյանի գլխավորությամբ: Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանն արդեն ավելի քան 11 տարի կրթական, բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանի հայ կաթողիկե համայնքներում այդ թվում ՝ Փանիկ, Ձիթհանքով, Արևիկ, Լանջիկ և Ազատան:




Լրահոս