Տեռորիզմը քաղաքական, կրոնական կամ նմանօրինակ նպատակներից դրդված՝ քաղաքացիական բնակչության շարքերում բռնության կիրառումն է: Այն կարող է լինել ոչ-պետական և պետական: Երբ զինյալ անհատներ կամ խմբավորումներ, թեկուզև քաղաքական արդարացի նպատակներից ելնելով, բիրտ ուժ են կիրառում անզեն և խաղաղ քաղաքացիների նկատմամբ, նրանց արարքը տեռորիստական է:
Երբ պետությունը, քաղաքական նպատակներով, զինված ուժեր է ի գործ դնում իր կամ այլ պետության անզեն և խաղաղ քաղաքացիների նկատմամբ, այդ արարքը պետական տեռորիզմի դրսևորում է: Տեռորիզմ թարգմանաբար նշանակում է ահաբեկչություն:
Այսպիսով՝ ի՞նչ էր, ի վերջո, նոյեմբերի 25-ին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում տեղի ունեցածը, ինչի՞ց «փրկեց» Ազգային անվտանգության ծառայությունը ողջ հայությանը, ինչո՞ւ հանրությանը չհամոզեց պաշտոնական գնահատականների հավաստիությունը և, վերջապես, ինչո՞ւ երեկվա «գործողությունները» տեռորոիստների վնասազերծում անվանումը ստացավ:
Նախ հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ իրացնելով օպերատիվ տվյալներ այն մասին, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։
Վերոհիշյալ հանցավոր նպատակների իրագործման համար՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռք է բերվել զենք և ռազմամթերք, որոնք պահել է Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոց, 78-րդ տուն հասցեով նախապես այդ նպատակով վարձակալած առանձնատանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը:
2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և ռազմամթերք, Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և ապօրինի ռազմամթերք պահելու հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են։
Եվ այսպես, արդյո՞ք մոտ տասը ժամ տևած «հատուկ օպերացիան», որն այդ պահին էր միայն հույժ գաղտնի և փակ համարվում, բազմաթիվ ծանր հանցագործությունների ծրագրեր տապալեց: Հայտնաբերված զենք-զինամթերքի քանակը առաջին հայացքից թույլ է տալիս կարծել, որ հանցավոր խմբավորում է վնասազերծվել, սակայն հանրության մի հոծ զանգված վստահ է՝ դեկտեմբերի 1-6-ը կայանալիք անհնազդանցության երթերից մարդկանց շեղելու ավելի լավ միջոց չէր կարող մտածվել սահմանադրական փոփոխությունների ջատագովների կողմից:
Որոշ գնահատականների համաձայն էլ՝ սա շոու էր, որը կարելի է վսահաբար տապալված համարել. հանրությանը չհամոզեցին:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանի խորին համոզմամբ՝ ԱԱԾ-ի գործողությունը փաստում է, որ ինքը ընտրովի է գործում. «Որովհետև, ինչպես հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ ակնհայտ դարձավ, ահաբեկիչները ամեն տեղ խոսել են իրենց նպատակների՝ Վազգենին խփելու մասին ԱԱԾ-ի քթի տակ ու ոչ մեկը չի ասել, ա՛յ լակոտ, էդ ի՞նչ ես ասում: Երբ այս հարցը ժամանակին տվեցի մի բարձրաստիճան հանրապետականի, ասեց, որ շատերն էին ասում, ո՞ր մեկին բռնեին: Պարզվեց, որ թիրախը միայն Վազգենը չէր, այլ՝ մեր պետականությունը: Ստացվում է, որ եթե ահաբեկչի նպատակը ձեռնտու է ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն լուռ հետևում է, թե ինչպես է զենք զինամթերքը գնում ԱԺ ու 8 վայրկյանում գլխատում պետությունը, եթե համակարծիք չէ՝ խումբը վնասազերծվում է»:
Այստեղ ավելորդ չենք համարում հիշեցնել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետևյալ խոսքերը. «Անկեղծ ասած` ձերբակալումից երկու ժամ առաջ մենք տեղեկատվություն ունեինք, որ Պերմյակովը հայ-թուրքական սահմանին է…»:
Ինչպես հասկացանք՝ խոսքը Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին գտնելու մասին է: Մեր իրավապահները, փաստորեն, իմացել են հանցագործի գտնվելու վայրի մասին, սակայն թույլ են տվել, որպեսզի ոճրագործ զինծառայողին իր «տերերը» բռնեն՝ ասելով, թե. «Ինձ համար կարեւոր չէ, թե ով է բռնել հանցագործին, մնացածն իմ տիրույթում չէ»:
Ռուս սահմանապահները բռնեցին Պերմյակովին՝ հարուցելով հայ հասարակության զայրույթն ու վրդովմունքը: Սա դեռ չմարսած՝ ԱԱԾ-ի թեթև ձեռքով հայ ժողովրդի բազմադարյա թշնամուն հանձնվեց և մեր ողջ պետականությունը, ի ուրախություն հակառակորդի, խայտառակ արեց ինչ-որ անհայտ միավորման ղեկավար տխրահռչակ Վահան Մարտիրոսյանը:
Հարցին՝ ինչպե՞ս Վահան Մարտիրոսյանը կնոջ և մանկահասակ որդու հետ կարողացավ սահմանն անցնել, մանավանդ այն դեպքում, երբ նրա նկատմամբ մեղադրանք կար առաջադրված, ԱԱԾ ալեհեր պետ Գորիկ Հակոբյանը պատասխանել էր, թե մեքենա նստեց գնաց, ապա լրագրողներին հորդորել էր «սատանի մայլում քյանդրբազություն չանել»:
Ի դեպ, «Արմենպրես»-ի հետ զրույցում Գորիկ Հակոբյանը հորդորել է «մասնագետներին» տարօրինակ մեկնաբանությունների փոխարեն շնորհակալություն հայտնել հատուկ գործողություններ իրականացրած աշխատակիցներին. « Գալու է ժամանակը, և նրանք ապաշխարելու են, գոնե հոգու խորքում ամաչելու են՝ իրականացված գործողություններն պիտակավորելու և հանրությանը ապակողմնորոշելու համար»: Երեկ էլ Սերժ Սարգսյանը արտահերթ հանդիպում է ունեցել Գորիկ Հակոբյանի և Վլադիմիր Գասպարյանի հետ:
Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք բացը լրացնելու և սև էջերը մաքրելու համար ճի՞շտ տարբերակ էր «տեռորիստական խմբի» վնասազերծման ներկայացում ցուցադրելը: Ի դեպ, Ավետիսյանների տունը, որտեղ տեղի ունեցավ ողբերգական սպանությունը, մոտ մեկ տարի է՝ կապարանակնքված է. մուտքը խստիվ արգելվում է: Իսկ Մարաշի՝ «թաքստոց» ծառայած առանձնատունը այլևս բաց է մարտաֆիլմերի և սելֆիի սիրահարների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ ընդդիմադիրներին «վնասազերծելու» խնդիր կա իշխանության առաջ դրված: Ապրիլի 24-ին` հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Ժիրայր Սէֆիլյանի և ընկերների ձերբակալության պատմությունն է հիշեցվում:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ահաբեկչություն կարող է լինել միայն 2 դեպքում: «Կամ ինչ-որ հատուկ ծառայություն Հայաստանում անհասկանալի տրամաբանությամբ ինչ-որ բան է անում` կլինեն թուրքեր, ադրբեջանցիներ, ռուսներ, որպեսզի ցույց տան, որ Հայաստանը պետք է միանա համապատասխան հակաահաբեկչական գործողությունների, բայց այս տարբերակը քիչ հավանական եմ համարում: Երկրորդ տարբերակն այն է, ինչ Հայաստանը միշտ անում է` զենքը դնում են գլխներին, բռնում են: Ես մի քիչ մութ բան տեսա այս ամենի մեջ, որովհետև նման բաները լինում են հենց այն պահին, երբ աշխարհում խառը վիճակ է»:
Փաստն այն է, որ հանրությունը չհամոզվեց. ո՛չ խուճապի մատնվեց, ո՛չ էլ, առավել ևս, հիացմունքի պահեր ապրեց՝ տեսնելով «վնասազերծումը»: Ժամանակից և իրադարձություններից առաջ չընկնելով՝ մնում է սպասել նոր բացահայտումներին և իրական հանգամանքների՝ ջրի երես դուրս գալուն:
Հ.Գ. Կարծում ենք Ուսամա Բեն Լադենի համար շատ վիրավորական կլինի այն հանգամանքը, որ ԱԱԾ-ի երեկվա տեսանյութերում հայտնված կանայք և տղամարդիկ տեռորիստի անուն ստացան: Առավել վիրավորական կլինի, երբ շատ պատահաբար իրական տեռորիստների ականջին հասնի, որ մարդկանց տեռորսիտ են անվանում ֆեյսբուքյան լուսանկարները դիտելիս: Ի դեպ, «իրեն հարգող տեռորիստի» համար սկզբունք է՝ մեռնել, բայց երբեք չբռնվել:
Աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչները
«Հայաստանի տարածքում մի շարք ծանր հանցագործություններ անելու նպատակներ հետապնդող հանցագործ համագործակցության վնասազերծված անդամները»
Տաթև Հարությունյան