Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը տեսագրություն է հրապարակել, որում ռուսական Սու-24 ինքնաթիռին նախազգուշացումներ են արվում երկրի օդային տարածքը խախտելու հետ կապված: Այս մասին նախօրեին հայտնել է թուրքական Anadolu գործակալությունը:
Տեսագրության մեջ անգլերենով թուրք զինծառայողը դիմում է «անհայտ ինքնաթիռին»: «Սա թուրքական ԶՈւ-ն է: Դուք մոտենում եք թուրքական օդային տարածքին, անհապաղ փոխեք ուղղությունը դեպի հարավ»,-ասում է զինծառայողը:
Գործակալությունը նշում է, որ նախազգուշացվել է 10 անգամ:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն իմացել, որ Սու-24-ը ռուսական է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան