ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՐԵՎԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չնայած ՀՀԿ-ականները պնդում են, թե Տարոն Մարգարյանը “վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետն է”, սակայն նախընտրական Երեւանում արված լուսանկարները ամենեւին էլ այդ մասին չեն փաստում: Օլիգարխների էլիտար կիսակառույցներն ու   տարիներով ավերված սեփական տներից մնացած շինարարական աղբակույտերը, ինչպես եղել, այնպես էլ շարունակում են “զարդարել” Երեւանը:  
Ակնհայտ է, որ դրանք մաքրվել են միայն այն հատվածներում, որտեղ էլիտար շենքերն են կառուցվել, իսկ շրջակայքն ընդամենը համալրվել է էլիտարների “թարմ” աղբակույտերով: Նույնիսկ նախընտրական շրջանում, օրինակ, Արամի եւ Բուզանդի փողոցների շինարարական աղբը տեղափոխելու խնդիրը որեւէ մեկին չի անհանգստացնում: Մինչդեռ ընդամենը հարեւանությամբ, բայց երեւացող մասում՝ Աբովյան փողոցում, հսկայածավալ սալիկապատման աշխատանքներ են սկսվել: Երեւանի հիմնական փողոցների երթեւեկությունն արդեն քանի օր գրեթե կաթվածահար է, բայց, ըստ երեւույթին, շինաշխատանքները կձգձգվեն ողջ քարոզարշավի ընթացքում` ցույց տալու համար, թե գործող քաղաքապետը ոչինչ չի խնայում ավելի լավ Երեւան ունենալու համար:
Հ.Գ.  Եթե իրոք  Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի, ապա նա պետք է հասկանա, որ մեր Երեւանը չի  կարող ավելի լավը լինել, քանի դեռ բնիկ երեւանցիներին դուրս են շպրտում իրենց սեփական տներից` տեղում էլիտարներ կառուցելու համար, իսկ քաղաքի բնակիչներին էլ դատապարտում են տարիներ շարունակ այդ ապօրինի շինարարության  հետեւանքով առաջացած աղբն ու փոշին կուլ տալուն:
 ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս