Համագործակցության հուշագիր` հայ-իրանական մշակութային նոր համագործակցության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻԿՕՄ Իրանի, ԻԿՕՄ Հայաստանի և ԻԿՕՄՕՍ/Հայաստանի միջև ստորագրվել է համագործակացության հուշագիր, որի դրույթները վերաբերում են երկու երկրներում մշակութային ժառանգության պահպանություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համատեղ գործունեությամբ կրթական, մշակութային նոր ծրագրերի, ցուցահանդեսների, սեմինարների, գիտաժողովների, հնագիտական համատեղ հետազոտությունների, գիտական հրատարակությունների և այլ աշխատանքների կազմակերպմանը:

Համագործակցությունն առավել հիմնավորվել և նշանավորվել է «Էրեբունի» թանգարանում նոր ցուցահանդեսի բացմամբ` «Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական և աքեմենյան մշակույթների հանգույցում» խորագրով: Թանգարանի ներքին բակում ներկայացված ցուցադրությունը շուրջ մեկ ամիս այցելուներին հնարավորություն է տվել ճանաչելու և արժևորելու ուրարտական և աքեմենյան մշակույթների զարգացման պատմությունը: Ցուցահանդրության առնչությամբ Իրանի ԻԿՕՄ-ի Գործադիր խորհրդի անդամ Ա. Ղոլինեժադը նշել է, որ լինելով սահմանակից երկրներ՝ Հայաստանն ու Իրանը սերտորեն կապված են հազարամյակների մշակույթով: Ըստ նրա՝ Իրանի և Հայաստանի հուշարձանների անխաթար պահպանության համար անհրաժեշտ է երկու երկրների միջև մշակութային համագործակցությանը նոր ընթացք հաղորդել: Իրանի ԻԿՕՄ-ի Գործադիր խորհրդի անդամը նաև նշել է. որ շուրջ 300 հայկական եկեղեցիներ կան Իրանում, որոնք պահպանվում են որպես Իրանի ժառանգություն:

Անցյալի սերտ կապը պարտավորեցնում է ներկայում էլ քայլեր ձեռնարկելու՝ երկու երկրների բարեկամությունն ամրապնդելու և գալիք սերնդին մեր հարուստ պատմամշակութային ժառանգությունն անխաթար փոխանցելու համար:
Մասնագետներն ու պատասխանատուները լիահույս են, որ նոր համագործակցությունը մեծապես կնպաստի Հայաստանում և Իրանում վերականգնողական աշխատանքներ իրականացնելիս մասնագետներ ընդգրկելու, պեղումներ և գիտական հետազոտություններ կատարելու, խրախուսելու այլ՝ հասարակական կազմակերպություններին, թանգարաններին, գիտահետազոտական ինստիտուտներին և անհատ մասնագետներին համատեղ գործունեություն ծավալելու գործում:




Լրահոս