Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններն ամենատարբեր քննադատությունների առիթ դարձան, եւ շատերի համար հասկանալի չէր, թե, ի վերջո, ինչ է պատրաստվում անել նա, եւ ինչու նրա ու ժողովրդի միջեւ շատ անհասկանալի հարցեր մնացին: Ինչո՞ւ է Ազատության հրապարակում ապրիլի 9-ին ժողովրդին բարի գիշեր ասած “Ժառանգության” առաջնորդը հերթական հանրահավաքը հրավիրել այսօր: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը քաղաքական շատ շրջանակներ մինչ օրս չունեն:
ՀԱՐՑ. Ի՞նչ ակնկալիքներ ունեք Րաֆֆի Հովհաննիսյանից, եւ ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է տեղի ունենա այսօրվա հանրահավաքին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ մի ակնկալիք չունեմ Ր. Հովհաննիսյանից ու չեմ խրախուսում, որ ժողովրդին այդպես հավաքում են, առանց այն էլ ներքաղաքական բարդ իրավիճակում նման բաներ կազմակերպում: Իրենց գործն է, իրենք են որոշողը: Ինձ համար այս տարբերակով պայքարելն անընդունելի է: Մի խոսքով, չեմ ցանկանում մեկնաբանել եւ ակնկալիք էլ չունեմ: Հանրահավաքի չեմ գնացել ու չեմ գնա:
ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ քաղաքագիտական գիտելիքները չեն բավարարում հասկանալու համար Ր. Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերը, գործողությունների տրամաբանությունը եւ կատարվող քայլերի հաջորդականությունը:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
“Նոր ժամանակներ” կուսակցության
նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Խնդիրն այն է, որ ճիշտ մարտավարություն եւ ռազմավարություն պետք է ունենալ: Յուրաքանչյուր առաջնորդի վրա լուրջ պատասխանատվություն կա դրված: Զարմացած եմ՝ ինքը հայտնում է, որ գնում է հանդիպելու Պուտինի հետ` նրանից հաղթանակը բերելու համար: Ինչպե՞ս կարող է մարդ լինել ՀՀ արտաքին գործերի նախարարը, իմանալ, թե ինչ է նշանակում արտաքին հարաբերությունները, բայց շարունակի նման հայտարարությամբ հանդես գալ: Ցավում եմ, զարմացած եմ եւ ապշած եմ. ի՞նչ է, Պուտինը թագը պետք է դնի նրա գլխի՞ն, ասի, որ հաղթանակե՞լ է: Ուրիշ ժամանակ ասում է՝ Ռուսաստանի տակ եք, լավ, բա այդ դեպքում դուք ո՞ւր եք գնում: Կարծում եմ՝ այս ամենը կմարի, սակայն ժողովրդի դժգոհությունը չի պակասի, քանի որ ժողովուրդն ունի իր պահանջատիրությունն այսօրվա իշխանություններից, եւ եթե այս իշխանությունները փոփոխություններ չանեն, այս ամենը կարող է առաջնորդի փոփոխությամբ մի նոր ալիք բարձրացնել: Ր. Հովհաննիսյանի հանրահավաքներին չեմ գնացել, քանի որ գաղափարական առումով չեմ կիսել տրամադրությունները եւ չեմ ընկալել այդտեղ այդ լրջությունը:
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
Դեմոկրատական կուսակցության նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ