«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը։ Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները Վանաձոր քաղաքում էին՝ ներկայացնելու սահմանադրական փոփոխությունները։ Առաջարկվող նախագծի հիմնական դրույթները ներկայացնելուց բացի՝ ԲՀԿ ներկայացուցիչները պատասխանեցին վանաձորցիների բազմաթիվ հարցերի, որոնց վերաբերյալ հանրության շրջանում որոշակի թյուրըմբռնում կա։ Նշվեց, որ առաջարկվող նախագիծը ընտրություն չէ ընդդիմության եւ իշխանության միջեւ, ինչպես նաեւ՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն իշխանության ընտրություն չէ, ինչպես փորձ են անում ներկայացնել որոշ քաղաքական ուժեր։
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ այսօր առաջարկվող նախագծի բազմաթիվ հիմնարար դրույթներ դեռ 2007 թվականից ամրագրված են ԲՀԿ ծրագրում, եւ երկրում անցնցում իշխանության փոփոխության իրավական ճանապարհը առաջարկվող փոփոխությունները պաշտպանելն է։
Վանաձորցիների հետ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկեցին նաեւ երկրի սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր։
ԲՀԿ մամուլի ծառայություն