Իհարկե, ՀՀ որեւէ քաղաքացի ապահովագրված չէ սնանկությունից: Սակայն խայտառակություն է, երբ ԱԺ պատգամավորներն են սնանկ ճանաչվում, այն էլ իշխանությունների սիրելի պատգամավորները: Հերթական սնանկացած պատգամավորը ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանն է: Նախկինում «ժողովուրդ»-ը տեղեկացրել էր ՀՀԿ խմբակցության անդամներ Աշոտ Աղաբաբյանին եւ Սպարտակ Մելիքյանին սնանկ ճանաչելու մասին: Եւ այստեղ բնական հարց է ծագում, թե պատգամավորները, որոնք ավելի քան 500 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ինչո՞ւ են սնանկանում:
Խնդրի էությունը պարզ է, սակայն պատգամավորների դեպքում ոչ այդքան պատվաբեր: Պարզվում է` ՀՀ ԱԺ պատգամավորներն էլ բոլորի պես պարտքեր են վերցնում, բայց չեն վերադարձնում, որից հետո պարտատերերը դիմում են դատարան` իրենց գումարները ետ վերադարձնելու պահանջով: Ու քանի որ պատգամավորները չեն ցանկանում հենց այնպես իրենց պարտքերը վերադարձնել, երկար-բարակ դատական քաշքշուկ է սկսվում: Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ մեկ միլիոն դրամ եւ ավել չվճարված պարտք ունենալու դեպքում ֆիզիկական անձը կարող է սնանկ ճանաչվել: Ստացվում է, որ ԱԺ 3 պատգամավորները անպարտաճանաչ պարտապաններ են, դրա համար էլ սնանկ են ճանաչվել: Համաձայնեք, որ պատգամավորի դեպքում նման բնութագիրն ուղղակի խայտառակություն է:
Ինչպես հայտնի է՝ եկող տարվա բյուջեի նախագծով գիտնականներին հատկացվող միջոցները կրճատվել են: Մասնավորապես, կես դրույքով աշխատող գիտնականներն իրենց գիտական աստիճանի հավելավճարները 2016-ին այլեւս չեն ստանա: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից պարզել, թե ինչպես է նա վերաբերվում կառավարության՝ գիտնականների 25-ից 50 հազար դրամ հավելավճարները կրճատելու որոշմանը: «Դա կառավարության որոշումն է, պետք է պետական ծրագրում մասնակցեն, որ հավելավճար ստանան: Նախկինում լինում էր այսպես, հատկապես դա լինում էր բուհերում, ձեւակերպում էին, ծրագրում, իբր թե աշխատում են մի 10 հազար դրամով, որ մի 50 հազար դրամ ստանան»,- պատասխանեց Արա Աբրահամյանի համար խոսափող միացնող-անջատող Ռ. Մարտիրոսյանը: Այսինքն՝ ԳԱԱ նախագահն արդարացնում է կառավարության՝ գիտնականների հաշվին խնայողություն կատարելու մոտեցումը: Նրա նման կրավորական մոտեցումն ամենեւին էլ պատահական չէ: Շատ լավ հասկանում է, որ եթե դեմ արտահայտվի, ապա կարող է զրկվել իր պաշտոնից:
Վերջին մեկ ամսում ձվի գինը Հայաստանի խանութներում բարձրացել է միջինը 5-ից 10 դրամով: Հաշվի առնելով Հայաստանում առկա ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, այս թանկացումը չի կարող հատկապես անապահով խավի բնակիչների կենցաղի վրա չազդել: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության ավելի քան 37 տոկոսը, կամ նույն է թե՝ ավելի քան մեկ միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաների տնօրենները հավաստիացրել են, որ ձվի գների վերջին թանկացումները պայմանավորված են թռչնաբուծականների կողմից օգտագործվող նյութերի եւ ապրանքների համընդհանուր թանկացումներով: ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Գինը մի փոքր է բարձրացվել, որպեսզի ձվի եւ թռչնամսի արտադրողները գոնե վնասով չաշխատեն: Չէ որ էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքով ամեն բան թանկացել է»:
«Ժողովուրդ»-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ ՀՀ Արագածոտնի մարզի երկու եզդիաբնակ համայնքներում՝ Կանչում եւ Սորիկում, սահմանադրական փոփոխությունների քարոզչության այո-ի շտաբներ են բացվել: Նշված համայնքների գյուղապետերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհել էին, որ շտաբները բացելու համար իրենք տուն են վարձել եւ էլէներգիայի վարձն էլ իրենք պետք է վճարեն, քանի որ ՀՀԿ-ից այդ նպատակով գյուղապետերին ոչ ոք գումար չի տվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կանչի գյուղապետ Մրազ Բշարյանն ասաց, որ հրապարակումից հետո Կանչում եւ Սորիկում այո-ի շտաբները փակվել են, փոխարենը շտաբներ են բացվել հարեւան գյուղերում: Օրինակ՝ Կանչում այո-ի շտաբի փակվելուց անմիջապես հետո հարեւան Հակոյ գյուղում է շտաբ բացվել: Սորիկի գյուղապետ Վազիր Բաքոյանն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց գյուղում բացված շտաբում գյուղացիները հավաքվում էին ու քննարկում սահմանադրական փոփոխությունները, իսկ այժմ նրանք տանից գրեթե դուրս չեն գալիս:
ՈՒՇԱՑՈՒՄՈՎ
Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ում մասնակցել է փակ քննարկման` ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների եւ գլխավորապես ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված եւ արդեն իսկ Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված Ռ. Ուոլթերի հեղինակած հակահայկական զեկույցի կապակցությամբ: «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» խայտառակ անվանմամբ եւ էլ ավելի խայտառակ բովանդակությամբ այդ զեկույցի պատրաստման հարցը, ինչպես հայտնի է, դեռեւս անցած տարվա ապրիլից դարձավ համապատասխան հանձնաժողովի քննարկման առարկա: Համենայնդեպս, արդեն այդ ժամանակ հայկական մամուլում մեր պատվիրակության որոշ անդամներ բարձրաձայնեցին իրենց մտահոգությունների մասին: Հաջորդող ողջ ժամանակահատվածում ո՛չ հայկական, ո՛չ էլ ղարաբաղյան դիվանագիտական խողովակներով գործուն ջանքեր չգործադրվեցին այս վերահաս վտանգը կանխելու ուղղությամբ:
Ավելին` ժամանակ առ ժամանակ մամուլում բարձրաձայնվող մտահոգություններին ի պատասխան` համապատասխան պաշտոնյաները հայտարարում էին, թե այդ զեկույցը նախ` չի ընդունվի, ապա` եթե անգամ ընդունվի էլ, որեւէ իրավական հետեւանք չի կարող ունենալ: Զեկույցի ընդունումից օրեր առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը պնդում էր, որ այդ զեկույցը մնալու է ԵԽԽՎ արխիվներում եւ կորելու է փոշու մեջ, իսկ դրա մասին, բացի ադրբեջանցիներից, ուրիշ որեւէ մեկը չի հիշելու: Սակայն արդեն զեկույցի ընդունումից հետո տեսանք, որ հայկական դիվանագիտական կորպուսը «խառնվեց իրար», եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի, ապա` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները հենց այնպես չարվեցին: Այստեղ, ինչպես միշտ, ուշացումով հասկացան, որ ԵԽԽՎ կողմից զեկույցի ընդունումը կարող է շատ վտանգավոր քաղաքական հետեւանքներ ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար:
Զեկույցով, հիշեցնենք, ի թիվս այլ խայտառակ պնդումների, նաեւ կոչ է արվում ՀՀ-ին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից եւ հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»: Եւ հիմա ՀՀ-ի ԱԳՆ-ն եւ մեր խորհրդարանական պատվիրակությունը փորձում են հասկանալ, թե որոնք պետք է լինեն իրենց հակաքայլերը, արդյոք կա շանս կանխելու զեկույցի ընդունումը եւ եթե ոչ, ինչ պետք է անել այդ դեպքում: Արդեն իսկ խոսվում է վատագույն տարբերակում ԵԽԽՎ աշխատանքները բոյկոտելու մասին: Իհարկե, լավ է, որ թեկուզ ուշացումով, բայց մեր ԱԳՆ-ում որոշել են տեղից շարժվել եւ ինչ-որ քայլեր անել, սակայն կասկածից դուրս է, որ առանց արդեն իսկ առկա ձախողման պատասխանատուներին գործընթացից հեռացնելու եւ միանգամայն նոր ուժերի ներգրավման հաջողության որեւէ շանս չի կարող լինել: