ՊԱՐՏՔՈՎ ԱՊՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ ՀՀ կառավարությունը հետեւողականորեն ավելացնում է Հայաստանի պետական պարտքը, ինչի արդյունքում տարեցտարի ավելանում են նաեւ դրանց սպասարկման վրա ծախսվող միջոցները:

Այսպես՝ ընթացիկ` 2015 թվականին Հայաստանի պետբյուջեից պետական պարտքի սպասարկման համար հատկացվել է 76 միլիարդ 322 միլիոն դրամ կամ ավելի քան 158 միլիոն դոլար: Եկող` 2016 թվականի պետական բյուջեի նախագծով պետական պարտքի սպասարկման համար նախատեսվում է ծախսել մոտ 100 միլիարդ դրամ: Սակայն այս ցուցանիշը նախնական է, քանի որ ամեն ամիս պետական պարտքի թիվը շարունակում է աճել, ուստի առավել հավանական է, որ եկող տարի պետական պարտքի սպասարկման համար ծրագրվածից ավելի շատ գումար կծախսվի: 2015-ի դեպքում հենց այդպես էլ տեղի ունեցավ. ի սկզբանե պետական պարտքի սպասարկման համար նախատեսվել էր 73 միլիարդ դրամ, սակայն հետագայում այդ թիվն աճել էր: Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ պետական պարտքի համար նախատեսված միջոցներից ավելի քան 70 միլիարդն արդեն իսկ ծախսվել է:
Ինչպես հայտնի է՝ մինչեւ այս տարվա վերջ Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը կգերազանցի 5 միլիարդ դոլարը: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ կազմել է 4 միլիարդ 827 միլիոն դոլար: Սակայն այս գումարի մեջ ներառված չեն հոկտեմբերի վերջին եւ նոյեմբերի սկզբին ՀՀ կառավարության կողմից հաստատված վարկային ծրագրերով ներգրավելիք պարտքերը, որոնց ընդհանուր թիվը կազմում է շուրջ 600 մլն դոլար:
Ակնհայտ է, որ եթե եկող տարի պետական բյուջեի եկամուտների մոտ տասը տոկոսն է նախատեսվում ծախսել պետական պարտքի սպասարկման վրա, ապա երկու-երեք տարի հետո այդ գումարները կարող են կրկնապատկվել: Իսկ արդեն 2020-ի կողմերը Հայաստանի պետբյուջեն պարտադրված կարող է լինել շուրջ մեկ միլիարդ դոլար հատկացնել պետական պարտքի մայր գումարների մարումների եւ տոկոսավճարների համար:
Սակայն վերը բերվածն այդքան սարսափելի չէր լինի, եթե չնչին հույս լիներ, որ պետական պարտքի ծավալներն ավելացնելը կարող է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Երեկ, այսօր կամ վաղը ներգրավող պետական պարտքերով իշխանություններն ընդամենը հետաձգում են Հայաստանի տնտեսության վերջնական փլուզումը: Հայաստանի տնտեսության հետագա զարգացումը հնարավոր է միայն բոլոր տեսակի մենաշնորհների վերցման դեպքում: Այսինքն՝ ներկա եւ ապագա գործարարները պետք է համոզված լինեն, որ իրենք Հայաստանում կարող են ցանկացած գործը հիմնել եւ դրանով զբաղվել, ու հանուն մեկ այլ գործարարի իրենց գործունեությունը չի կարող արգելվել կամ խոչընդոտվել: Քանի դեռ գործարարների շրջանում նման համոզվածություն չկա, ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի ներդրողները կխուսափեն Հայաստանում բիզնես հիմնել: Ի դեպ, ՀՀ իշխանությունների ղեկավար կազմի բոլոր տեսակի հավաստիացումները, թե իբր Հայաստանի տնտեսությունը ներդրումների համար բաց եւ ազատ է, չի կարող հավատ ներշնչել մի պարզ պատճառով. տնտեսության ազատության մասին խոսում են հենց նույն այն մարդիկ, որոնք այն մենաշնորհել են: Նույն է թե՝ գրպանահատը մարդկանց հրավիրի ավտոբուսով միասին «ապահով» երթեւեկելու, եւ մարդիկ՝ իմանալով, որ նա հանցագործ է, հետեւեն նրա կոչին ու գնան, նստեն այդ տրանսպորտը:
Մի խոսքով, վաղուց արդեն ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ է լինում, եւ ստեղծված իրավիճակի պատասխանատուները չեն կարող իրենք իրենց դեմ պայքարել: Ուստի Հայաստանի տնտեսությունը կկարողանա ազատ շնչել միայն իշխանափոխությունից հետո: Իսկ մինչ այդ պետական պարտքի ամեն ամիս ավելացումները մեր «մահամերձ» տնտեսությանը ոչնչով չեն կարող օգնել: Այդ գումարները լավագույն դեպքում կնպաստեն, որ «հիվանդի» կյանքն արհեստական երկարաձգվի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՀՀԿ-Ն ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը վերջերս Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող «Արտաշատ սիթի» սուպերմարկետի աշխատակիցների հետ ժողով է անցկացրել: Սուպերմարկետի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ պատգամավորը իրենց հանձնարարել է դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին այո քվեարկել: Հիշեցնենք, որ պաշտոնապես «Արտաշատ սիթի»-ի հիմնադիրը Արտաշատի փողքաղաքապետ Կարինե Պողոսյանի եղբայր Գագիկ Պողոսյանն է:
Ինչո՞ւ եք Ձեր աշխատակիցներին ճնշում, «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի պատասխանը երեկ ԱԺ-ում Կարինե Պողոսյանից ճշտել, բայց ապարդյուն, քանի որ պատգամավորը նիստերի դահլիճից դուրս եկավ հեռախոսն ականջին եւ հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել՝ ասելով, թե «դեպք է պատահել»:

 

ՆԵՐԴՐՈՒՄ ԵՏԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ
2016 թվականի պետական բյուջեի նախագծից տեղեկանում ենք, որ Հայաստանի պետական կառույցների աշխատակիցների թիվը եկող տարի կկազմի 18 հազար 218 մարդ: Այս թվի մեջ ներառված են բոլոր գերատեսչությունների՝ մարզպետարանների, նախարարությունների, առընթեր մարմինների եւ մնացած հիմնարկների աշխատակազմերը՝ բացառությամբ ուժային կառույցների՝ ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԱԱԾ-ի: Ի դեպ, 2014 թվականին պետական գերատեսչությունների աշխատավարձի ֆոնդը կազմել է 71 մլրդ 745 մլն դրամ, 2015-ին՝ 91 մլրդ 50 մլն դրամ, իսկ 2016-ին նախատեսվում է հատկացնել 91 մլրդ 711 մլն դրամ: Պետական ծառայողների աշխատավարձերը տարեցտարի ավելանում են, բայց նրանց գործունեության, կամ նույն է թե՝ անգործության շնորհիվ Հայաստանը բոլոր բնագավառներում միայն ետընթաց է ապրում:

 

ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ԴԱՏԱԽԱԶԸ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանի դրամական միջոցներն, ըստ նրա կողմից ներկայացված հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 28 մլն դրամ, իսկ նրա ամսական աշխատավարձը՝ 812 հազար դրամ: Դատախազի տեղակալը նախորդ տարվա ընթացքում տրված փոխառության տոկոսավճարների տեսքով ստացել է 8 մլն 269 հազար դոլարի եկամուտ: Թե ինչպես է պետական պաշտոնյան հարստացել իր «չոր աշխատավարձով», թերեւս դժվար չէ կռահել:
Տեղեկացնենք, որ դատախազի տեղակալի եղբոր որդին ավագ դատախազ Վարազդատ Բադալյանն է: Իրեն՝ Հրաչ Բադալյանին, ընդունված է համարել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալը:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
«Եվրամիությունն ամբողջությամբ սատարում է Մինսկի խմբի եւ նրա համանախագահների գործունեությունը եւ դատապարտում բռնությունների կիրառումը: Եվրամիությունը պատրաստ է իր ներդրումը բերել վստահության ստեղծման գործին»,- երեկ ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

 

ՀԱՆՈՒՆ ԴԱՀԿ-Ի
Կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել «ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման եւ սպասարկման մասին» որոշման մեջ փոփոխությունների նախագծին: Այն ներկայացրել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագծով առաջարկվում է ԴԱՀԿ-ի ծառայողական մեքենաների թիվը փոխել՝ 34-ից դարձնելով 54: Համաձայն նախագծի՝ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթների քանակական հարաբերակցությունը նկատելիորեն ավելացել է, մինչդեռ ներկայումս ԴԱՀԿ-ի ոչ բոլոր բաժիններին է հատկացված ծառայողական մեքենաներ:

 

ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵՑԻՆ
ՀՀ կառավարությունը երեկ որոշում է ընդունել 2014-2015թթ-ին Շիրակի եւ Լոռու մարզերի 49 համայնքներում մի քանի անգամ տեղացած ուժգին կարկտահարություններից տուժած շուրջ 5380 գյուղացիական տնտեսությունների պարտքը դադարեցնելու մասին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացմամբ` ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2013-2014 թթ-ին հատկացված 2118 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի դիմաց վճարման ենթակա գումարը կազմում է 338 մլն 950 հազ. դրամ: Նա նշել է, որ պարտքը ներվում է` հաշվի առնելով հացահատիկի ցանքերի 90% վնասվածության պատճառով բերքի կորուստները:

 

ՄԻԱՅՆ ՀՀԿ-Ն
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի՝ երեկվա քննարկումների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ը չնշեց, թե ինչպես կքվեարկի, «Օրինաց երկիր»-ը, «Հայ ազգային կոնգրես»-ը եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»-ը հստակ դեմ կլինեն, իսկ «Ժառանգություն»-ից տեսակետ չհայտնեցին: Առայժմ հայտնի է, որ բյուջեին կողմ կլինի Հանրապետական խմբակցությունը: Բյուջեի քննարկումներն ընդմիջվեցին առնվազն 4 օրով: Կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին, ժամը 11-ին գումարվելու է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է 14 հարց:




Լրահոս