ՀԱՅՏՆԻ Է ԵՐԵՔ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՐ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի օգոստոսի 18-ին «Մոր եւ մանկան առողջության պահպանման» կենտրոնում, որը առավել հայտնի է Մարգարյանի հիվանդանոց անունով, կանացի խնդրով (արգանդի միոմա) լաբորոսկոպիկ վիրահատության ենթարկված եւ 14 օր հետո, գիտակցության չգալով, մահացած Կարինե Աղաբեկյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի են:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Վարդենիսի բնակիչ Կարինե Աղաբեկյանը օգոստոսի 19-ին ողջ-առողջ, իր ոտքով գնացել էր Մարգարյան հիվանդանոց՝ արգանդի միոման լաբորոսկոպիկ ճանապարհով հեռացնելու համար: Նույնիսկ վիրահատությունից մեկ օր առաջ վոլեյբոլ էր խաղացել եւ պլանավորել էր վիրահատությունից մեկ օր անց խնջույքի մասնակցել: Վերջինիս ամուսնու` Կամո Աղաբեկյանի խոսքով բժիշկ Գասպարյանը հայտնել էր, թե վիրահատությունը կտեւի 40 րոպե, սակայն այն տեւել էր 3 ժամ, որից հետո կնոջը եւս մեկ այլ վիրահատության էին ենթարկել, տարբեր օրգաններ վնասել եւ տեղափոխել «Էրեբունի» ԲԿ: ԲԿ-ում 14 օր անգիտակից մնալով՝ Կարինե Աղաբեկյանը մահացել էր: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բժշկական անփութություն, եւ նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքից անցել է 2 ամիս, եւ «Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց պարզել, թե արդյո՞ք հայտնի են դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքները: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին. «2015թ. հոկտեմբերի 26-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ մահվան պատճառ է հանդիսացել բազմաօրգանային անբավարարությունը: Կ. Աղաբեկյանին բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում հնարավոր բժշկական սխալ թույլ տալու հանգամանքը պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն, ներկայումս քննարկվում է նաեւ հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու հարցը»:
Մահացած կնոջ հարազատները բարձրաձայնում էին, որ Մարգարյան հիվանդանոցում կնոջ օրգանները վնասել են, ինչի պատճառով նա գիտակցությունը կորցրել է: Եւ հիմա նշանակված փորձաքննությամբ եւս պարզվել է, որ օրգանները վնասված են եղել, ուստի հիմա նախաքննություն իրականացնող մարմինն էլ պետք է պարզի, թե կնոջ օրգանների անբավարարությունն ինչ պատճառով է եղել՝ բժիշկների անփութության հետեւանքո՞վ, թե՞ ոչ: Հավանաբար դա կպարզվի ՀՀ քննչական կոմիտեում ձեւավորված հանձնաժողովային փորձաքննությունից հետո: Եւ այդտեղ հարց է մնում՝ արդյո՞ք հանձնաժողովային փորձաքննության անդամները կհամարձակվեն դուրս գալ Գեորգի Օկոեւի դեմ: Ամեն դեպքում, հաշվի առնելով նախորդ փորձերը՝ կարելի է ասել, որ այսօրինակ փորձաքննությունները միտում ունեն ձգձգել գործը, իսկ վերջում բժիշկներին «ջրից չոր հանել»:
Հիշեցնենք, որ Մարգարյան հիվանդանոցում հուլիսի 27-ին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով եւս անընդմեջ փորձաքննություններ են նշանակում, ու մինչ օրս հայտնի չէ, թե ով է պատասխանատու նրա մահվան համար:
Տարբեր ԲԿ-ներում մահվան դեպքերով մշտապես փորձաքննությունների նշանակմամբ գործը կոծկելու հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:
-Պարո՛ն Մուրադյան, «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքից անցել է 4 ամիս, եւ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մշտապես փորձաքննություններ են նշանակվում, որը դարձել է գործը կոծկելու լավ տարբերակ: Որպես նախարար՝ փորձե՞լ եք հետաքրքրվել, թե ինչ փորձաքննություններ են կատարվում:
-Որեւիցե բան չի ուշանում, ամեն բան իր ժամկետների մեջ է:
-4 ամիս շարունակ փորձաքննություններ են նշանակում, դա նորմա՞լ է:
-Դուք կարող եք հարցում ուղարկել, մենք ժամկետների մասով Ձեր բոլոր հարցերին կպատասխանենք, եւս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել, որ ամեն բան իր ժամկետների մեջ է:
-Այս ձգձգումները մահացածի հարազատներին էլ է մտահոգում, իսկ գոնե փորձե՞լ եք իրենց հետո խոսել, բացատրել, թե ինչ փորձաքննությունների մասին է խոսքը:
-Հարազատների հետ երկու անգամ հանդիպել եմ, Ձեր մտավախությունն էլ կցանկանայի փարատել, որ իրենք տեղյակ են գործընթացի մասին: Շատ անաչառ, արհեստավարժ եւ հետեւողական ենք լինելու այդ հարցում, եւ ժամկետները պահպանված են:
-Օրինակ՝ օգոստոսի 18-ին Մարգարյան հիվանդանոցում երեք երեխաների մոր՝ Կարիեն Աղաբեկյանի մահվան դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կինը մահացել է օրգանների անբավարարությունից: Հիմա էլ քննարկվում է հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու հարցը: Ինչքա՞ն պետք է շարունակվեն այդ փորձաքննությունները, որոնք, ի վերջո, ծառայում են միայն բժիշկների ջրից չոր դուրս գալուն:
-Ոչ թե արհեստական են դա անում, այլ այդպիսի ընթացակարգ կա, եթե այնտեղ խնդիրներ են լինում, եւ քննչական մարմինները պահանջում են հանձնաժողովային վերլուծություն, ստեղծվում է հանձնաժողովը, որը տալիս է իր փորձագիտական վերլուծությունը: Միշտ այդպես է եղել, նոր բան չի փոխվել, եւ ամենակարեւորը անաչառության եւ արհեստավարժության սկզբունքը պահպանվում է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԱՐՏԱՌՈՑ ԴԵՊՔ ԳՅՈՒՂՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում: Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ հայրն իր որդիներից մեկի հետ ծեծել է մյուս որդուն, ինչից հետո տղային տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները հրաժարվել են օգնություն ցուցաբերել՝ ասելով, թե այլեւս չեն կարող փրկել նրա կյանքը:
Ըստ գյուղում տարածված խոսակցությունների` ընտանիքի անդամները մահացած տղայի կնոջը շահագործել են, ու կինը դժգոհել է ամուսնուն, որ շատ է չարչարվում: Այս հանգամանքը դուր չի եկել երիտասարդին, որն էլ ընտանիքի անդամներին հանդիմանել է, թե ինչո՞ւ պետք է իր կինը չարչարվի, միայն նա այգում գործ անի, մյուսները նստեն: Այս խոսակցությունը դարձել է ընտանեկան վեճի եւ ծեծի առիթ:
Աղավնատուն համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը դեպքի առնչությամբ ասաց. «Մի երիտասարդ կա, մահացել է, բայց արյան ռակ էր ու մի տարուց ավելի էր, ինչ անկողնային պառկած էր, մեր համայնքի Գրիգորյան Գրիգորի տղան էր: Սխալ է Ձեր տեղեկությունը, Ձեզ վստահեցնում եմ: Անգամ խոսք եղավ, որ այդ տղային արտասահման տեղափոխեն բուժման համար, հայրը անասուն-բան վաճառեց, որ կարողանան տեղափոխեն, բայց այդպես էլ չհասցրեցին: Այնպես որ, նման բան չկա, այդ տղան երկու անչափահաս երեխա ուներ»:
Հուսանք, որ, իսկապես, երիտասարդի մահը գյուղապետի նկարագրած վարկածով է եղել, այլ ոչ թե արյունակցի սպանություն:

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ
Երեւանի Նորքի հոգեբուժական կենտրոնում սավանով կախված 26-ամյա երիտասարդը նախկինում մի քանի անգամ տանը ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց կենտրոնի տնօրեն Գագիկ Սայադյանը: Նշենք, որ նոյեմբերի 18-ին կենտրոնում 26-ամյա երիտասարդին գտել էին սավանով կախված: Ըստ տնօրենի՝ վերջինս միշտ գտնվել է բժիշկների ուշադրության կենտրոնում. «Երիտասարդը տառապում էր խորը շիզոֆրենիայով: Նախկինում մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել, վերջին անգամ մկրատով վնասել էր պարանոցը: Դեպքի օրը հանդարտ վիճակում է եղել, քնել է իր համար, սակայն չի արթնացել եւ ցանկացել է գնալ պետքարան, ինչից հետո եղել է այն, ինչ եղել է: Նույնիսկ ծնողներն էին ասում, որ մեզ մոտ տեղափոխվելուց հետո նա հանգիստ վիճակում է»:
Հավելենք, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Ք. Մ.

 

5 ԱՆՁԻ ՄԵՂՔՈՎ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ հեպատիտ C-ով վարակվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել են վարակի տարածման եղանակը, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 անձի մեղադրանք է առաջադրվել:

 
ՄԿՆԵՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին խորհրդակցություն է հրավիրել գյուղատնտեսությունում մկնանման կրծողների դեմ պայքարին վերաբերող հարցեր քննարկելու նպատակով: ԼՂ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը եւ շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրել են ընթացիկ իրավիճակը՝ այն համարելով մտահոգիչ: Նրանց խոսքով՝ բարենպաստ պայմանների պատճառով մկնանման կրծողները լայն տարածում են գտել հատկապես հացահատիկային դաշտերում, որոնք կարող են զգալիորեն վնասել հաջորդ տարվա բերքը:

 

900 ԿՐԱԿՈՑ
Նոյեմբերի 18-ին եւ լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

 

ԱՂՔԱՏԻԿ
«Աղքատությունը միանգամից ձեռք են բերում, հետո փորձում պայքարել դրա դեմ»,- երեկ ասել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ում աղքատությունը մինչեւ 2009թ. հասցվել էր 23%, հետո ունեցանք միանգամից 35%: Հակոբյանի խոսքով՝ աղքատության դեմ պայքարի առաջին պայմաններից մեկը կրթությունն է. «Պետք է ունենալ աղքատության դեմ պայքարելու քաղաքականություն եւ ունենալ հասցեական մոտեցում»:




Լրահոս