2015թ. Հայաստանի Հանրապետությունը բոլորեց իր անկախության 24-րդ տարին, որի ընթացքում արդեն երրորդ անգամ է, որ ներքաղաքական կյանքի առանցքում սահմանադրությունն ու դրա փոփոխությունն են: Ըստ էության, այս անգամ էլ տիրապետող են երկու ծայրահեղ մոտեցումները, երբ այո-ի կողմնակիցները երկրի խայտառակ վիճակը արդարացնում են սահմանադրական «անճշտություններով», իսկ ոչ-ի կողմնակիցները գովաբանում են գործող սահմանադրությունը: Այսուհանդերձ, 24 տարեկան պետությունը կարծես պետք է մտածեր թեկուզ անկատար Սահմանադրությամբ կայացնելու պետական ինստիտուտները, այլ ոչ թե դրանք պայմանավորեր լոկ թղթի վրա մնալու «չարամիտ» հատկություն ունեցող սահմանադրական դրույթների թերություններով: Աշխարհի առաջնակարգ պետությունների օրինակով ստորեւ փորձենք բացահայտել սահմանադրական գործընթացների հայաստանյան առանձնահատկությունը:
Այսպես՝ 1848թ. Չարլզ Ալբերտ արքայի կողմից ստեղծված սահմանադրությունը միտված էր իր իշխանության ներքո հավաքել իտալական մասնատված ու առանձին գործող պետությունները: Այս սահմանադրությունը կորցրեց իր նշանակությունը, երբ 1922թ. ֆաշիստները եկան իշխանության: Միայն 1947թ. սահմանադիր ժողովը ընդունեց Իտալիայի նոր սահմանադրությունը: 1983-1985, 1992-1994, 1997-1998 թթ. սահմանադրությունը փոփոխելու փորձեր արվեցին, սակայն անհրաժեշտ քաղաքական կոնսենսուս հնարավոր չեղավ ձեւավորել: Ցայսօր Իտալիայի Սահմանադրության առանձին հատվածներ փոփոխությունների են ենթարկվել ընդհանուր առմամբ 15 անգամ: Բայց եւ այնպես, կառավարման համակարգի ռադիկալ փոփոխություն տեղի չի ունեցել:
Գերմանիան, մինչեւ 1871թ. իր հիմնադրությունը, որպես միասնական պետություն լուրջ փորձ էր կուտակել` հանձինս 1849 եւ 1967թթ. սահմանադրությունների: 1918թ. հեղափոխությունը ծնեց «Վայմարյան» սահմանադրությունը, իսկ հիտլերյան դիկտատուրայից հետո միայն 1949թ. Գերմանիայում հաջողվեց ընդունել վերոնշյալ սահմանադրության հիմնական դրույթները պարունակող փաստաթուղթ: Մինչ 2003թ. Գերմանիայի սահմանադրությունը փոփոխվել է 50 անգամ, սակայն այստեղ եւս կառավարման համակարգը չի փոխվել, եւ պետությունը շարունակում է ցայսօր մնալ խորհրդարանական:
Ի դեպ, Մեծ Բրիտանիան, որը սահմանադրական միապետություն է, ընդհանրապես սահմանադրություն չունի: Այդուհանդերձ, Անգլիան ունի աշխարհում ամենահին իրավական բազան` սկսած 1215թ. ընդունված Ազատությունների մեծ Խարտիայից: 1689թ. այս երկրում ընդունվեց թագի` պառլամենտի օրենքներին ենթակա լինելու մասին ակտը, եւ ցայսօր Մեծ Բրիտանիայում իրական իշխանությունը պատկանում է խորհրդարանին: Այս ընթացքում Մեծ Բրիտանիան երբեւէ չի փոխել իր կառավարման համակարգը: Այս պետության սահմանադրական փորձառությունը լավագույն առհավատչյան է, որ երկրի հզորությունն ու քաղաքացու կյանքի բարելավումը իրականում կախված չէ սահմանադրությունից կամ կառավարման համակարգը շարունակաբար փոփոխելուց:
Անցնելով նախագահական կառավարմամբ հանրապետություններին` հարկ է նկատել, որ այստեղ էլ կառավարման համակարգի արմատական փոփոխություններ չեն նկատվում: Աշխարհի ամենահզոր տերության համբավը վայելող Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունն ընդունվել է 1787թ.: Հարկ է նկատել, որ ԱՄՆ-ում սահմանադրությունը փոփոխելը խիստ բարդ գործ է, ինչի համար անհրաժեշտ է դաշնային եւ նահանգային օրենսդիր մարմինների բացարձակ մեծամասնության աջակցությունը, արդյունքում մինչ օրս տեղի է ունեցել միայն 27 փոփոխություն: ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը, որը համոզված էր, որ նույն սահմանադրությամբ երկու տասնամյակից ավել չի կարելի ապրել, կարծում ենք, ԱՄՆ-ին համարում է շատ հետամնաց ու չզարգացած պետություն, քանզի ԱՄՆ-ն առաջնորդվում է նույն սահմանադրությամբ շուրջ 228 տարի, իսկ վերջին փոփոխությունն էլ կատարվել է 23 տարի առաջ` 1992թ.: Ի դեպ, այս փաստաթղթի կազմման վրա աշխատել են այնպիսի փայլուն մտավորականներ եւ պետական գործիչներ, ինչպես Թ. Ջեֆֆերսոնը, Ջ. Ադամսը, Ջ. Ուլսոնը, Բ. Ֆրանկլինը, Ա. Համիլտոնը եւ այլք: ԱՄՆ-ի Սահմանադրությունն, ի դեպ, զգալիորեն կրում էր Կիկերոնի, Պոլիբիուսի, Լոկի, Մոնտեսքյոյի եւ այլ անգերազանցելի մտավորականների գաղափարական ազդեցությունը: Եւ, ահա, այսքան պայծառ ուղեղների մեկտեղումը վճռեց հօգուտ նախագահական կառավարման համակարգի` խորհրդարանի ծանրակշիռ ներկայությամբ հանդերձ: Արդյոք ՀՀ իշխանության ջատագովները կարող են շարունակել ծաղրել նախագահական համակարգը եւ համոզել, թե իրենք ավելի խելացի են ու հեռատես, քան վերը նշված համաշխարհային հեղինակությունները:
Նախագահական կառավարմամբ մեկ այլ պետություն` Ֆրանսիան, գործող սահմանադրությունն ընդունել է 1958թ.: Ընդհանուր առմամբ` Ֆրանսիան ընդունել է նվազագույնը 15 սահմանադրություն, ինչը երկրում 18-րդ դարի վերջից սկսած քաղաքական անկայունության խոսուն վկայությունն է: Ի դեպ, այս ընթացքում Ֆրանսիան քանիցս փոփոխել է կառավարման համակարգը` փորձարկելով գրեթե բոլոր կերպերը` բացարձակ միապետություն, հանրապետություն (նախագահական եւ խորհրդարանական կառավարմամբ), դիկտատուրա, կոնսուլություն, կայսրություն եւ այլն: Նկատենք, որ նաեւ այս հանգամանքով է պայմանավորված, որ Ֆրանսիայի աշխարհաքաղաքական դերակատարությունը գնալով նվազել է: 1958թ. ի վեր Ֆրանսիայի սահմանադրությունը փոփոխվել է 18 անգամ` առանց նախագահական կառավարման համակարգի հիմնասյուներին դիպչելու: Վերջին անգամ այս երկրում սահմանադրական փոփոխություններ եղել են 2008թ.:
Ամփոփելով կարող ենք փաստել, որ աշխարհի առաջավոր պետությունները գերազանցապես նախընտրել են կայուն կառավարման համակարգը: Այստեղ սահմանադրական փոփոխություններ տեղի են ունենում բառի իսկական իմաստով, երբ վերանայվում է մի քանի հոդված կամ մեկ դրույթ միայն: Իսկ Հայաստանում այսօր ծայրից ծայր փոխում են Սահմանադրությունը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԿՐԿՆԱԿԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի բնակիչ, ուսուցչուհի Գրետա Թիրաբյանի ընտանիքին պատկանող ավելի քան մեկ տասնյակ խոշոր եղջերավոր անասունները 2008 թվականին գողացել էին: Այդ հանցագործությունը այդպես էլ չբացահայտվեց: Տիկին Գրետան այդ կապակցությամբ տարբեր ատյաններում բողոքում էր, որ ոստիկանները բավարար միջոցներ չեն ձեռնարկել՝ գողությունը բացահայտելու համար: Այդ կապակցությամբ Գ. Թիրաբյանը մի քանի անգամ ընդունելության է եղել նաեւ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ: Սակայն ինչպես ասում են` կարկուտը ծեծած տեղն է ծեծում, վերջերս Գրետա Թիրաբյանը դարձյալ գողության զոհ է դարձել. այս անգամ էլ գողացել են նրա ընտանիքին պատկանող 7 խոշոր եղջերավոր անասունները: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է խոշոր չափերով): Քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ գործով կա կասկածյալ, ով ներկայումս փախուստի մեջ է:
ՀԱՑԻ ԽՆԴԻՐ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ
Տավուշի մարզի սահմանը պաշտպանողների մեջ զգալի թիվ են կազմում պայմանագրային զինծառայողները: Հենց նրանց եւ ոչ թե 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներին է վստահվում Ադրբեջանի հետ սահմանի առավել վտանգավոր հատվածների պաշտպանությունը: Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների հետ պայմանագրային զինվորական ծառայության են անդամագրվել նաեւ Լոռու մարզի եւ հանրապետության այլ վայրերի բնակիչներ: Նրանց համար պայմանագրային զինծառայությունը թեեւ ոչ բարձր, սակայն ամսական կայուն աշխատավարձ ստանալու միջոց է: Շատերը պայմանագրային զինծառայող են դարձել ոչ թե հայրենասիրական մղումներով, այլ վարկերի տակ գտնվելու պատճառով: Զինվորականներից ստացված տվյալներով՝ պայմանագրային զինծառայողների մոտ 20 տոկոսի աշխատավարձի բանկային քարտերը գտնվում են ոչ թե իրենց, այլ իրենց կանանց մոտ: Վերջիններս դրանք վերցրել են, որպեսզի պայմանագրային զինծառայողներն իրենց աշխատավարձերն այլ նպատակներով չծախսեն: Պայմանագրային զինծառայողները ամսվա կեսն անցկացնում են սահմանի առաջին գծում, մշտապես վտանգում կյանքը, սակայն նրանց աշխատավարձը (150-170 հազար դրամ) ցածր է պետական միջին պաշտոնյայի աշխատավարձից: Նշենք, որ Ադրբեջանում պայմանագրային զինծառայողների աշխատավարձը համարժեք է 700-800 դոլարին: Սահմանապահ զինծառայողների ցածր աշխատավարձն է պատճառը, որ Տավուշի սահմանագոտու շատ բնակիչներ գերադասում են Ռուսաստան «խոպան» գնալ, քան ծառայել հայրենի գյուղում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍՆԱՆԿԱՑԵԼ Է
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը կրկին անգամ ընկել է անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ պատգամավորը դատարանի՝ հոկտեմբերի 9-ին կայացրած վճռով սնանկ է ճանաչվել:
Վճիռը կայացրել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Ի դեպ, նույն դատարանի հոկտեմբերի 19-ի որոշմամբ Արագած Ախոյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արսեն Չիտչյանը: Նշենք, որ պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել վերոնշյալ դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում: Իսկ Ախոյանի սնանկության մասին հայտարարությունը տրվել է նոյեմբերի 3-ին:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ախոյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ սնանկ ճանաչվածը նույն ինքը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն է:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ ֆիզիկական անձին, որը միաժամանակ հաստատուն բարձր աշխատավարձ է ստանում, ինչպե՞ս է հնարավոր սնանկ ճանաչել: Ի պատասխան՝ Չիտչյանն ասաց. «Եթե նրա պարտավորությունը 1 մլն դրամից ավել է, ապա կարող է սնանկ ճանաչվել: Երբ մարդու սնանկ ճանաչվելու վճիռ է կայացվում, ապա դա չի նշանակում, որ մարդը սնանկ է: Երբ հայտարարություն ենք տալիս, գոյություն ունի մեկամսյա ժամկետ, որպեսզի պարտատերեր գրանցեն: Լինում են նաեւ դեպքեր, երբ պարտատերեր չեն գրանցվում, եւ գործը փակվում է: Հետեւաբար տվյալ քաղաքացին չի սնանկանում: Իսկ Ախոյանի դեպքում թեեւ ավելի քան 10 օր է մնացել, բայց դեռ պարտատերեր չեն հայտնվել»: Բացի այս՝ սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը նշեց նաեւ, որ ֆիզիկական անձի սնանկ ճանաչվելու դեպքում էլ վերջինս, միեւնույն է, իր ունեցվածքով, գույքով պետք է վճարի պարտքերը:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը հայտնվում է դատական պատմությունների մեջ: «Ժողովուրդ»-ը բազմիցս տեղեկացրել է, որ պատգամավորը դատական գործընթացների մեջ է: Եւ, ընդհանրապես, արդեն երկար ժամանակ է, ինչ պատգամավորը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արագած Ախոյանից մեկնաբանություն ստանալու ուղղությամբ, անցան ապարդյուն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ