ArmLur.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Դատաբժշկական փորձաքննությունների հանրապետական գիտագործական կենտրոնում հանձնաժողովային նիստ տեղի կունենա՝ ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մասով:
Մեր տեղեկությունը հաստատեց նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ իրենց կողմից հարցեր են հնչեցվելու՝ մասնավորապես կապված «Շենգավիթ» Բ/Կ բժիշկների իրականացրած գործողությունների հետ. «Մենք փորձելու ենք հասկանալ, թե բժիշկներ Շուշանիկ Բախշյանը, Տիգրան Սարգսյանը և մանկաբարձության բաժանմունքի վարիչ Աշոտ Սիրունյանը բժշկական-մասնագիտական ինչ գործողություններ են իրականացրել պատշաճ ընթացակարգում Մերի Մարգարյանի և նրա դստեր՝ Մարիա Հարությունյանի կյանքի փրկության համար: Արդյոք նրանց գործողությունները կամ ոչ պատշաճ գործողությունները չե՞ն հանգեցրել երկուսի մահվան: Բարձրացվելու է նաև երեխայի հարցը: Երեխան ծնվել է, ունի ծննդյան օր, ծննդյան փաստը հաստատող փաստաթուղթ: Մենք գործ ունենք Մերի Մարգարյանի և Մարիա Հարությունյանի մահվան փաստերի հետ: Մեր հարցը վերաբերելու է այն բանին՝ արդյոք նրանց մահը բժիշկների ոչ բարեխիղճ վերաբերմունքի հետևանքը չէ»:
Այսպիսով՝ տուժող կողմը փաստում է, որ պետք է քննության առնվեն ոչ միայն ծննդկան Մերի Մարգարյանի մահվան հանգամանքները, այլև՝ նորածնի՝ Մարիա Հարությունյանի: Նշենք, որ ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը հայտնեց, որ սա Հանրապետությունում առաջին դեպքն է, երբ 17 փորձագետ է նշանակվում. 15-ը ճանաչվել է քննիչի կողմից, 2-ը՝ մասնագիտական կենտրոնի: Նրա՛նք պետք է որոշեն՝ ի վերջո, եղել է բժիշկների մեղավորությունը, թե` ոչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է, որով նախնական եզրակացությունը չի հերքվել: Այսինքն՝ համաձայն Մերի Մարգարյանի մահվան բժշկական վկայականի կտրոնի` անմիջականորեն մահվան ախտաբանական վիճակը եղել է բազմաօրգանային անբավարարությունը, իսկ ախտաբանական վիճակը, որը բերել է նշված պատճառի առաջացմանը, եղել է երկկողմանի թոքաբորբ, ծանր կոագուլապաթիա, հեպատո-սպլենոենգալիա ախտորոշումը:
Հիշեցնենք, որ հղիության 35-րդ շաբաթում գտնվող 26-ամյա ծննդկանը մահացել է հուլիսի 29-ին: Ըստ պաշտոնական հաորդագրության՝ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել ու չի կատարել իր պարտականությունները, ինչի հետևանքով Մերի Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև նրա նորածին դուստրը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում։
Մերի Մարգարյանը գործով ճանաչվել է որպես տուժող, իսկ նրա հայրը հայրը` Վաղինակ Մարգարյանը, տուժողի իրավահաջորդ: Հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում՝ տուժող Մերի Մարգարյանի հարազատները, ընկերուհին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժը, մանկաբարձ-գինեկոլոգը: Զննության են ենթարկվել տուժող Մերի Մարգարյանի և վերջինիս ընկերուհու կողմից օգտագործված բջջային հեռախոսները: