ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՎԵՐՈՎ ԷԼ ՎԻՃԱԿԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա տասը ամիսների արդյունքներով տնտեսության ակտիվության ցուցանիշը նախորդ ժամանակահատվածի` ինն ամիսների թվի համեմատ նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` երեկ հրապարակած տվյալներից: Ըստ այդմ, ստացվում է, որ նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի տնտեսական վիճակը գնալով վատանում է:

Այսպես՝ տասը ամիսների արդյունքով տնտեսական ակտիվության ցուցանիշը, կամ այլ կերպ ասած՝ տնտեսական աճը կազմել է 3,5 տոկոս, իսկ նախորդ ամիս այն եղել է 3,7 տոկոս: Ի դեպ, այս տարվա հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ ամսի` սեպտեմբերի համեմատ, ըստ պաշտոնական վիճակագիրների, նվազել է 13,5 տոկոսով:
Ինչեւէ, այս տարվա տասը ամիսների արդյունքներով Հայաստանում իրականացված առեւտրի ծավալները նվազել են 6,4 տոկոսով: Այս անկումը տոկոսային արտահայտությամբ կարող է թվալ, թե այդքան էլ նշանակալի չէ, սակայն, երբ այն գումարային արտահայտությամբ ենք դիտարկում, իրավիճակն առավել քան հասկանալի է դառնում: Փաստորեն, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա տասը ամիսներին Հայաստանի ներքին առեւտրաշրջանառությունը նվազել է շուրջ 125 միլիարդ դրամով: Կարող են ասել, որ միայն այս փաստի արդյունքում Հայաստանի պետական բյուջեն նախատեսվածի համեմատ պակաս է ստացել, կամ նույնն է թե՝ կորցրել է 40-50 միլիարդ դրամ:
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը` գումարային արտահայտությամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ պաշտոնական վիճակագիրների, աճել է 4,6 տոկոսով: Սակայն նույն ժամանակահատվածի գնաճը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 4,4 տոկոս: Այսինքն՝ ստացվում է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալներն իրականում չեն աճել, այլ ընդամենը թանկացել են:
Տասը ամիսների շինարարության ծավալները` գումարային արտահայտությամբ, անցած տարվա համեմատ մնացել են նույնը: Իսկ գյուղատնտեսության համախառը արտադրանքի ծավալները, անցած տարվա համեմատ, աճել են 11,6 տոկոսով: Այն հանգամանքը, որ այս տարի գյուղատնտեսական տարին բարեհաճ էր, եւ հայտնի իրողություն է, որ գյուղատնտեսական բոլոր արտադրանքների բերքն այս տարի, անցած տարվա համեմատ, առատ էր: Ավելին՝ Հայաստանի տնտեսությունը կարելի է ասել, որ հենց գյուղատնտեսության շնորհիվ է, որ դեռեւս գոյատեւում է: Աստված չաներ, եթե այս տարի բնությունը գյուղատնտեսության նկատմամբ բարեհաճ չգտնվեր, ինչպես անցած տարի, ապա ոչ ոք չի կարող ասել, թե ինչ արագությամբ Հայաստանի տնտեսությունը կքանդվեր: Նույնիսկ հավելյալ մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկերով հնարավոր չէր լինի գործընթացը կանգնեցնել:
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության տասը ամիսների արդյունքները եւս, անցած տարվա համեմատ, կտրուկ նվազել են: Արտահանման անկումը կազմել է 2,2 տոկոս: Ի դեպ, նախորդ ժամանակահատվածում, այսինքն՝ ինն ամիսների արդյունքներով, արտահանման ցուցանիշի անկում չէր արձանագրվել: Վերը նշված 2 տոկոս անկումը ենթադրում է, որ այս տարի, անցածի համեմատ, արտահանումից Հայաստան եկած գումարները պակասել են մոտ 28 մլն դոլարով: Իսկ ներմուծումը, անցած տարվա տասը ամիսների համեմատ, նվազել է 26,6 տոկոսով: Այսինքն՝ այս տարվա տասը ամիսներին, անցածի նույն ժամանակահատվածի համեմատ, 970 մլն դոլարով պակաս ապրանք է ներկրվել: Այս փաստը Հայաստանի տնտեսությունում առկա ճգնաժամի եւ սպառողի, այսինքն՝ բնակչության է՛լ ավելի աղքատանալու ուղղակի արտացոլումն է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները եւս սկսել են բաց տեքստով խոսել տնտեսությունում առաջիկայում սպասվող, մեղմ ասած, ոչ դրական զարգացումների մասին, ուստի ենթադրվում է, որ եկող ամիսներին ցուցանիշները կարող են էլ ավելի վատթարանալ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԹՈՂ ԴԻՄԻ, ՈՐ ՕԳՆԵՆ
Տեւական ժամանակ է, ինչ Գյումրու Անի թաղամասում տեղակայված կենդանաբանական այգու տնօրեն Ստյոպա Վարդանյանն ահազանգում է` այգու կենդանիները սովից եւ ցրտից կարող են սատկել: Նշենք, որ կենդանաբանական այգում են գտնվում առյուծ Մերին` ձագերի` Զիտա եւ Գիտայի հետ, նաեւ՝ Մաշա եւ Միշա արջուկները: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու վերջինս չի արձագանքում կենդանաբանական այգու տնօրենի ահազանգերին: «Դե, իրեն առաջարկել ենք տեղափոխման համար մեքենա, կռունկ: Եւ դեռ սպասում ենք պատասխանի: Պատրաստ ենք օգնել, որովհետեւ իսկապես ծանր է կենդանիների վիճակը: Իսկ կերի մասով էլ մենք պատրաստ ենք օգնել: Եթե դիմի, կօգնենք, որովհետեւ խայտառակ վիճակ է: Երբ ինքն ասի՝ օգնենք, մենք կօգնենք»,- ասաց Բալասանյանը: Գյումրիի քաղաքապետի խոսքերից ստացվում է՝ Ստյոպա Վարդանյանը կենդանիների կերի համար բոլորից օգնություն է հայցում, սակայն իր հայրենի քաղաքապետարանին մինչ օրս այդ հարցով չի դիմել:

 

ՀԻՆ ՕՐՈՒՄ ԿՈՒՂԱՐԿԵՆ
Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության քրեական գործով մեղադրական եզրակացությունը երեկ ներկայացվել է գործը վերահսկող դատախազի հաստատմանը: Ենթադրվում է, որ եկող շաբաթվա վերջին դատախազությունը գործը կուղարկի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Իսկ «դադարի» պատճառն այն է, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Լուսինե Սահակյանը բողոքարկել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից օրեր առաջ ներկայացված իրենց միջնորդությունը մերժելու որոշումը: Ենթադրվում է, որ այս բողոքի խնդիրը լուծելուց հետո նոր միայն գործը կուղարկեն դատարան: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ մեղադրվում է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:

 

ԿՈՆՅԱԿ ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը սեպտեմբերի 18-ին պայմանագիր է կնքել «Ագուլիս մեկ» ընկերության հետ: Ըստ որի՝ կառավարությունը նշված ընկերությունից գնել է 29 հատ կոնյակ, որոնց համար վճարել է մոտ 1 մլն 600 հազար դրամ: Կառավարությունը գնել է 2 հատ 0.7 լ կոնյակ «Նաիրի»՝ 20 տարվա հնեցման, իսկ մեկ միավորի արժեքը կազմում է մոտ 200 հազար դրամ, կոնյակ «Դվին կոլեկցիոն» (10 տարվա հնեցման) 0.7լ՝ 9 հատ միավորի արժեքը՝ 47 հազար 750 եւ կոնյակ «Կիլիկիա» (30 տարվա հնեցման)՝ 18 հատ՝ 41 հազար 500 դրամով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կոնյակների այս խմբաքանակը կառավարության աշխատակազմը գնել է սեպտեմբերի 21-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Չինաստան մեկնած պատվիրակության համար:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՇՐՋԱՅՑ ԼՂՀ-ՈՒՄ
Աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարների եւ բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել ՊԲ մի շարք զորամասերում: Շրջայցը մեկնարկել է ՊԲ զինծառայողների ներգրավմամբ «Մեխակավան» զորավարժարանում մարտական հրաձգությամբ անցկացված գնդային մարտավարական զորավարժության դիտմամբ:

 

ՀԱՏՈՒԿ ՁԵՌՆԱՐԿՈՎ
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է հատուկ ձեռնարկ` բրայլյան գրատեսակով: Հանձնաժողովը ձեռնարկը հասցեատերերին է հանձնելու «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության միջոցով:

 

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ
Ազատության հրապարակում երեկ անցկացվեց «Ոչ»-ի համատեղ շտաբի` «Հայ ազգային կոնգրեսի» եւ «Հայաստանի ժողովրդական կուսակցության» համատեղ ուժերով հրավիրված հանրահավաքը` ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: Լեւոն Զուրաբյանի ամփոփիչ ելույթից հետո սկսվեց «Ոչ»-ի երթը` Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Հյուսիսային պողոտա երթուղով: ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը դեկտեմբերի 3-ին է:

 

ՔԱՐՈԶԵԼ ԵՆ
«Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի ակտիվիստներն ու համակիրները երեկ քարոզչություն են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում: Նրանք թռուցիկներ են բաժանել անցորդներին՝ կոչ անելով դեկտեմբերի 6-ին ոչ ասել սահմանադրական փոփոխություններին: «Կոչ ենք անում բոլորին դեկտեմբերի մեկին այցելել հանրապետության հրապարակ, որտեղից սկիզբ կառնեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ եւ չեն ավարտվի, քանի դեռ չենք ձերբազատվել մեր երկրում հանցավոր իշխանություններից, նրանց կազմակերպած սահմանադրական փոփոխություններից»,- ակցիայի ընթացքում հայտարարել է Գեւորգ Սաֆարյանը:

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում երեկ մեկնարկել է նորարարական ծրագիր՝ «Իմ Հայաստան», որը միտված է խթանելու ազգային մշակույթի պահպանումը՝ երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ այս ծրագրի նպատակն է Հայաստանն աշխարհի քարտեզում մատնանշել որպես համաշխարհային կարգի տուրիստական վայր: Ռ. Միլսի խոսքով՝ այսօր Հայաստանում տուրիստական շուկան նեղ է, տնտեսական օգուտները կենտրոնացած են հիմնականում Երեւանում: Չորս տարի տեւողությամբ ծրագրի արժեքը հինգ միլիոն դոլար է:




Լրահոս