ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՔՆՎԱԾ ՆՊԱՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Սահմանադրություն ընդունելով` իշխանությունը չափազանց կարեւոր մի վերանայում է կատարում, որը վերաբերում է հետագա սահմանադրական փոփոխություններին: Դեկտեմբերի 6-ին ընդունվելիք նախագծով հնարավորություն է ստեղծվում սահմանադրական փոփոխություններ կատարել ԱԺ-ում առանց հանրաքվեի: Փաստացիորեն, խախտվում է սահմանադրական կայունության ապահովման ամենակարեւոր պայմաններից մեկը Հայաստանում: Ստորեւ փորձենք հասկանալ, թե ինչ է նախատեսում այս փոփոխությունը, եւ ինչ է հուշում միջազգային փորձը:

Գործող Սահմանադրության 111-րդ հոդվածը իմպերատիվ կերպով սահմանում է. «Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` հանրապետության նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ»: Ըստ էության, այսօր ՀՀ Սահմանադրության մեջ նվազագույն փոփոխությունն անգամ հնարավոր է բացառապես հարցը հանրաքվեի դնելու պարագայում: Ավելին` այս կարեւոր հատկանիշով է Սահմանադրությունը հանդիսանում պետության մայր օրենքը` տարբերվելով մնացած օրենսգրքերից: Գաղտնիք չէ, որ Հայաստանում օրենքները փոփոխվում են գերհաճախ, ինչպես ամեն ընտրությունից առաջ իշխանությունն իր կենսական շահերին է հարմարեցնում ընտրական օրենսգիրքը: Դրան զուգահեռ` Սահմանադրությունն անխախտ է ու անփոփոխելի, որն էլ իրավական հարթությունում երաշխավորում է պետության կայուն գործունեությունը: Դեռեւս 1995թ. Սահմանադրության ընդունման նախօրյակին քաղաքական բանավեճի առանցքային հարցերից մեկն էր փաստաթուղթն ընդունել հանրաքվեի՞, թե՞ Գերագույն խորհրդի պատգամավորների քվեարկությամբ: Այն ժամանակ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականին հիմնավոր բացատրություն էր տվել` հօգուտ հանրաքվեի միջոցով Սահմանադրության ընդունման տարբերակի. «Նկատի ունենալով քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխականությունը՝ դժվար չէ գուշակել, թե հետագայում ինչպիսի ցնցումների պատճառ կարող էր դառնալ նման ձեւով (առանց հանրաքվեի, հեղ.) ընդունված Սահմանադրությունը։ Յուրաքանչյուր նորընտիր խորհրդարանի առաջին գործը կլիներ Սահմանադրությունն անմիջապես հարմարեցնել քաղաքական ուժերի նոր հարաբերակցությանը, եւ այդպես շարունակ։ Մենք իրավունք չունենք, առաջնորդվելով առժամյա, թեկուզեւ հարմար նկատառումներով, վտանգել պետության ապագա կայունությունը։ Ստեղծված քաղաքական իրադրության պայմաններում պետության կայունության հուսալի երաշխիքը կարող է լինել միայն ժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված Սահմանադրությունը, պայմանով, որ նրա հետագա փոփոխությունները նույնպես կատարվեն միայն հանրաքվեի միջոցով»: Այս ձեւակերպումը նույնությամբ կարելի է վերագրել նաեւ այսօր տեղի ունեցող գարծընթացին, քանզի նոր Սահմանադրությամբ հաջորդ փոփոխությունները վերածվելու են սովորական օրենսդրական միջոցառման` ամփոփվելով ԱԺ-ի շրջանակներում: Սահմանադրական կարգի նկատմամբ ավելի մեծ ծաղրանք, քան Սահմանադրության հոդվածների փոփոխությունը ԱԺ մակարդակով կազմակերպելն է, չէր կարող լինել:
Հարկավ, առաջարկվող Սահմանադրությամբ նշված են մի քանի հոդվածներ, որոնք պիտի փոխվեն միայն հանրաքվեի միջոցով` սահմանադրական կարգի հիմունքների, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների, պետության քաղաքականության երաշխիքների ու նպատակների (1-3), դատարանների (7), մարդու իրավունքների պաշտպանի (10), սահմանադրության ընդունման (15) մասին գլուխներ, ինչպես նաեւ՝ ԱԺ-ի կարգավիճակի (88), համամասնական ընտրակարգի (89-3-ի 1-ին նախադասություն), ԱԺ-ի լիազորությունների ժամկետի (90-1), ԱԺ-ի կանոնակարգի (103-2), ԱԺ քննիչ հանձնաժողովների (108), վարչապետին անվստահություն հայտնելու (115), ռազմական եւ արտակարգ դրություններ հայտարարելու (119-120), նախագահի կարգավիճակի ու գործառույթների, լիազորությունների ժամկետի ու ընտրության կարգի (123-125), կառավարության կարգավիճակի (146), վարչապետի ընտրության (149), զինված ուժերի (155) եւ ԿԲ-ի` ազգային արժույթ թողարկելու (200-4) մասին հոդվածները: Իսկ, ահա, ԱԺ-ում Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու համար հարկավոր է պատգամավորների ձայների 2/3-ը:
Գերմանիայի Սահմանադրության մեջ, օրինակ, փոփոխություններ կարող են կատարվել Բունդեսթագի եւ Բունդեսրատի պատգամավորների միասնական որոշմամբ, եթե դրանց համաձայնություն է տվել առաջինի դեպքում` բացարձակ 2/3-րդը, երկրորդի դեպքում` պարզագույն 2/3-րդը: Իտալիայի Սահմանադրությունը փոփոխելու համար պառլամենտի երկու պալատներում պիտի տեղի ունենան 2 հաջորդական քվեարկություններ, ընդ որում` երկրորդ քվեարկության ժամանակ անհրաժեշտ է յուրաքանչյուր պալատի բացարձակ մեծամասնության համաձայնությունը: Իսկ, ահա, ԱՄՆ-ի Սահմանադրության մեջ փոփոխություներ անելու համար հարկավոր է, որ Կոնգրեսի երկու պալատները համաձայնություն տան ձայների 2/3-րդով, որին պիտի հաջորդի նահանգների 2/3-րդի համաձայնությունը, որոնց օրենսդիր մարմիններում փոփոխությունները պիտի արժանանան պատգամավորների 3/4-ի աջակցությանը: Հարկ է, սակայն, հաշվի առնել, որ վերոհիշյալ երկրներում խորհրդարանները երկպալատանի են, այսինքն` սահմանադրական փոփոխությունների հարցում կա հստակ հակակշռի մեխանիզմ, եւ բացի այդ` խորհրդարանի կազմն արտահայտում է հասարակության իրական տրամադրությունը, այլ ոչ թե մեզ նման, երբ ՀՀԿ-ն խփում է այնքան, ինչքան ուզում է:
Ակնհայտ է, որ միջազգային փորձը բավականին խրթին իրավիճակ է ստեղծում Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, մինչդեռ մեզ մոտ մի շարք հոդվածներ ուղղարկվում են հանրաքվեի, մնացածը հանձնվում ԱԺ-ի 2/3-ի դատին: Կասկած չկա, որ այս դեպքում ՀՀԿ-ական մեծամասնությունը կարող է Սերժ Սարգսյանին ցանկալի յուրաքանչյուր փոփոխություն անցկացնել առանց գլխացավանքի: Հետընտրական բողոքը վերացնելու համար հանում են նախագահական ընտրությունները, իսկ Սահմանադրությունն իրենց քիմքին հաճելիորեն ձեւելու համար` հանրաքվեի պարտադրանքը: Արդ, կարող ենք պնդել, որ նախաձեռնված փոփոխությունների հիմնական նպատակներից մեկն էլ Սահմանադրությունը խորհրդարանում փոփոխելու հնարավորության ձեռքբերումն է:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
30 ՏԱՐՎԱ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ
Նոյեմբերյան-Վանաձոր եւ հակառակ ուղղությամբ գործող երթուղիներում միկրոավտոբուսների հետ միասին երթեւեկում են նաեւ «ՊԱԶ-672» մակնիշի, դեղին գույնի ավտոբուսներ: Մեր տեղեկություններով՝ ուղերթը սպասարկում է Վանաձորից մի կազմակերպություն: Նոյեմբերյանից Վանաձոր հեռավորությունը շուրջ 90 կմ է: Այդ տարածությունը խորհրդային արտադրության ավտոբուսը հաղթահարում է «կաղ էշի արագությամբ»՝ երկուսուկես ժամում: Ալավերդի քաղաքից դեպի Վանաձոր բարձրանալիս շատ հատվածներում ավտոբուսի շարժիչն ուժգին աղմկում, փնչացնում է, սակայն հանրակառքը շարժվում է գրեթե հետիոտնի արագությամբ: Պավլովի ավտոմոբիլային գործարանը «ՊԱԶ-672 Մ» մակնիշի ավտոբուսներ արտադրել է 1967-1989 թվականներին: Ասել է թե՝ Վանաձոր-Նոյեմբերյան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող դեղին ավտոբուսները 26 տարվա եւ ավելի մաշվածություն ունեն: Այնինչ՝ Վանաձոր-Նոյեմբերյան ճանապարհը շատ բարդ է, մասնավորապես Վանաձոր-Ալավերդի հատվածում կտրուկ թեքությունների, ճանապարհի երթեւեկելի հատվածի շատ նեղ լինելու, վտանգավոր ոլորանների պատճառով շատերն այդ ճանապարհը կոչում են «մահվան ճանապարհ»: Այդ հատվածում մշտապես ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում՝ հաճախ մահվան ելքով: Ճանապարհի եզրին բազում տեղերում կոթողներ եւ ծաղկե պսակներ են դրված՝ ի հիշատակ նշված տեղանքում ավտովթարներից զոհվածների: Ինչպե՞ս կարելի է նման վտանգավոր ուղերթը սպասարկել իրենց դարն ապրած, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված ավտոբուսներով: Ինչպե՞ս է տրանսպորտի եւ կապի նախարարությունը հավանություն տվել նման մրցութային առաջարկին:

 

14 ԿԳ ՄԱՔՍԱՆԵՆԳ ԴԵՂԵՐ
Երեւան քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Ջոն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. դեկտեմբերի 11-ին Վրաստանում ձեռք է բերել խոշոր չափի՝ 1 միլիոն 584 հազար 118 դրամ շուկայական արժեքով, ընդհանուր 14 կգ քաշով 57 անվանումով 344 տուփ դեղորայք, դրանք թաքցրել իր կողմից վարվող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահեստային անվադողի տեղում, առջեւի աջ նստատեղի տակ եւ նույն օրը մաքսանենգությամբ տեղափոխել Հայաստան: Սակայն դեղորայքը հայտնաբերվել է ՀՀ ֆինանսների նախարարություն նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցների կողմից: Ջ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Նշենք, որ Վրաստանում դեղորայքն ավելի էժան է, ուստի հարեւան երկրից Հայաստան դեղորայքի մաքսանենգության բազմաթիվ դեպքեր են լինում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Երեկ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում՝ Բրազիլիայի հրապարակում, հավաքված տաքսի սերվիսների եւ անհատ տաքսու վարորդները բողոքի ակցիա էին անցկացնում: Նրանք բողոքում էին լիցենզավորումից՝ պահանջելով գործի կտրոնային համակարգ:

«Ժողովուրդի»-ի հետ զրույցում տաքսու վարորդներից մեկը նշեց. «Ես կարող ա՝ մի ամիս տաքսի եմ քշում, հետո ուրիշ գործով եմ զբաղվում, ինչո՞ւ պետք է լիցենզավորեմ»: Բացի այս` վարորդները նաեւ դժգոհում են այն բանից, որ չեն կարողանում ուղեւորներին անհրաժեշտ տեղերում իջեցնել, քանի որ կայանելու հնարավորություն չունեն: «Որտեղ կանգնում ենք, տուգանում են: Չենք կարողանում նաեւ ուղեւորներին ինչ-որ տեղերից վերցնել: Կանգառում տուգանում են, կանգառից դուրս տուգանում են, որտե՞ղ կանգնենք: Ուղեւորին ո՞նց սպասարկենք: Նույնիսկ խանութ մտնելու համար է տուգանք գալիս: Մենք տուգանք վճարե՞նք, թե՞ ընտանիք պահենք»- դժգոհում են բարկացած վարորդները:
Երթուղայինների գծի տնօրեններից մեկն էլ նշեց, որ 100 դրամ ուղեվարձը քիչ է, վարորդները չգիտեն՝ գծի փո՞ղ տան, տուգա՞նք մուծեն, թե՞ ընտանիք պահեն. «Թող ուղեվարձը դարձնեն 200 դրամ, որ կարողանանք աշխատել: Բայց ժողովուրդն ի վիճակի չէ այդքան վճարել, դրա համար թող 100-ը կառավարությունը վճարի, 100-ը՝ ժողովուրդը»:
Քննարկումներից հետո վարորդների մի մասը որոշեց շարժվել ՀՀ նախագահի նստավայր, իսկ մյուս մասը՝ ոստիկանություն: Ի վերջո, ակցիայի մասնակիցներն ընդհանուր համաձայնության եկան եւ որոշեցին միասին գնալ ոստիկանություն: Ոստիկանությունում վարորդներին ընդունել է ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը: Հանդիպմանը մասնակցած վարորդներից մեկն Armlur.am-ին պատմեց, որ իրենք իրենց առաջարկությունները ներկայացրել են փոխոստիկանապետին: Իսկ վերջինս խոստացել է դրանք ուսումնասիրել:




Լրահոս