«ԴԱՎԱՃԱՆ ՏԵՍԱԿԻ ՀՈՎԻՎԸ ՄԻՇՏ ՏԱՐԵԼ Է ՄԵԶ ԿՈՐԾԱՆՄԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է մի շարք ֆիլմերի եւ տեսահոլովակների, «Հայակ-2014»-ում լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչված «Սպիտակ գառան երազի» ռեժիսոր, «Արեւ» ֆիլմ-ստուդիայի հիմնադիր եւ տնօրեն Հրանտ Վարդանյանի հետ:

-Պարո՛ն Վարդանյան, «Արեւ»-ը ծրագրու՞մ է նոր ֆիլմ արտադրել: Կա՞ն նոր գաղափարներ, հետաքրքիր մտահղացումներ:
-Նոր ֆիլմերի արտադրությունը կախված է ֆինանսներից, առայժմ դրա ծայրը չեմ տեսնում: Նախ՝ որովետեւ մեզ մոտ պրոդյուսերական դպրոց չկա, կայացած չէ: 4-10 կինոթատրոնով մեր երկիրն ավարտվում է, լուրջ բյուջեով ֆիլմեր ստեղծելը դառնում է անհնար: Իսկ քանի որ չունենք կինոյի մասին օրենք, դրսի շուկայի հետ համատեղ ֆիլմեր նկարահանելու գործընթացը բարդանում է. քեզ հետ դժվարությամբ են պայմանագիր կնքում: Հույս ունեմ, որ, ի վերջո, կընդունվի կինոյի մասին այնպիսի օրենք, որը ստեղծագործող մարդուն թույլ կտա ազատվել ֆինանսներ հայթայթելու խնդրից, ի հայտ կգան պրոդյուսերներ, որոնք կկարողանան կազմակերպել կինոարտադրություն: Տեխնիկապես եւ մասնագետների պակասի պատճառով եւս մենք տասնյակ տարիներով հետ ենք մնացել աշխարհից: Պատրաստի սցենարներ ու իդեաներ կան, որոնք, սակայն, կյանքի չենք կոչում, դնում ենք դարակներում: Իհարկե, կարելի էր այս օրին չհասնել, սրբորեն պահպանել «Հայֆիլմ»-ը, բայց հաստագլուխների քաղաքականություն գոյություն ունի, որն ամեն ինչ փչացնում է: Սա միայն կինոոլորտին չի վերաբերում. մենք համակարգ փոխելու կարիք ունենք: Ես գիտակցում եմ, որ մենք այսօր ունենք ավելի գլոբալ խնդիրներ` շարունակ պատերազմական իրավիճակ, բազում կենցաղային եւ սոցիալական չլուծված հարցեր… Մի երկրում, որտեղ մարդն այսքան տխուր է, ստրկացած է, ուր կան այսքան անարդարություններ, այդտեղ մշակույթը դժվար է կայանում:
-Ձեր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էիք մեր երկրի պրիմիտիվ կամ բարդ նախագծերին, նկատել, որ նախագիծ կազմելուց այն կողմ մեզ մոտ բան չի ստացվում եւ, այնուամենայնիվ, մոտակա 10-20 տարվա համար չկան ապագայի ծրագրեր: Որտեղի՞ց է գալիս այս խնդիրը, եւ որտե՞ղ եք տեսնում ելքը:
-Որ կողմ նայում ես` այս մանրապճեղ նախագծերն են, որոնք ծվատել են ամբողջ ազգի ուշադրությունը: Դրանք մեկ այս կողմից են ֆինանսավորվում, մեկ այն, հաճախ դրանցից գալիս է օտարամոլության, այլապաշտության, քաղքենիության հոտ: Դրանց մի մասը մեր ժողովրդի շահերից չեն բխում, «տակից» անելիքներ ունեն: Նախագծից նախագիծ ենք ապրում, չունենք մի ծրագիր, որի շուրջ ամբողջ ազգը` հայաստանցիներն ու սփյուռքահայերը, միասին աշխատեն: Իհարկե, մենք ունենք գեոպոլիտիկ խնդիրներ, եւ շատ բաներ մեզնից կախված չեն, բայց այսօր գնդակն անընդհատ օտարի դաշտում է, օտարն էլ իր գոլն է խփում: Մենք կարող ենք վերցնել, տուն բերել թե՛ արեւելյան, թե՛ արեւմտյան լավագույն արժեքները եւ հայաֆիկացնել, կարող ենք ամեն ինչ անել ի օգուտ մեզ, ի օգուտ մեր երկրի զարգացման, մեր երեխաների ապագայի համար: Այնինչ՝ այսօր ոչ ոք չի կարող պատասխանել, թե ինչպիսին է տեսնում Հայաստանը, օրինակ` 20 տարի անց: Բանն այն է, որ պլաններ չունենք, այնինչ՝ ճարտարապետի պես պետք է գծագրած լինեինք մեր առաջիկա անելիքները: Միեւնույն ժամանակ մենք ունենք անհատներ, ովքեր նախագծում են, օրինակ` գործարար Ռուբեն Վարդանյանի` հեռուն գնացող ծրագրերը դպրոցի, ապագայի վերաբերյալ: Այսինքն` մենք ունենք մարդ, ով անում է մի գործ, որի պտուղները քաղելու ենք տասնամյակներ անց, եւ կան մարդիկ, ովքեր մտածում են` ինչպես անեն, որ տվյալ նախագծից այսօրվա համար փախցնեն, գողանան, ջեպկիրի պես ճկուն ու շատ արագ: Աշխարհն այսօր նանոտեխնոլոգիաների հետեւից է ընկած, իսկ մենք դեռ սուտը ճշտի տեղ դրած ենք ապրում: Մեր ամենամեծ թշնամին հենց սուտն է. ո՛չ թուրքը, ո՛չ ռուսը, ո՛չ ամերիկացին:
-Ձեր հեղինակած «Սպիտակ գառան երազը» կարճամետրաժ ֆիլմի հերոսը՝ Բեբեն, մի ողջ ժողովրդի խորհրդանիշ է՝ մեծ աշխարհի խարդավանքների ու թուրքական յաթաղանի զոհը, որը շարունակում է պարզ հայացքով նայել աշխարհին ու հավատալ՝ ով պիտի փրկի իրեն զոհաբերությունից, եթե ոչ հովիվը: Եթե պատկերացնենք, որ հայ ժողովուրդն էլ Բեբեի դերում է, ապա մեզ, ըստ Ձեզ, ի՞նչը կփրկի, ինչպե՞ս պետք է գտնենք մեր հովվին եւ ինչպե՞ս, ի՞նչ հայացքով մենք պետք է նայենք աշխարհին:
-Բոլորս ենք սպիտակ գառան դերում հայտնվում, միշտ հավատում ենք, թե մեր երեւակայական հովիվը կգա, մեզ կփրկի: Բայց փաստը ցույց է տալիս, որ հովիվները, որոնք, հնարավոր է, անգամ կերակրում էլ են մեզ, դա անում են, որ երբ պահը գա, մեզ կարողանան վաճառել: Դրա համար հովիվների վրա հույսը դնելուց է պետք հրաժարվել, ամեն անհատ մի աշխարհ է. չի՛ կարելի նրան ստրկացնել, եթե նա դա չի ուզում: Դավաճան տեսակի հովիվը միշտ տարել է մեզ կործանման: 1915-ին էլ մենք օտարի հովիվներին հավատացինք… Խելքներս գլուխներս պետք է հավաքենք, լինենք միասնական ու հասկանանք, որ այդ մեծ հովիվներին պետք չէ կուրորեն հավատալ, պետք չէ ամեն ասած հալած յուղի պես ընդունել, լավագույն դեպքում պետք է հասկանալ, որ նրանք ուղղակի կան՝ միշտ պատրաստ մեզ վաճառելու, զոհաբերելու… Ինքնազոհաբերությունն ու անձնազոհությունը հայրենիքի, զավակի, ծնողի կամ գաղափարի համար շատ մարդավայել է, իսկ զոհաբերությունը մեկ այլ կենդանի արարածի, առավել եւս մարդու, կարծում եմ, ստորացման, ստրկացման ու նսեմացման հիմքն է: Ես դեմ եմ, երբ մի էծի զավակ որոշում է, որ կարող է մեզ՝ որպես մարդ, որպես ժողովուրդ, որպես երկիր, զոհաբերել, ստրկացնել, անել, ինչ մտքին գա: Մեր խնդիրն է լինել արթուն, լինել արժանապատիվ եւ եբեւիցե չդառնալ մարդակերի զոհ…

 

 

 
«ԵՍ ՀՈԳՈՎ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՄ»

Երգիչ Վլադիմիր Բարխոյանը տեւական ժամանակ էստրադային ժանրում հանդես չի գա: Նա որոշել է ուժերը փորձել դասական վոկալում: Երգիչը մասնագիտությամբ հենց դասական վոկալիստ է, ուստի նա, այսպես ասած, կվերադառնա իր արմատներին:

Վլադիմիրը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ պատրաստվում է հաջորդ տարի մասնակցել Իտալիայում կայանալիք միջազգային մրցույթի եւ առաջին անգամ ուժերը փորձել դասական ժանրում: «Ես մրցույթներ չեմ սիրում, բայց այս անգամ ինքս ինձ հակառակվելով` գնալու եմ այդ քայլին: Մեկ ամսից արդեն կսկսեմ պատրաստվել, երգեր ընտրել, փորձեր անել: Ես մի քիչ փոփոխական անձնավորություն եմ. հնարավոր է` տարիներ շարունակ նույն հունով ընթանամ, մեկ էլ հանկարծ փոխեմ հունս»,- ասաց նա:
Վլադմիրը, սակայն, շեշտեց` այնպես չէ, որ իրեն էստրադային ժանրում այլեւս չենք տեսնի. պարզապես մոտ ժամանակներում դա չի լինի:
Մեր այն դիտարկմանը, թե դասական երաժշտությունը Հայաստանում ավելի քիչ եկամուտ է բերում արտիստին, քան էստրադայինը, երգիչը պատասխանեց. «Ես երգարվեստում գումար աշխատելու համար չեմ քայլեր անում: Երգն իմ էությունն է, եւ ես միշտ իմացել եմ, որ դրա միջոցով հնարավոր չէ մեծ գումարներ աշխատել: Իսկ գումարի հարցը լուծում եմ այլ բնագավառներում աշխատելով»:
Մենք մի փոքր զրուցեցինք նաեւ Վլադմիրի անձնական կյանքից` հիշելով ավելի վաղ իր արած անկեղծ խոստովանությունը. նա նշել էր, որ երգ է գրել իր սիրո տխուր պատմության մասին, Վլադմիրին եւ իր սիրելիին բաժանել էր հեռավորությունը: Մենք հարցրինք` արդյոք կյանքի այս փուլում երգիչն ունի ոգեշնչման աղբյուր. «Այո՛, ունեմ, հուսանք` ամեն բան լավ կլինի: Ես ոչ մի արհեստական քայլ չեմ անում, թողնում եմ` կյանքն ինձ իր հունով տանի»: «Այսինքն` ժամանակը Ձեզ չի՞ «սպառնում»` հուշելով, որ հարկ է ամուսնանալ»-հարցրինք մենք, ինչին Վլադմիրը ծիծաղելով պատասխանեց. «Բացարձակ, կարելի է ասել` ես հոգով անչափահաս եմ»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է
Դերասան, մոդել Մովսես Երեմյանի ամերիկաբնակ սիրելին այս օրերին Երեւանում է: Նա հայրենիք է ժամանել կարեւոր առիթով: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին՝ զույգը նոյեմբերի 16-ին նշանադրվել է մայրաքաղաքի ռեստորանային համալիրներից մեկում:
«Շանթ»-ի «Ուրիշի հոգին» սերիալում նկարահանվող դերասանը նշել է, որ մեծ խնջույք են կազմակերպել` իրենց ուրախությունը տոնելով հարազատների, մտերիմների եւ ընկերների շրջապատում: Նշենք, որ Մովսեսի ընտրյալը մասնագիտությամբ դերասանուհի է, նրա անունը Աննա է:

 

ՓԱՐԻԶՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
Էռնեստ Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է» գիրքը Փարիզում վաճառքների հիթ է դարձել նոյեմբերի 13-ի ահաբեկչական հարձակումներից հետո, որոնց հետեւանքով զոհվեց ավելի քան 130 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France¬Presse գործակալությանը, սովորաբար Փարիզի գրախանութներում օրական վաճառվում է գրքի մինչեւ 10 օրինակ, բայց այժմ վաճառքներն աճել են օրական մինչեւ 500 օրինակ: Բացի այդ՝ ամերիկյան գրականության դասականի հուշագրություններն Amazon-ի ֆրանսիական կայքում վաճառքների առաջատար են դարձել կենսագրական գրքերի շարքում: Փարիզեցիները հաճախ ծաղիկների եւ մոմերի հետ Հեմինգուեյի գրքի օրինակներ են բերում նոյեմբերի 13-ի հարձակումների վայրեր՝ հարգելու զոհվածների հիշատակը: Նաեւ համացանցում վիթխարի ժողովրդականություն է վայելում այն տեսահոլովակը, որտեղ Դանիել անվամբ 77¬ամյա փարիզուհին ֆրանսիացիներին կոչ է անում երկրի համար այս բարդ օրերին վերընթերցել Հեմինգուեյի գիրքը: 1964 թվականին հրատարակված Հեմինգուեյի վեպում նկարագրվում Է 1920-ական թվականների գրողի կյանքը Փարիզում եւ նրա առաջին գրական փորձերը:

 

ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է
Keeping Up With The Kardashians ռեալիթի-շոուի աստղ, Քիմ Քարդաշյանի 31-ամյա քույրը` Քլոեն, հաստատել է այն տեղեկությունը, որ բաժանվում է Լամար Օդոմից: Այս մասին տեղեկացնում է Just Jared-ը: Քլոեին սկսել էին քննադատության ենթարկել այն բանի համար, որ նա հանդիպում էր Ջեյմս Հարդենի հետ` զուգահեռաբար խնամելով իր ամուսնուն՝ մարզիկ Լամար Օդոմին, որը կոմայի մեջ էր գտնվում:
«Դուք պետք է քննադատեք այն տղամարդուն, որը խախտել էր իր բոլոր խոստումները: Բավական է դատեք, hանգիստ թողեք ինձ: Ամուսնալուծությունը շարունակվում է: Բայց դա չի նշանակում, որ ես Լամարի կողքին չեմ լինի, երբ նա հիվանդ է»,- հայտարարել է Քլոեն:




Լրահոս