Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին: Նախագահականի տարածած հաղորդագրությունում նշված է, որ հանդիպման ընթացքում Վրաստանի եւ Հայաստանի արտգործնախարարները Սերժ Սարգսյանին են ներկայացրել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, երկու երկրների միջեւ մշակույթի, կրթության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման, տնտեսական կապերի ամրապնդման եւ այդ ոլորտներում առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները: Թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, դժվար է ասել, քանի որ նախ` այդ մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի ներկայացվել` ո՛չ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, ո՛չ էլ արտգործնախարարության կայքէջում, ուստիեւ` մեզ մնում է միայն ենթադրություններ անել` հիմնվելով առկա իրողությունների վրա: Իսկ այդ իրողությունները ցույց են տալիս, որ չնայած հայ-վրացական հարաբերությունների դեկլարատիվ ջերմացմանը, դրանցում որեւէ իրական, շոշափելի առաջընթաց չի գրանցվել: Մինչդեռ մոտ երեք ամիս առաջ Հայաստան այցելած նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հայտարարություններից հետո սպասվում էր, որ կարճ առաջիկայում մենք ականատեսը կլինենք հայ-վրացական համագործակցության շեշտակի առաջընթացի եւ կոնկրետ դրսեւորումների` թե՛ մշակութային, թե՛ տնտեսական ծրագրերի տեսքով: Առայժմ, սակայն, ամեն ինչ այնպես է, ինչպես մինչեւ Իվանիշվիլու՝ իշխանության գալը: Համենայնդեպս` տեսանելի հարթությունում: Ավելին, մեզ համար կենսական նշանակություն ունեցող խնդրի` աբխազական երկաթուղու վերաբացման հետ կապված Իվանիշվիլու աննախադեպ լավատեսական հայտարարություններից ընդամենը օրեր անց դրանք սրբագրվեցին վրաց իշխանությունների կողմից: Բնականաբար, ամեն բան միայն Իվանիշվիլու վարչակազմից կախված չէ, սակայն ակնհայտ է, որ Վրաստանում լուրջ քայլեր չեն ձեռնարկվում նաեւ այնպիսի հարցերում, որոնց լուծումը կախված չէ Ռուսաստանից: Հենց թեկուզ` Վրաստանի որոշակի շրջանակներում արմատավորված հակահայկական մթնոլորտի, հայերի եւ Հայաստանի ընկալման փոփոխության հարցում: Էլ չասած` ջավախահայության սոցիալ-մշակութային խնդիրների լուծման ուղղությամբ գործուն քայլեր իրականացնելու մասին, ինչի խոստումը, ի դեպ, Իվանիշվիլին տվել է ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլեւ նախ եւ առաջ` իր ընտրողներին` Ջավախքի բնակչությանը: Ահա այս ամենը նկատի ունենալով` մի տեսակ անհասկանալի են դառնում հայ եւ վրաց պաշտոնյաների այդ պարբերական այցելություններն ու հայ-վրացական համագործակցության ամրապնդման մասին հայտարարությունները: Առայժմ միակ բանը, որ ամրապնդվել է, հայ իշխանավորների բիզնեսներն են Վրաստանում:
ԴԵԿԼԱՐԱՏԻՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ