Հայաստանում այսուհետ լինելու է մարդու իրավունքների պաշտպանի երկու ինստիտուտ. մեկը՝ մեզ հայտնի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գլխավորած կառույցը, մյուսը կոչվելու է մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որի ղեկավարը լինելու է ՕԵԿ նախագահ, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Ընդ որում, այս նոր կառույցի ստեղծման մասին երեկ հայտարարվեց Բաղդասարյանի եւ Անդրեասյանի համատեղ ասուլիսում, եւ շեշտվեց, որ այս երկու կառույցները գործելու են միմյանց հետ սերտ համագործակցելով:
Հարկ է նկատել, որ այս փուլում նման ինստիտուտի ստեղծումն ուշագրավ է: Շատերի կարծիքով՝ այսպես հիմքեր են ստեղծվում առաջիկայում Ա. Բաղդասարյանին ԱԱԽՔ պաշտոնից անաղմուկ հեռացնելու համար: Բացի այդ, մշտապես լուրեր են շրջանառվել, թե Ա. Բաղդասարյանն աչք ունի ՀՀ գլխավոր դատախազի կամ ԱԱԾ պետի պաշտոնների վրա: Սակայն, իշխանական մեր աղբյուրների պնդմամբ, Սերժ Սարգսյանը ոչ մի գնով մտադիր չէ այդ պաշտոնները զիջել ՕԵԿ ղեկավարին՝ լավ հասկանալով դրանց քաղաքական նշանակությունը: Ու հիմա, ըստ էության, Ս. Սարգսյանը Բաղդասարյանի «ուշադրությունը փորձում է շեղել»՝ նման հնչեղ պաշտոն տալով: Մանավանդ որ այս նոր պաշտոնն ՕԵԿ ղեկավարին ավելի կսազի. մարդու իրավունքների պաշտպանությունը դեմագոգիայով զբաղվելու համար անսահման հնարավորություններ է տալիս, որովհետեւ ՀՀ-ում մարդու իրավունքները խախտվում են ամեն քայլափոխի:
Բացի այդ, այս նոր կառույցը ստեղծելով ու դրան «ազգային» անունը փակցնելով՝ Ս. Սարգսյանը, ըստ էության, փորձում է հավասարակշռություն ստեղծել, մանավանդ որ փորձը ցույց տվեց՝ թեեւ օմբուդսմեններին նշանակում է իշխանությունը, սակայն նրանք որոշ ժամանակ անց դուրս են գալիս իշխանության վերահսկողությունից՝ հռչակվելով ամենավատ կադր: Եվ այս առումով որեւէ կասկած չկա, որ Բաղդասարյանի կառույցը լինելու է իշխանությունների փաստաբանը՝ փորձելով արդարացնել նրանց բոլոր արարքները: Եվս մեկ կարեւոր հանգամանք. այսպես նոր հիմնարկ, ասել է թե՝ նոր աշխատատեղեր են ստեղծվում, ինչը հնարավորություն կտա Ս. Սարգսյանին կատարել շատերին տված խոստումները եւ այդ նոր կառույցում «տեղավորել պաշտոնի»:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ: Նա տեղեկացրեց, որ սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, եւ աշխարհի շատ զարգացած երկրներում այդ կառույցներն արդյունավետ են գործում: Եվ հիմա, ըստ Ալավերդյանի, Հայաստանում էլ որոշել են հետեւել զարգացած երկրների փորձին: Իսկ թե որքանով Ա. Բաղդասարյանի ղեկավարած նոր կառույցն արդյունավետ կաշխատի, ըստ Ալավերդյանի՝ դժվար է այս պահին ասել. «Ես միայն կցանկանամ, որ այն գործի: Բայց ժողովուրդը պետք է պահանջի, որ այն գործի»:
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԿՈՒ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ ՈՒՆԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ