ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի 9-ի զբոսանքը դեպի Ծիծեռնակաբերդ, այնուհետեւ՝ Սիրահարների այգի, տվեց իր պտուղները. երեկվա հանրահավաքի մասնակիցների թիվը անհամեմատ քիչ էր:
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն էր ստիպված խոստովանել, որ հետընտրական պայքարում սխալներ է կատարել: «Ես կարող է փետրվարի 18-ից մինչեւ ապրիլի 9-ը լիքը սխալներ արած լինեմ: Բայց մի բան խոստացա ձեզ, որ հաղթանակը տանելու եմ ձեզ հետ միասին, հավասար եւ ոչ մի արյուն չի լինելու»,-խոստովանեց Ր.Հովհաննիսյանը: Ու չնայած այդ հանգամանքին, երեկ նա շարունակում էր պնդել իր շուրջ համազգային ճակատ ստեղծելու անհրաժեշտությունը: «Դաշնակցությունից, ՀԱԿ-ից, «Ժառանգություն»-ից «Սարդարապատ»-ից, կապ չունի՝ ով ժողովրդի կողքին է, բարձր է ցանկացած հռետորաբանությունից։ Մենք ակնկալում ենք, որ ամեն մեկը իր ինքնասիրությունը պահելով հանդերձ, պահը կընկալի, սեփական սխալից իմ նման, իմ օրինակով, դուրս կգա, եւ միասին կստեղծենք այդ համազգային ճակատը, որը այս տարվա ընթացքում բերելու է հաղթանակը մեր ժողովրդին եւ մեր հայրենիքին»,-հայտարարեց նա: Ընդդիմադիր կուսակցություններին համազգային ճակատի ձեւավորելու մասին կոչ անելուց հետո նույն Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց՝ հրաժարական պետք է տա ոչ միայն ներկայիս իշխանությունը, այլեւ կեղծ ընդդիմությունը, որովհետեւ, ըստ նրա, հաղթել է ժողովուրդը:
Ակնհայտ է, որ ընդամենը երկու ամիս առաջ կես միլիոն ձայն ստացած թեկնածուն՝ Ր.Հովհաննիսյանը, հետեւողականորեն կորցնում է ոչ միայն իր ընտրազանգվածը, այլեւ ազդեցությունը քաղաքական պրոցեսներին: Այս հանգամանքը երեւաց նաեւ հանրահավաքում. ժամանակին Ր.Հովհաննիսյանի շարժմանը միանալու մասին հայտարարած ՀՅԴ ներկայացուցիչները հանրահավաքին հետեւում էին ժողովրդի միջից եւ հարթակից էլ ելույթ չունեցան: Փոխարենը հարթակում ակտիվ ու բոցաշունչ ելույթներ ունեցան նախկինում Հայ ազգային կոնգրեսի անդամներ ԺՀԿ-ական Պետրոս Մակեյանն ու ԺՈՒԿ-ից Մանուել Գասպարյանը:
Ր.Հովհաննիսյանն իր զորավարի հետ հայտնի զբոսանքից հետո դիմեց պարզունակ քայլի. մեկօրյա այցով մեկնեց Մոսկվա: Իսկ ժառանգականներն էլ այդ ընթացքում սկսեցին լուրեր տարածել, թե նա հանդիպելու է ՌԴ ղեկավարության հետ: Երեկ, ահա, Հովհաննիսյանը վերադարձել է Մոսկվայից եւ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել, որ իրեն Մոսկվա էին հրավիրել` լսելու Հայաստանի ժողովրդի գերակշիռ մեծամասնության կարծիքը: «Ընտանիքիս հետ գնացել էի մասնավոր այցի: Հանդիպել ենք համապատասխան շրջանակների հետ, ամենատարբեր շրջանակների հետ: Սա մասնավոր եւ խորհրդապահական միջոցառում էր: Կարող եմ մի բան ասել, որ ես չհանդիպեցի Ռուսաստանի նախագահի հետ»,-ասել է նա: Հասկանալի է՝ այս խոսքերն ընդամենը մեկ նպատակ են հետապնդում՝ ժողովրդի մեջ պահպանել սեփական անձի հանդեպ հետաքրքրությունը: Եվ վերջ:
Հաջորդ ուրբաթ Րաֆֆի Հովհաննիսյանն այլեւս հանրահավաք չի անցկացնի: «Ժառանգություն»-ը հանդիպում է կազմակերպելու «Անի» հյուրանոցում, որտեղ, ըստ Հովհաննիսյանի, «բոլորը կտեսնեն, որ քաղաքացիները, շարժումները, երիտասարդական ջոկատները, հրամանատարները, կուսակցությունները, ով հարգում է ժողովրդին, լինելու են այդ դահլիճում՝ որպես հավաքական թիմ, միասնական մեխանիզմ, որը բերելու է ամենօրյա, համակարգված պայքարի»:
Այլ կերպ ասած՝ պայքարը կարելի է համարել ավարտված: Իսկ այսքանից հետո «Ժառանգության» քայլերը թերեւս կունենան մեկ նպատակ՝ զբաղեցնել հարթակը, թույլ չտալով ուրիշներին մտնել այնտեղ: Ու հենց Մոսկվա կատարած այցն էլ այդ նպատակն էր հետապնդում. թույլ չտալ, որ «փողոցային» այլ ընդդիմություն հայտնվի: