ՉԵՆ ԻՄԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախօրեին մեկօրյա այցով գտնվելով Մոսկվայում, հանդիպել է դեսպան Օլեգ Եսայանի հետ: Դեսպանատան մամլո ծառայությունից մեզ հայտնեցին. «Դեսպանությունը որեւէ տեղեկություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվայում գտնվելու մասին»: Մեր հարցին, թե արդյոք դիվանագիտական խողովակներով էլ դեսպանատունը չի պարզել, թե ընդդիմության ներկայացուցիչ Ր. Հովհաննիսյանը մոսկովյան ինչ հանդիպումներ է ունեցել, նշեցին. «Մենք որեւէ տեղեկություն նրա հանդիպումների մասին չունենք»: Հիշեցնենք, որ նախօրեին Ր. Հովհաննիսյանն իր որդու եւ տիկնոջ հետ մեկնել էր Մոսկվա: Պաշտոնապես հայտարարվեց, որ այցը մասնավոր է:
«Ժողովուրդ»-ը երեկվա համարում գրել էր, որ Ր. Հովհաննիսյանի այցը Մոսկվա կազմակերպել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Սակայն նա երեկ «168 ժամ»-ին հայտնել է. «Ես որեւէ բանից տեղյակ չեմ, որեւէ բան չեմ կազմակերպել: Մի քանի օր առաջ Երեւանում էի, մասնակցել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, որը շատ լավ անցավ: Հիմա գտնվում եմ Փարիզում»: Այնուհետեւ նա ասել է, որ Ր. Հովհաննիսյանի հանրահավաքներն ունեին նաեւ դրական կողմ: Դրանք ցույց տվեցին իշխանություններին, որ երկրում լուրջ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում. «Երկրում լուրջ փոփոխություններ են պետք, ժողովուրդը շատ ծանր վիճակում է ապրում»: Ըստ նույն աղբյուրի՝ Ր. Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի միջտարածաշրջանային եւ արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ, սակայն Հովհաննիսյանը չի հաստատել լուրը:




Լրահոս