«Ժողովուրդ»-ը դեռեւս 2011թ. հուլիսին գրել էր, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 24 շ., բն. 33 հասցեում բնակվող Արա Խաչատրյանը հունիսի 2-ին տանից դուրս է եկել ու այլեւս չի վերադարձել: Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր եկել Արայի մայրը` Էմմա Հարությունյանը, եւ լացակումած պատմում էր, որ արդեն երկու տարի է անցել, սակայն իր տղային դեռ չեն գտել: Մոր խոսքով` իր տղայի անհետացման գործում մի թաքնված բան կա, որը ոստիկանները չեն ցանկանում բացահայտել:
Հիշեցնենք, որ Արայի քույրը` Աննա Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ին պատմել էր, որ 2011թ. հունիսի 2-ին` ժամը 18:10-ի սահմաններում, եղբայրն ինչ-որ Արսենի ուղեկցությամբ տանից դուրս է եկել` հոր գերեզմանին գնալու, ու այլեւս չի վերադարձել: Նշենք նաեւ, որ Աննան շարունակում է իր եղբոր անհետացման պատմության մեղավորին ու հեղինակին համարել Արայի մտերիմ ընկերոջը` Գարիկ Գրիգորյանին: Մինչդեռ Գարիկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ իր հասցեին հնչած մեղադրանքներն անհիմն են՝ մանրամասնելով Արայի ու Արսենի միջեւ եղած կապի մասին իր իմացածը. «Արսենից Արան գումար է խնդրել` ինչ-որ ավտոտնակ գնելու նպատակով, եւ դա է եղել պատճառը, որ Արսենն ու Արան հանդիպել են»: Արսենն Արայի մորաքրոջ տղայի միջոցով տեղեկացել է, որ գումարը կարող է վերցնել, դրա համար էլ գնացել է հանդիպման:
Այսպիսով՝ Գարիկն ու Արսենը հանդիպել են Արային, եւ Արսենն իր աշխատակիցների ներկայությամբ այդ գումարը փոխանցել է Արային: Այնուհետեւ Արան առաջարկել է մի տեղ գնալ` «հաց ուտելու», սակայն Գարիկը մերժել է՝ ասելով, թե գործեր ունի: Այս պայմաններում, ըստ Գարիկի, իրենք Արային իջեցրել են Կապանի կենտրոնում. «Մենք իրեն իջեցնելուց հետո Շիկագյուղ ենք գնացել: Հետո իրեն էլի տեսնողներ են եղել, ինքը ուշ գիշերով հոր գերեզմանին էլ ա գնացել, հետո իրենց հայաթում ինչ-որ խնդիրներ են եղել»:
Արայի ընկերները պատմել են, որ նա իր հոր մահից հետո միշտ իրեն է մեղադրել, անընդհատ ալկոհոլ օգտագործել, ասել, որ ցանկանում է երկրից դուրս գալ. «Գիշերով գնում էր գերեզմանոց, լացում ու նեղվում, ասում էր` տուն չեմ ուզում գնամ: Ինքն էլ չէր աշխատում, հնարավորություն չուներ երկրից դուրս գալու»:
Եվ ահա մի օր Արան արթնացել է, դուրս եկել տանից ու մինչ օրս չի վերադարձել: Շուրջ երկու տարի է, ինչ Արայի ընտանիքը կորցրել է իր հանգիստն ու քունը: Նրա մայրն այնքան դառնացած է, որ անգամ ծանր հիվանդություն է ձեռք բերել եւ այդ վիճակում ընդունակ է ամեն քայլի:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած տիկին Էմման պատմեց, որ իր տղայի գործով անձամբ զբաղվել է Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գեւորգ Խաչատրյանը, որին գործի բացահայտման ճանապարհին աշխատանքից ազատել են. «Սյունիքի մարզային վարչության պետն ամեն ինչ անում է այս գործը չբացահայտելու համար, քանի որ ուժեղ մարդիկ են կանգնած այս պատմության հետեւում»:
Ըստ Արայի մոր` Գեւորգ Խաչատրյանն իրենց ասել է, թե «շուտով Արային գտնելու ենք, մի քի՛չ էլ համբերեք», սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ նրան աշխատանքից հեռացրել են: «Երբ Գեւորգից հետաքրքրվեցինք, թե քեզ ինչու են հեռացրել, նա մեզ ասաց, թե «չգիտե՞ք՝ ինչի համար կարող են ինձ ազատած լինել»»,-նշեց մեր զրուցակիցը:
«Ես ինքնասպանության շեմին եմ կանգնած, եւ եթե ինձ հետ մի բան լինի, ապա իմ մահը կմնա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ նրա առաջին տեղակալ Հունան Պողոսյանի խղճին»,-ասաց տիկին Էմման՝ հավելելով, որ իր տղայի խնդրով ինքն արդեն երկու տարի է՝ ցանկանում է հանդիպել նշված բարձրաստիճան ոստիկաններին, սակայն իրեն չեն ընդունում:
Անհետացած երիտասարդի մայրը բացառում է, որ իր որդին այնքան ընկճված վիճակում կարող էր լինել, որ կորեր: «Տղաս, ճիշտ է, շատ ընկճված էր հոր մահվան պատճառով, բայց իր անհետացման օրը նա ինչ-որ տղաների հետ վիճաբանություն է ունեցել»,-բացատրեց մայրը: Նրա խոսքով` ամուսնու գերեզմանի դիմաց մի բենզալցակայան կա, եւ այդ գիշեր տեղի աշխատակիցներից մեկը տեսել է մի խումբ տղաների. «Տեսել են մի թիկնեղ տղայի ու լսել են խոսակցություն, թե «ես այդ փողը կստանամ»: Ու գիտե՞ք՝ սարսափելին որն է՝ տղայիս գործից այդ աշխատակցի այդ ցուցմունքը հանել են: Մի խոսքով, ոստիկանությունը չի ցանկանում աշխատել եւ տաք հետքերով չի գնում՝ տղայիս ինձ վերադարձնելու համար, օգնե՛ք ինձ, խնդրում եմ»:
Այս պատմության մասին «Ժողովուրդ»-ը պարզաբանում խնդրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից միայն տեղեկացրին, թե քննությունը շարունակվում է: Իսկ թե ինչու ոստիկանները մինչ օրս անհետացած երիտասարդի հարազատների ասած հետքերով չեն գնացել, եւ ինչու են մարդիկ շարունակում դժգոհել իրավապահներից, առայժմ անհայտ է: Սպասենք հետագա զարգացումներին:
«ԻՄ ՄԱՀԸ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԽՂՃԻՆ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ