ՊԵԿ-Ը ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զեկույց հրապարակեց ՀՀ ԴԱՀԿ-ի աշխատանքի մասին, որում արձանագրեց այն  բազմաթիվ դեպքերը, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից ոչ հետեւողական աշխատանքների իրականացման արդյունքում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չարամտորեն չեն կատարվում, եւ արդյունքում համապատասխան մեղավոր անձինք պատասխանատվության չեն ենթարկվում: Ստորեւ ներկայացնում ենք հենց նման մի դեպքի պատմություն:
Երեկ մի քաղաքացի (անունն իր խնդրանքով չենք նշում) դիմեց «Ժողովուրդ» օրաթերթին եւ պատմեց, որ 2009թ. իրեն ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն անհիմն պատճառաբանությամբ ազատել է աշխատանքից: Այդ պատճառով նա 2009-ի մարտի 31-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նույն թվականի փետրվարի 23-ի թիվ 1/141 հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի գումարների բռնագանձման պահանջով:
Այսպիսով՝ վարչական դատարանի 2009թ. հունիսի 30-ին վճռով ներկայացված հայցն ամբողջովին բավարարվել է: «Այսինքն՝ անվավեր է ճանաչվել Գագիկ Խաչատրյանի հրամանը, որից հետո ես վերականգնվել եմ նախկին աշխատանքում՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ խորհրդային հարկային տեսչության տվյալների մշակման եւ հաշվառման բաժնի պետի պաշտոնում: Նույն վճռով հօգուտ ինձ ՊԵԿ-ից պետք է բռնագանձվեին 2009թ. փետրվարի 23-ից սկսած մինչեւ նախկին աշխատանքում վերականգնվելն ընկած ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի եւ չվճարված աշխատավարձի գումարները»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց քաղաքացին՝ լրացնելով, որ վարչական դատարանի 30.06.2009թ. վճռի դեմ ներկայացրել է նաեւ վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 19.08.2009թ. որոշմամբ հետ է վերադարձվել: Այնուհետեւ կատարողական թերթը ներկայացվել է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն: Սակայն օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները ՊԵԿ-ի կողմից առ այսօր չեն կատարվել:
2011թ. հարկադիր կատարողի կողմից որոշում է կայացվել կատարողական վարույթը ավարտելու մասին, որը քաղաքացու կողմից եւս վիճարկվել է դատական կարգով: Դատարանը բավարարել է հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության եւ երրորդ անձ  ՊԵԿ-ի, եւ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը բավարարվել է: Որոշումն ուժի մեջ է մտել 2012թ. հուլիսին, իսկ օգոստոսին քաղաքացին դիմել է ԴԱՀԿ ծառայություն վարչական դատարանի երկրորդ վճռի կատարումն ապահովելու պահանջով եւ մինչ օրս պատասխան չի ստացել:
Հասկանալով, որ պետական կառույցների կողմից իր իրավունքները ոտնահարվում են, քաղաքացին դիմել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանին: Վերջինս էլ իր հերթին դիմել է ԴԱՀԿ, որտեղից ի պատասխան՝ պարզաբանել են. «2009թ. սեպտեմբերին հարուցվել է կատարողական վարույթ, ԴԱՀԿ-ի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ ԿԱ ՊԵԿ, որին ի պատասխան՝ հայտնել են, որ նշված պաշտոնը թափուր չէ, եւ Աշխատանքային օրենսգիրքը դատարանի վճռի հիման վրա աշխատանքից ազատում չի նախատեսում: 2011թ. հուլիս ամսին կատարողական վարույթն առանց կատարման ավարտվել է»: Տեղեկացնենք, որ ավարտված վարույթը 2012թ. օգոստոսին վերսկսվել է եւ այժմ ընթացքի մեջ է:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց մարդու իրավունքների գրասենյակի իրավապաշտպան Տաթեւիկ Թոխյանի հետ. «Իրավական անորոշություն է ստեղծվել, աբսուրդ: Եվ հիմա ԴԱՀԿ-ն էլ պատճառաբանում է, որ անհնարինություն է առաջացել: Աբսուրդ է, որովհետեւ Աշխատանքային օրենսգիրքն այլ հիմքեր է տալիս, իսկ ԴԱՀԿ-ի խոսքով՝ Աշխատանքային օրենսգիրքը դատարանի վճռի հիման վրա աշխատանքից ազատում չի նախատեսում: Ինչպե՞ս կարող է դա լինել: Այսինքն՝ մեկի իրավունքը չխախտելու համար մյուսի իրավունքը չի վերականգնում»:
Իրավապաշտպանի խոսքով՝ դատարանը գնահատական տվել է եւ գտել, որ քաղաքացին անհիմն է ազատվել աշխատանքից, ու վերականգնել է: Քաղաքացու օգտին գումարը բռնագանձվել է եւ տրամադրվել որպես հարկադիր պարապուրդի բռնագանձված գումար, իսկ վերականգնումը չի ապահովվում:
«Մենք ցանկանում էինք ԴԱՀԿ-ին պարտադրել դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ չի կարողանում ապահովել դատական ակտի կատարումը, որովհետեւ խոչընդոտում են քրեաիրավական գնահատական տալու համար: Բայց քաղաքացու գործում ներկայացված է նաեւ այն մասին, որ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրգործ, եւ նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել է ՊԵԿ-ի եւ ԴԱՀԿ-ի պաշտոնատար անձանց գործողություններում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ: Սա մի քիչ օրենսդրական բացի արդյունք է»,-վստահեցրեց Տ. Թոխյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում են գրագրություն սկսել նաեւ ՊԵԿ-ի հետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս