«ԳՈՐԾԱՐՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմավիա» ավիաընկերության չվերթերի դադարեցումից մեկ օր անց՝ ապրիլի 2-ին` օրվա երկրորդ կեսից, ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը Հայաստանում 80 եվրոյով թանկացրել է ինքնաթիռի տոմսերը բոլոր ուղղություններով:

ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը տոմսերի այսօրինակ գնաճը կանխելու համար եւ, առհասարակ, կգնա՞ որեւէ քայլի՝ իրավիճակը մեղմացնելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ.
Մենք բախվում ենք մի հետեւանքի, երբ Հայաստանի ավիափոխադրողի հարցը որոշվեց կոռուպցիոն եւ ոչ թափանցիկ ընթացակարգի համաձայն: Այսօր, երբ ՀՀ իշխանությունները չեն կարողանում պաշտպանել ՀՀ քաղաքացու շահերը, միայն մի բան է նշանակում, որ իրենք կամ իրենց նախորդները ներքաշված են եղել ինչ-որ գործարքների մեջ, ինչի հետեւանքով էլ չեն կարողանում արդար ձեւով լուծում տալ այս խնդրին, քանի որ, կրկնում եմ, տեղի է ունեցել գործարք` ընդդեմ Հայաստանի Հանրապետության ապագայի: Այն, որ դադարեցվել են վայրէջքները, այն, որ ավիափոխադրողը կարող է իրեն թույլ տալ ուղեւորների հետ վարվել ամեն կերպ, միայն ամենաթողության հետեւանք է: Չեմ մեղադրում ավիափոխադրողին, ընկերության տիրոջը, մեղադրում եմ ՀՀ կառավարությանը, քանի որ չի պաշտպանել ՀՀ քաղաքացու իրավունքը: Նրանք շատ թույլ են, որ իրավիճակը շտկելու համար որեւէ քայլի դիմեն:

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության
վարչության գլխավոր քարտուղար

ՊԱՏԱՍԽԱՆ. Կառավարությունը պարտավոր էր, հաշվի առնելով «Արմավիա» ավիաընկերության թռիչքների հետ կապված խնդիրները, միջոցներ ձեռնարկել: Ինչքան է կառավարության հնարավորությունը՝ ես չեմ տիրապետում, քանի որ բոլոր այն մարդիկ, որոնք թռիչքներ են կազմակերպում, ունեն համապատասխան պայմանագրեր իշխանությունների հետ, ու կարծում եմ, որ այդ պայմանագրի մեջ գնային քաղաքականության կետ պետք է լինի: Այսինքն՝ սա այն տարբերակը չէ, որ իրենք խառնվում են շուկային, այլ դա այն կարգավորիչ դերն է, որը պետք է օգտագործեն, սաստեն գների բարձրացումը: Միգուցե իշխանությունն անբացատրելի կամ միեւնույն ժամանակ իր կողմից հասկանալի պատճառներով չի անում դա, քանի որ ուրիշ ակնկալիք կա կամ իր քաղաքացիներին է արհամարհում:

ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեւանի ավագանու թեկնածու,
ՀԱԿ անդամ, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես խնդրին ծանոթ չեմ: Այդ թանկացումների մասին հստակ չգիտեմ, դրա համար որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ:

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս