2009 թվականի մայիսի 5-ին Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի ղեկավար Հրուշ Աղբալյանը որոշում է ընդունել Ոսկեպար գետի վրա փոքր հէկ-ի օժանդակ շինությունների կառուցման համար «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ-ին 99 տարով հատկացնել 500 քառակուսի մետր տարածք տարեկան 20 հազար դրամ վարձավճարով: Գծային ենթակառուցվածքները համայնքային սեփականության հողամասով անցկացնելու համար նա կառուցապատողի հետ կնքել է պայմանագիր տարեկան 10 հազար դրամ վարձավճարով: Ոսկեպարի բնակիչներն ասացին, որ իրենք փոքր հէկ-ի կառուցման հարցով հասարակական լսումների մասին տեղյակ չեն եւ դրանց չեն մասնակցել: Նշենք, որ Ոսկեպար գետի վրա փոքր հէկ-ի շինարարությունը տեւել է մեկ տարի եւ ավարտվել 2011թ. մարտին: Մեր տեղեկություններով՝ 3 բլոկ ունեցող կայանը տարեկան արտադրում է 2.59 միլիոն կիլովատ էլեկտրաէներգիա: Ամռան ամիսներին Ոսկեպար գետից հէկ-ի համար ջուր վերցնելուց հետո գետում ջուրն այնքան է նվազում, որ Ոսկեպարի հունում սատկած ձկներ եւ գորտեր են հայտնվում, ափերին ճահճահոտ է տիրում: Այդ ժամանակաշրջանում գետը փոքրիկ առվի է նմանվում: Ափերին հողամասեր, բանջարանոցներ ունեցող ոսկեպարցիները հնարավորություն չեն ունենում ոռոգել դրանք: Փոքր հէկ-ի շինարարության ժամանակ «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ ներկայացուցիչները խոստացել էին, որ իրենց ստացած շահույթների հաշվին Ադրբեջանի հետ սահմանակից Ոսկեպարում կկառուցեն փողոցների գիշերային լուսավորության ցանց: Սակայն նրանք այդպես էլ անցած 3 տարում իրենց խոստումը չեն կատարել: «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ տնօրենը Աշոտ Հարությունյանն է, սակայն ոսկեպարցիները մեզ հայտնեցին, որ այդ ընկերությունը սերտ կապ ունի ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ, ով էլ իրականում հէկ-ի տերն է:
Տավուշ