Հայաստանի հասարակությունը վաղուց է հաշտվել այն մտքի հետ, որ ՀՀ կառավարությունը տեխնիկական լոկալ հարցեր լուծող մի կառույց է, որը ներքին եւ արտաքին տնտեսաքաղաքական մարտահրավերներին հակազդելու որեւէ գործուն մեխանիզմ չունի: Սակայն այդ մասին խոստովանել կարող էր միայն ներկայիս կառավարությունն` իր պաշտոնական կայքէջում զետեղած` «Ի՞նչ տվեց Հայասատանին 2010 թվականը» խորագրով վերլուծություն- հաշվետվությունների շարքով: Այդ վերլուծություններում որեւէ խոսք չկա 2010 թ. ընթացքում Հայաստանի շուրջ տեղի ունեցած գլոբալ տնտեսաքաղաքական գործընթացների մասին: Չկա նաեւ արդարադատության եւ իրավապահ մարմինների աշխատանքի մասին որեւէ հիշատակում: Այս աբսուրդի երկրում, ըստ կառավարության, քաղաքականությունը, տնտեսությունը եւ արդարադատությունը ապրում են տարանջատ, որեւէ կապ չունեն միմյանց հետ, մի խոսքով` ապրում են իրարից անկախ եւ անկապ: «Ի՞նչ տվեց 2010 թվականը Հայաստանին» խորագիրը ենթադրում էր, որ համեստ, չափազանց համեստ հաջողությունների կողքին կառավարությունը նաեւ պետք է խոստովաներ իր սխալներն ու թերացումները եւ գոնե փորձեր առկա վիճակի համար հիմնավորված արդարացումներ ներկայացնել: Սակայն` ոչ: Պարզվում է` եղել են միայն ձեռքբերումներ: Ինչեւէ, անդրադառնանք ներկայացված հաջողություններին: Հաջողություն համար առաջին. Կառավարությունը հարկային արտոնություններ է սահմանել մի քանի տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք խոստացել են բացել 950 նոր աշխատատեղեր: Իսկ թե որքա՞ն աշխատատեղ է փակվել 2010 թվականի ընթացքում, այդ մասին ՀՀ կառավարությունը համեստորեն լռում է: Միայն Ամանորից առաջ գործազուրկ դարձան ՀՀ սոցապ նախարարության շուրջ 300 աշխատող: Ինչ վերաբերում է հարկային արտոնություններին, ապա գաղտնիք չէ, որ դրանք տրվում են բացառապես յուրայիններին, որոնք հետագայում խախտում են աշխատատեղեր բացելու պարտավորությունները` դրա համար որեւէ պատասխանատվություն չկրելով: Հաջողություն համար երկրորդ. Հայաստանը եղել է լավագույնը Շանհայի բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսում: Կառավարությանը թվում է, թե 21-րդ դարում «Պատյոմկինյան գյուղերով» կարելի է ինչ-որ մեկին խաբել: Լավ տաղավար ունենալը վատ բան չէ, սակայն ավելի ցանկալի կլիներ, որ բարձր տեխնոլոգիաների զարգացմանը հատկացված միջոցների գոնե մի մասն ուղղվեր նրան, որ Հայաստանը ինտերնետի արագության խայտառակ ցուցանիշով ներկայումս զբաղեցրած 117-րդ հորիզոնականից բարձրանար մի փոքր վեր:Հաջողություն համար երրորդ. Նշվում է, թե քայլեր են ձեռնարկվել նոր բիզնեսի արագ ձեւակերպման համար: Նկատենք, սակայն, որ կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկում հեշտացնելու համար բիզնեսի փակման գործընթացը, որն, ի դեպ, պակաս կարեւոր քայլ չէ առողջ բիզնես- մթնոլորտի համար: Գոնե կառավարությանը պետք է հայտնի լինի, թե ինչ կարգի գլխացավանք է մի սովորական ՍՊԸ լուծարելը: Կառավարությունը իր կայքէջի ընթերցողներին նաեւ հիշեցնում է, որ ինքն է Հայաստան կանչել աշխարհահռչակ տենոր Պլաչիդո Դոմինգոյին, եւ ուրեմն` ինքն է անուղղակիորեն դարձել Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պատճառը: Հավանաբար, կառավարությունում կարծում են, որ «Չոռնիից» ազատվելը կարելի է դասել 2010թ. ամենամեծ հաջողությունների թվին:Իսկ այնպիսի «անլուրջ» թեմաներ, ինչպիսիք են՝ Հայաստանի արտաքին պարտքի շեշտակի ավելացումը, աննախադեպ գնաճը, բիզնեսի արտահոսքը, ընդհանրապես չեն արժանացել կառավարության ուշադրությանը: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑԻՑ ԱՆՉԱՓ ԳՈՀ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ