Հայաստանում մշակույթի ոլորտն արդեն 7 տարի է՝ ղեկավարում է մասնագիտությամբ կենսաբան Հասմիկ Պողոսյանը: Նախկինում Բելլա Քոչարյանի, այժմ էլ Ռիտա Սարգսյանի մտերմիկ ընկերուհու հանդեպ հասարակական վերաբերմունքը միանշանակ չէ՝ հաշվի առնելով նրա հակասական գործողությունները, որոնք շատ հաճախ ի վնաս մշակույթի են եւ հօգուտ օլիգարխների շահերի:
Բավական է հիշել Մինասի որմնանկարների տեղահանության պատմությունը, պատմամշակութային հուշարձանների հանդեպ անտարբեր վերաբերմունքը, դրանք մայրաքաղաքում կենտրոնացնելու անհեթեթ գաղափարը եւ այլն: Հասմիկ Պողոսյանի գործունեությունը, իհարկե, լավագույնս արտացոլում է այն «բարենպաստ մթնոլորտը եւ լավագույն ավանդույթները», որոնց մասին կառավարության հրաժարականն ընդունելիս հիշատակեց Սերժ Սարգսյանը: Արդեն իսկ հայտնի է, որ Պողոսյանը կշարունակի ղեկավարել մշակույթի ոլորտը, ուստի ներկայացնենք կենսաբան նախարարի ամենօրյա գործունեությունը, որի արգասիքներն անցած յոթ տարիներին, ցավոք, տեսանելի չլինելով, դեռեւս կարող են դրսեւորվել պաշտոնավարման հաջորդ փուլում:
Սակայն, մինչ Հ. Պողոսյանի գործունեությանն անդրադառնալը, հիշենք, որ անկախությունից հետո Հայաստանն ունեցել է մշակույթի 8 նախարար: Առաջինը հայտնի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանն էր, որը հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, ապա բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, որը եւս կարճ պաշտոնավարեց: Ամենաերկարակյաց նախարարներից է եղել Ռոլանդ Շառոյանը, որի գործունեությունը, սակայն, առավելապես «շառից հեռու» էր: Իսկ արդեն Քոչարյանի օրոք այս ոլորտն ՕԵԿ-ի «սեփականությունն» էր, որտեղ նշյալ կուսակցությունը մեծամեծ «օրինացություններ» կատարեց: Այս կուսակցության կողմից նշանակված նախարարներից աչքի ընկան Թամարա Պողոսյանն ու Հովիկ Հովեյանը, որոնցից առաջինը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գումարների հետ կապված խրթին պատմությունների մեջ ընկավ, իսկ երկրորդը ատրճանակով «ռազբորկաներ» արեց էլեկտրացանցում: Ըստ էության, կարելի է ենթադրել, որ կա՛մ հայոց մշակույթը նախարարներ չի հանդուրժում, կա՛մ էլ հակառակը, քանզի նրանց մեծամասնությունը զբաղվում է գրեթե ամեն ինչով, բացի մշակութային գործունեությունից:
Անդրադառնալով այժմ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնող Հասմիկ Պողոսյանի աշխատանքային գործունեությանը՝ նկատենք, որ նա գերատեսչության յուրաքանչյուր աշխատակցի նման իր օրը սկսում է առավոտյան ժամը 9:00-ին: Պարզվում է՝ մշակույթի նախարարն առավոտյան տեղակալների, աշխատակազմի ղեկավարի եւ վարչության պետերի հետ փոքրիկ «թռուցկաժողով» է անցկացնում` քննարկելով ոլորտի գերակա խնդիրները, աշխատանքային առաջնահերթությունները եւ այլն: Այս գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունենում ոչ միայն պաշտոնատար անձանց, այլեւ մշակութային գործիչների, արվեստագետների, արտասահմանից ժամանած հյուրերի հետ: Ինչպես նախարարների մեծամասնությունը, Հ. Պողոսյանը եւս քաղաքացիների ընդունելության հատուկ օր ունի` յուրաքանչյուր երեքշաբթի, թեեւ այն հաճախ չի բավականացնում, եւ ընդունելությունները շարունակվում են նաեւ հաջորդող օրերին:
Նախարարության լրատվական ծառայության հավաստմամբ` Հ. Պողոսյանը պատկանում է տքնաջանորեն աշխատող այն նախարարների թվին, որոնց աշխատանքային ժամանակացույցը բավական ծանրաբեռնված է: Այն ներառում է աշխատանքային խորհրդակցություններ, նախագծերի ու ծրագրերի քննարկում, նամակների եւ դիմումների ծանուցում, դրանց հետ կապված բազմազան հանձնարարականներ եւ այլն: Մշակույթի նախարարը մասնակցում է կառավարության նիստերին, այցելություններ կատարում նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներ եւ այլն:
Նկատենք, որ մշակույթի նախարարն օրվա մեջ ընդմիջում չի անում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Ավելին, նախարարական գործունեությունը չի թողնում Հ. Պողոսյանին գոնե «շաբաթ-կիրակի» ունենալ: Աշխատանքային օրվա երեկոյան ժամերի նման նախարարը հանգստյան օրերին կարողանում է հաճելին համատեղել օգտակարի հետ եւ հաճախել մշակութային օջախներ, ծանոթանալ մշակութային նոր ծրագրերին եւ նախագծերին: Մշակույթի նախարարը կարծես ո՛չ հոբբի ունի, ո՛չ էլ նախապատվություններ: Նրա ազատ ժամանակը հագեցած է… աշխատանքով:
Առաջին տիկինների հաջողված ընկերուհու համբավ ունեցող Հասմիկ Պողոսյանը կառավարության մյուս անդամների նման ներկայանում է որպես բացառապես աշխատանքին նվիրված պաշտոնյա: Հետաքրքրական է, թե այդ դեպքում ինչու է հայոց մշակույթը այսօրինակ տխուր վիճակում գտնվում: Մնում է կարծել, որ կա՛մ նրա պրոֆեսիոնալիզմը չի բավականացնում առաջադրված խնդիրները լուծելու հարցում, կա՛մ մեր մշակույթի որակն է ընկել եւ հարիր է կառավարության գործունեությանը:
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ