«ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՏԱՆՔ «ՌԵԱԼ»-ԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքում «Բավարիա»-ն կմրցի «Բարսելոն»-ի, Դորտմունդի «Բորուսիա»-ն` «Ռեալ»-ի հետ: Առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 23-ին եւ 24-ին, պատասխան հանդիպումները՝ ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին, եզրափակիչը` մայիսի 25-ին` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
Վիճակահանության արդյունքների, թիմերի հնարավորությունների շուրջ զրուցեցինք  մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հետ:
«Այս անգամ Չեմպիոնների լիգայի ցանկացած փուլի վիճակահանությունը կատարվել է ընդհանուր. նախապես թիմերին չէին բաժանել զամբյուղների, որպեսզի, ասենք, նույն երկրի թիմերը միմյանց հետ չընկնեին: Քանի որ կիսաեզրափակիչ էին դուրս եկել 2 գերմանական, 2 իսպանական թիմեր, եթե նախկին սկզբունքով լիներ, այնպես կանեին, որ միմյանց հետ չհանդիպեին, ասենք, իսպանական երկու թիմերը: Բայց, փաստորեն, իրենց կամքից անկախ՝ հենց այդպես էլ ստացվեց: Խմբային մրցաշարում «Բորուսիա»-ն եւ «Ռեալ»-ն արդեն մրցել են իրար հետ, ընդ որում, «Բորուսիա»-ն բավական վստահորեն խմբում գրավեց առաջին տեղը, չնայած բոլորը սպասում էին, որ «Ռեալ»-ը կգրավի այդ տեղը: Ամենակարեւորն այն է, որ այս թիմերի միջեւ երկու հանդիպումներում առավելությունը «Բորուսիա»-ի կողմն է. սեփական հարկի տակ հաղթել էր 2:1 հաշվով, մրցակցի հարկի տակ խաղացել էր 2:2»,-նկատեց Ս. Բաղդասարյանը:
Նա վստահեցրեց, որ հիմա էլ կարող ենք ասել, որ գլխավոր ֆավորիտը «Ռեալ»-ն է. «Բայց չմոռանանք, որ «Բորուսիա»-ն նախորդ երկու տարիների Գերմանիայի առաջնության չեմպիոնն է, բավական հզոր թիմ է, անկանխատեսելի: Ճիշտ է, Գերմանիայի այս առաջնությունում չկարողացավ լուրջ մրցակցություն ցույց տալ «Բավարիա»-ին, եւ ինչ-որ տեղ տարօրինակ է, որ Գերմանիայի առաջնության նման առաջնությունում «Բավարիա»-ն ժամկետից շուտ չեմպիոն դարձավ` 20 միավորի առավելություն ստանալով հենց այդ թիմի նկատմամբ: Բայց դա որեւէ նշանակություն չունի. Գերմանիայի առաջնությունը վերջին տարիներին զգալիորեն առաջադիմել է, հետաքրքրությունը կտրուկ մեծացել է, եւ, որքան գիտեմ, հանդիսականների քանակով Գերմանիան զգալի առավելություն ունի մյուս եվրոպական առաջատար երկրների նկատմամբ: Եվ չի կարելի վստահորեն ասել, որ անպայման «Ռեալ»-ը դուրս կգա եզրափակիչ. պիտի նկատի ունենանք, որ մրցակիցը գերմանական թիմ է, իսկ գերմանացիները կամային հատկանիշներով որեւէ մեկին չեն զիջում եւ պայքարում են մինչեւ վերջին վայրկյանները, եւ դա ապացուցեց նաեւ խմբային մրցաշարը: Բոլոր դեպքերում նախապատվությունը, ուզենք թե չուզենք, պիտի տանք «Ռեալ»-ին` անկախ այն բանից, որ խմբային մրցաշարում երկու հանդիպումների արդյունքով զիջել է «Բորուսիա»-ին»:
շարունակելի

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս