Հայ Ազգային Կոնգրեսի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ էլ-փոստի անհայտ հասցեից ԶԼՄ-ներին ուղարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի անունից հայտարարություն, որը Հայ Ազգային Կոնգրեսի հետ որևէ կապ չունի:
“Տեղեկացնում ենք, որ.
1. Զուտ իրավական առումով Հայաստանում “Հայ Ազգային Կոնգրես” անունով գոյություն ունեն միայն Արդարադատության նախարարության կողմից գրանցված կուսակցությունը և ԱԺ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած “Հայ Ազգային Կոնգրես” ընտրական դաշինքը եւ նրա խմբակցությունը:
2. Որևէ այլ քաղաքական կազմակերպություն իրավունք չունի հանդես գալ գրանցված կուսակցության անունով: Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ներկայացմամբ` Արդարադատության նախարարության կողմից նաև գրանցված է պաշտոնական խորհրդանիշ (լոգոտիպ), որի օգտագործման համար նույնպես կուսակցությունն ունի բացառիկ իրավունքներ:
3. “Հայ Ազգային Կոնգրես” ընտրական դաշինքի կողմից որոշումներ կամ հայտարարություններ կարող են ընդունվել միայն այդ ընտրական դաշինքի բոլոր ութ կուսակցությունների մասնակցությամբ եւ համաձայնությամբ (երկու այլ կուսակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված դիմումների համաձայն պաշտոնապես դուրս է եկել դաշինքից):
4. “Հայ Ազգային Կոնգրես” ԱԺ խմբակցության որոշումներ եւ հայտարարություններ կարող են ընդունվել միայն խմբակցության, նրա ղեկավարի եւ քարտուղարի կողմից` կանոնադրությամբ հաստատված կարգի եւ լիազորությունների հիման վրա:
5. Հայ Ազգային Կոնգրեսի անունից որեւէ այլ հայտարարություն ինքնակոչ գործիչների եւ կազմակերպությունների կողմից տարածվող ապատեղեկատվություն է:
Հայ ազգային կոնգրես