Սիրիայում թուրքական զինված ուժերի կողմից ռուսական Սու-24-ի կործանումը գնահատում են որպես վրեժ ռուսական օդուժի կողմից «Իսլամական պետության» մի քանի հարյուրավոր նավթով լի բեռնատարերի ոչնչացման համար:
Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` ծայրահեղականները սիրիական սահմանով վառելիք են մատակարարել Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու ընկերությանը, ընդ որում, Դամասկոսում, այդ տեղեկությունը ընդունում են որպես ապացուցված փաստ:
«Նավթը մատակարարվում է ընկերությանը, որը պատկանում է Էրդողանի որդուն: Այդ պատճառով Թուրքիան վրեժ է լուծում Ռուսաստանից»,-գործակալությունը մեջբերում է սիրիացի նախարարի խոսքը:
«Առանց նախազգուշացման սիրիական օդային տարածքում ռուսական ինքնաթիռի կործանման փաստը հերթական անգամ ապացուցում է, որ Թուրքիան ստում է: Սկզբից նրանք հայտնեցին, որ 10 անգամ նախազգուշացրել են, ապա հայտնեցին, որ ինքնաթիռը գտնվել է Թուրքիայի տարածքում 17 վայրկյան: Անհնար է 17 վայրկյանում 10 նախազգուշացում անել»,-ընդգծել է նա:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ահաբեկիչներն ամեն օր 1,5 միլիոն դոլար են կորցնում ռուսական ռազմատիեզերական ուժերի օդային օպերացիայի պատճառով: Դադարեցվել է սև շուկա 60 հազար տոննա նավթի մատակարարումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան