Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է նոյեմբերի 25-ին վնասազերծված հանցավոր խմբի 21 անդամի: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել բավարար ապացույցների համակցության հիման վրա: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
«Նրանց նկատմամբ առկա է հիմնավոր կասկած: Մենք միջնորդություն ենք ներկայացնելու այդ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար, սակայն այդ անձանց մեղավորության հարցը դատարանի գործն է եւ վերջակետը կդրվի դատարանում: Նախաքննության այս փուլում մենք պետք է քննություն իրականացնենք, արդյունքները ի մի կբերվեն եւ նրանց գործողություններին կտրվեն քրեաիրավական գնահատականներ», -ասաց Համբարձումյանը:
ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը շեշտեց, որ խմբի անդամներին բաժանվել են հեռախոսահամարներ, որոնք գաղտնի են եղել, և նրանք կարողացել են խոսել միմյանց հետ: «Վնասազերծվել է խումբ, որն ունեցել է հստակ նպատակներ, ունեցել է հստակ մշակված ծրագրեր: Ընտրված են եղել հանցագործության թիրախներն ու կատարման եղանակները: Հասկանալի պատճառներով այս պահի դրությամբ չեմ կարող մանրակրկիտ ասել, թե ում դեմ ինչ հանցագործություններ են ծրագրված եղել: Նրանց կազմակերպված հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, պետական, քաղաքական անձանց, իշխանության առանձին ճյուղերի ու պետական առանձին մարմինների դեմ»,- ասաց ԱԱԾ պետի տեղակալը: