Ազգային անվտանգության ծառայությունը փորձում է պարզել, թե նոյեմբերի 25-ին
Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատանը հայտնաբերված
«զինված հանցավոր խմբավորումը» որտեղից է ֆինանսավորվել: ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի փոխանցմամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ տասնյակ հազարավոր դոլարներ կազմող գումարները հանցավոր խմբին տրվել են Հայաստանում, սակայն ծագման աղբյուրն անհայտ է:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր
համագործակցություն: Նախնական համաձայնությամբ` կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած
առանձնատանը:
ArmLur.am-ի թղթակիցը եղավ Արթուր Վարդանյանի մանկության թաղամասում, որտեղ պարզեցինք, որ նրա հարազատներն ավելի քան երկու տասնյակ տարի առաջ լքել են իրենց հայրական տունը: Մեզ հաջողվեց զրուցել նրանց նախկին հարևանների հետ, ովքեր, պարզվեց, ապշած են տեղի ունեցածից. «Արթուրից ոչ ոք նման բան չէր սպասում. «Մոտ 20-25 տարի առաջ Արթուրի մայրը նրան և եղբայրներին տարավ Հայաստանից, որովհետև Արթուրի հոր՝ Վալերիկի մահից հետո չէր կարողանում երեխաներին պահել: Դե՛, հետո էլ Իսպանիայից ինչ-որ հովանավոր հայտնվեց, ու նրանք կարողացան գնալ Հայաստանից: Իրենց տունը պետության օգնությամբ կարողացան նորոգել, վաճառել: Բայց ու-ուշ Սիրանը (խմբ. նկատի ունի Արթուր Վարդանյանի մորը) գալիս է Հայաստան: Ոնց որ անցած ամառ էր եկել»,- ArmLur.am-ին պատմեց տիկին Վարդուշը, ապա հավելեց, թե լուրերով են տեղեկացել, որ իրենց նախկին հարևանը նման պատմության կիզակետում է հայտնվել:
«Հայրը պատերազմում մահացավ, ֆիդայի մարդ էր: Ախր, ինչպե՞ս կարար ֆիդայու որդին Հայաստանին վատություն աներ: Բան չենք հասկանում դեռ, բայց չենք էլ պատկերացնում, որ նման բան կարող էր լինել. ի՞նչ ահաբեկիչ, ախր…»,- շարունակեց տիկին Վարդուշը:
Նմանատիպ գնահատականներ ստեղծվածի շուրջ տվեց նաև Վարդանյանների նախկին դրկից տիկին Սեդան, ով ևս մատնանշեց Արթուր Վարդանյանի հոր՝ զոհված ազատամարտիկ լինելու հանգամանքը: Ըստ մեր զրուցակցի՝ ըստ երևույթին, Արթուրի նպատակը հոր վրեժը լուծելն է եղել. «Երևի էդ զենքով կգնար Ղարաբաղ, հետո հոր մահվան վրեժը կլուծեր: Երեք երեխա ունի, վերջերս էր, ոնց որ, մեկն էլ ծնվել: Տունը վաճառեցին գնացին Իսպանիա: Սիրանույշը բուժքույր էր, տան կողքին փոքրիկ տեղ էր առանձնացրել, որ Հայաստան գալուց տեղ լիներ մնալու: Թե ինչ բարդեցին էդ էրեխու գլխին՝ Աստված գիտի: 3 մանր էրեխատեր մարդը ո՞նց կաներ էդպիսի բան»,- ասաց տիկին Սեդան:
Ի դեպ, ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի փոխանցմամբ՝ լուրեր կան, որ Արթուր Վարդանյանը եղել է Սիրիայի տարածքում, և այժմ այդ վարկածը քննության է առնվելու:
Հավելենք նաև, որ Ա. Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը (ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածով` հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր ձեռք բերելը և իրականացնելը). «Այն մեղադրանքի ծավալը, որ ներկայացված է, իմ պաշտպանյալը չի ընդունում: Այսինքն՝ չի ընդունում այն պաշտոնական մեղադրանքը, որ այդ զենքը պետք է կիրառվեր այստեղ»:
Ըստ երևույթին՝ Արթուր Վարդանյանին ճանաչողները պնդում են, որ նա նման բանի ընդունակ չի. այժմ մնում է սպասել՝ ինչ կպարզվի քննության արդյունքում:
Տաթև Հարությունյան