Երևանի քաղաքապետարանի և հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության հուշագրով ազդարարվել է Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 9/1 բազմաբնակարան շենքում իրականացված էներգաարդյունավետության բարձրացման և մուտքերի վերանորոգման աշխատանքների ավարտը: Այդ առիթով շենքի բակում կազմակերպված հանդիսությանը մասնակցել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի ղեկավար կազմի, ինչպես նաև համաֆինանսավորող բանկի ներկայացուցիչներն ու շենքի բնակիչները:
Հալաբյան 9/1 շենքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները կատարվել են Երևանի քաղաքապետարանի 40 տոկոս համաֆինանսավորմամբ` ՀՖՀԱ հիմնադրամի կողմից իրկանացվող Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում` «Աջափնյակ -1» համատիրության գործուն աջակցությամբ: Ծրագրի արժեքի 60 տոկոս մասնաբաժինը տրամադրվել է համատիրությանը`բանկերից մեկի կողմից `4.5 տարի մարման ժամկետով և 14 տոկոս տոկոսադրույքով: Բնակիչները բացի ամենամսյա բնակվարձից լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չեն կրելու:
Ծրագիրը նպատակ ունի բարելավել բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև նպաստել համատիրությունների աշխատանքի արդյունավետությանը: Ըստ այդմ, 132 բնակարանանոց շենքում նորերով են փոխարինվել շքամուտքի դուռը, հարկաբաժիններում տեղադրվել են մետաղապլաստե նոր պատուհաններ, շուրջ 200 քմ ծավալով ջերմամեկուսացվել է շենքի կոնսոլային մասը, նորոգվել է վերելակի մալուխային համակարգը, կողային հատվածները, հարկերում տեղադրվել են սենսորային լույսեր: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աջակցությամբ էլ փոխարինվել են սնուցող բոլոր համակարգերը, վահանակներն ու մալուխագծերը: Բնակիչները շնորհակալություն են հայտնել ծրագրի մասնակից կողմերին և պարտավորվել հետևել, որպեսզի շենքում կյանքի կոչված էներգախնայողության բարձրացման ծրագիրը երկար տարիներ ծառայի նպատակին: Երևանի քաղաքապետարանը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի հետ ծրագրեր է կյանքի կոչել թվով 12 բազմաբնակարան շենքերում, որոնցից 6-ում՝ էներգաարդյունավետության բարձրացման, ևս վեցում՝ ընդհանուր տարածքների բարեկարգման ուղղություններով: