Ահաբեկչական բնույթի կեղծ հաղորդագրություն է ստացվել, որ «Զվարթնոց»-ն ականապատված է և 2 օրից կպայթի. նամակը ստացվել է ԱՄՆ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ի երեկոյան ոստիկանությունում ստացված ահազանգը սովորականներից չէր: Հայտնում էին, որ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանն ականապատված է և կպայթի երկու օրվա ընթացքում:

Անմիջապես ոտքի հանվեցին ոստիկանության և համապատասխան գերատեսչությունների ստորաբաժանումները: Ստուգումների արդյունքում պարզվեց, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ահաբեկչական բնույթի հաղորդագրությունն ուղարկվել է Բելառուսի Հանրապետության քաղաքացի Եվա Սամսոնովայի անունից՝ ԱՄՆ-ում գտնվող էլեկտրոնային սերվերներից մեկի միջոցով, սակայն` ռուսական IP հասցեից:

Միջազգային համագործակցության և տարաբնույթ հարցումների արդյունքում՝ համապատասխան ծառայությունների արտերկրի մեր գործընկերներից ստացված տվյալների համաձայն՝ հաղորդագրությունը Եվա Սամսոնովայի անունից ուղարկել է Մոսկվայի մարզի Ռոմենսկի շրջանի բնակիչ, 1973 թ. ծնված Ս. Զաբաբոնովը:
Պարզվել է, որ Ս. Զաբաբոնովը ճանաչում է Ե. Սամսոնովային և նրա նկատմամբ տածած ոչ բարյացակամ վերաբերմունքից ելնելով՝ ուղարկել է ահաբեկչական բնույթի կեղծ հաղորդագրությունը:

Փաստի առթիվ ՌԴ ՆԳ Մոսկվայի վարչության Բալաշիխինսկոյե բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ` ՌԴ քր. օր.-ի 207 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն տարածելը) 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները:




Լրահոս