Հայաստանում քաղաքական փոփոխությունները պետք է սկսվեն ընդդիմության փոփոխությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական անցուդարձին հետևելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները և ընդդիմության մի մասն ակամա դաշնակիցներ են դարձել: Դաշինքի իմաստը Հայաստանի հանրությանը իրենց շուրջը տեղի ունեցող իրադարձություններից հեռու պահելն է:

Ինչո՞ւ ենք այսպես կարծում. այլևս ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը ներկայումս ծանր կացության մեջ է, իսկ առաջիկա տարում իրավիճակն էլ ավելի է վատթարանալու, և անգամ իշխանությունները չեն կարողանում ժխտել նման հեռանկարի գոյությունը: Ուստի մի պահ պատկերացնենք, թե իշխանությունները չէին նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը: Բնականաբար, հանրությունը դրա արդյունքում չէր նիրհելու և փորձելու էր հասկանալ, թե որոնք են ստեղծված իրավիճակի պատճառները: Այն, որ ստեղծված իրավիճակի պատճառն իշխանությունների կոռումպացված բնույթն է և դրանից բխող նրանց վարած քաղաքականությունը, բոլորին է հասկանալի:

Սակայն սահմանադրական հանրաքվեի հակաքարոզչության մեջ ներգրավված քաղաքական ուժերն այդ ամենը ներկայացնում են այսպես. «Ոչ ասեք սահմանադրական փոփոխություններին, որպեսզի ներկա իշխանություններն այլևս չկարողանան շարունակել իրենց թալանը»: Բայց մյուս կողմից իրենք՝ ընդդիմադիրներն էլ են հասկանում, որ սահմանադրական փոփոխությունների տապալվելու դեպքում իշխանություններին հեռացնելու հարցը չի լուծվելու: Այսինքն՝ ստացվում է, որ հանրությունը հերթական անգամ խաբվելու է, որովհետեւ երբ սահմանադրական փոփոխությունների գործընթացը ավարտվի, մարդիկ կրկին անգամ արձանագրելու են, որ իրենք շարունակում են իրենց «կոտրած տաշտակի» առջեւ նստած դարդ անել: Մյուս կողմից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իշխանությունների համար ևս արդարանալու անսահման հնարավորություններ է ստեղծել:

Նույնիսկ Սերժ Սարգսյանը չի խուսափում իր պաշտոնավարման բացասական հետևանքները Սահմանադրության վրա բարդել: Օրերս մենք ականատես եղանք, թե ինչպես էր նա արդարադատության բացակայության մեղքը փորձում Սահմանադրության հետ կապել: Կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ քաղաքական պատվերներ կատարող դատավորները, որոնք մեկը մյուսից կոռումպացված են, որոնք ժառանգականության սկզբունքով են իրենց պաշտոններում նշանակվում, երբեք չեն կարող արդարադատություն իրականացնել, և կապ չունի, թե նրանք ինչ օրենսդրության հիման վրա են գործում: Նրանք նույնիսկ Կտակարանը կպղծեն:

Իհարկե, հարց կարող է ծագել՝ իսկ ինչ պետք է անեին այն քաղաքական ուժերը, որոնք, այնուամենայնիվ, որոշել են մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հակաքարոզչությանը: Նրանցից շատ բան չի պահանջվում, ուղղակի իշխանություններին քննադատելիս պետք է պատասխանատուների անունները ևս հնչեցնեն և ընդհանրական իշխանություններին քննադատելու գործելավոճից պետք է հրաժարվեն: Այն պարզ պատճառով, որ իշխանություն ասվածն ինչ-որ վերացական մարմին չէ, այն կոնկրետ մարդկանցից է բաղկացած: Օրինակ՝ երբ խոսքը գնում է տնտեսության ծանր կացության մասին, ապա պետք չէ մոռանալ, որ թիվ մեկ պատասխանատուն ներկա կառավարությունն է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ու 18 նախարարների մեղսակցությամբ:

Ի դեպ, տվյալ դեպքում նախորդների գործոնն էլ էական չէ, որովհետեւ եթե ներկա կառավարությունն ինքն ավելի լավն է, ապա անցած մեկուկես տարում նրա գործունեության դրական արդյունքներն արդեն պետք է նկատվեին: Իսկ մենք հակառակ երեւույթի ականատեսն ենք: Երբ խոսքը գնում է արդարադատությունից, ապա դրա պատասխանատուն ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է, վճռաբեկ դատարանի մյուս անդամների հետ միասին: Իհարկե, գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, բայց նրա վնասարարությանը նպաստում է մի ողջ համակարգ, որի մեջ ներառված են շուրջ հազար մեծ ու փոքր պաշտոնյաներ:

Ու ամեն անգամ այս մարդկանց արածների համար միայն Սերժ Սարգսյանին հայհոյելը, մեղմ ասած, օգնում է, որպեսզի համակարգն ավելի մեծ թափով շարունակի աշխատել:

Այն հանգամանքը, որ ներկա ընդդիմությունը խուսափում է բարձրաստիճան պաշտոնյաներին անվանական անդրադառնալուց, ամենևին էլ պատահական չէ: Նախ, այսպես կոչված, հին ընդդիմադիրները վաղուց արդեն տարբեր կապերով այդ նույն պաշտոնյաների հետ կապված են և կաշկանդված են: Նույն վիճակն է նաև մեկումեջ ընդդիմություն խաղացող քաղաքական ուժերի դեպքում:

Նրանք պարտադրված են ընդհանրական քննադատել, և առավելագույնը, որ նրանք կարող են անել, բոլոր մեղքերը միայն Սերժ Սարգսյանի վրա բարդելն է, չնայած իրենք էլ գիտեն, որ նա ընդամենը բուրգի գլուխն է: Այսինքն՝ վաղ թե ուշ Հայաստանի հանրությունը փաստի առաջ է հայտնվելու՝ գիտակցելով, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները պետք է սկսվեն ընդդիմության փոփոխությունից:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս