Ինչու սնանկացավ «Էյր Արմենիա»-ն. Հայաստանի բախտը տեղական ավիափոխադրողների հարցում չի բերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային ավիափոխադրողները Հայաստանից հեռանում են ոչ նպաստավոր պայմանների պատճառով, իսկ ազգային ավիափոխադրողները՝ սնանկանում: Հայաստանի բախտը տեղական ավիափոխադրողների հարցում կարծես թե չի բերում. նախ` «Հայկական ավիաուղիներ»-ը սնանկացավ, հետո՝ «Ամավիա»-ն դադարեցրեց գործունեությունը եւ սնանկ ճանաչվեց, հիմա էլ՝ «Էյր Արմենիա»-ն:

Ինչո՞ւ սնանկացավ ազգային ավիափոխադրողը: «Էյր Արմենիա»-ն շուրջ 10 տարի զբաղվել է ավիաբեռնափոխադրմամբ, առաջին ուղեւորափոխադրող թռիչքն իրականացրել է դեռեւս 2013 թվականի հոկտեմբերին: Նախորդ տարվա սեպտեմբերին ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ «Էյր Արմենիա»-ի պարտքերի պատճառով սեպտեմբերի 21-ից կդադարեցվեն թռիչքները Հայաստանից դեպի Ռուսաստան:

Սակայն ընկերությունը հերքել էր այս լուրերը՝ նշելով, որ Ռուսաստանում ավիահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմնի՝ «Ռոսաէրոնավիգացիա»-ի (ՌԱՆ) նկատմամբ ունի 400 հազար դոլարի պարտք եւ 700 հազար դոլարի ընթացիկ պարտք, որը հնարավոր չի եղել մարել, քանի որ այն բանկը, որի միջոցով ՌԱՆ-ի գումարները փոխանցվել են, ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների կողմից սանկցիայի տակ է: «Էյր Արմենիա»-ն ՌԱՆ-ին առաջարկել էր, որ մինչեւ սեպտեմբերի 21-ն իրենց ներկայացնեն այնպիսի բանկի հաշիվներ, որտեղ արված փոխանցումները տեղ կհասնեն: Սակայն ՌԱՆ-ը անակնկալ հայտարարություն էր տարածել, որ պարտքերի պատճառով հրաժարվում է սպասարկել «Էյր Արմենիային», եւ վերջինիս թռիչքները դեպի Ռուսաստան դադարեցվում են: Դա մեծ խուճապ առաջացրեց թե՛ ուղեւորների, թե՛ վարկատուների մոտ:

Բազմաթիվ ուղեւորներ վերադարձրեցին արդեն իսկ գնված տոմսերը: Հաջորդող օրերին ուղեւորների մի մեծ զանգված հրաժարվեց հայկական ուղեւորափոխադրողի ծառայությունից, ինչի արդյունքում ընկերության տոմսերի վաճառքը նվազեց ավելի քան 60 տոկոսով: Այս ամենի պատճառով ընկերությունը ֆինանսական մեծ վնասներ կրեց եւ դադարեցրեց ուղեւորափոխադրումները: Սակայն չնայած դրան` հաջորդող ամիսներին ընկերությունը պարբերաբար հաղորդագրություններ էր տարածում այն մասին, որ առաջիկայում կվերսկսեն չվերթները: Սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ, եւ ընկերությունը սնանկացավ:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա նոյեմբերի 2-ի վճռով «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ: Բանն այն է, որ այս տարվա հուլիսի 28-ին «Էյչ էս Բի Սի բանկը» դիմել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան` «Էյր Արմենիա» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով:

«Էյր Արմենիա» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ըստ օրենքի՝ առողջացման ծրագիր ներկայացնելու ժամկետը սահմանված է մինչեւ պարտատերերի առաջին ժողովը: «Հիմա՝ այս փուլում, պահանջների գրանցման գործընթացն է, ինչից հետո հստակ կհասկանանք, թե որքան է ընկերության ունեցած պարտավորությունը կամ ում հանդեպ՝ բանկերի, հարկային մարմինների հանդեպ, նաեւ՝ չվճարված աշխատավարձերը: Եւ այս ամբողջական պարտքերի պատկերը հստակ ունենալուց հետո կհասկանանաք՝ հնարավո՞ր է, արդյոք, ֆինանսապես առողջանալ, թե՞ ոչ»,- մանրամասնեց սնանկության գործով կառավարիչը: Նրա խոսքերով՝ ընկերությունն է ներկայացնելու առողջացման ծրագիրը: Եւ որպեսզի ամեն բան իրատեսական լինի, պետք է տվյալներ լինեն, թե ներկա պահին ընկերությունն ում եւ որքան է պարտք, եւ ինչ ծավալով են առողջացնող ներդրումները լինելու: «Ընկերությունը խոշոր չափի պարտքեր է կուտակել, հետո երկար ժամանակ գործունեություն չի ծավալել: Հիմնականում ընկերությունը պարտք է բանկերին: Այս պահին կան արդեն գրանցված պարտատերեր»,- տեղեկացրեց Ասատրյանը: Նշենք, որ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող գույքը գտնվում է արգելանքի տակ:

Այսքանից հետո ընկերությունը կկարողանա՞ ներկայացնել առողջացման ծրագիր: Այս հարցին ի պատասխան՝ ընկերության մամուլի քարտուղար Սիրակ Համբարձումյանն ասաց. «Առաջիկայում պարտադիր առողջացման ծրագիր ենք ներկայացնելու: Հիմա այն մշակման փուլում է գտնվում: Ինչ-որ տեխնիկական հարցեր կան: Այս պահին կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, թե երբ ենք ներկայացնելու առողջացման ծրագիրը: Բայց այն հաստատվելուց հետո ավելի հեշտ կլինի շարժվել առաջ, որովհետեւ արգելանքից կհանվի գույքը, եւ մենք կկարողանանք գործել»: Ս. Համբարձումյանը հայտարարեց նաեւ, որ այն գումարը, որը «դրսից» պետք է ուղարկվեր, հիմա կապված է ընկերության առողջացման ծրագրի հետ: «Ժողովուրդ»-ը ընկերության ներկայացուցչից հետաքրքրվեց, թե որքան է կազմում ընկերության ամբողջական պարտքը, սակայն վերջինս նշեց, որ տեղյակ չէ: «Մենք չէինք գնա սնանկացման, «Էյչ Էս Բի Սի բանկ»-ն է դիմել դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով»,- ընդգծեց Համբարձումյանը:

Ի դեպ, տեւական ժամանակ է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը երկրում չէ: «Ժողովուրդ»-ը փորձեց նրա հետ կապ հաստատել, սակայն դա մեզ չհաջողվեց:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը ծեծի էր ենթարկվել: Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը, հայտնել էր, որ ընկերությունն ունի պարտքեր, եւ պարտատերերից Գառնիկ Պապիկյանը, որը հանդիսանում է «Տարոն» ավիաընկերության սեփականատերը, դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի վերջինս «այլ ճանապարհներով պարտքերը ստանա»: Մելքումյանը պատմել էր, որ Հայրապետյանը ամուսնուն հրավիրել էր ֆուտբոլի ֆեդերացիա՝ հանդիպման: Ապա ամուսնուն ծեծելով տարել ու պահել ֆեդերացիայում: Սակայն ավելի ուշ այդ հայտարարությունների առիթով քրեական գործի հարուցումը մերժվեց հանցադեպի բացակայության հիմքով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս