Վարչական դատարանի դատավորները պետական պաշտոնյաների հարազատներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչական դատարանն այն ատյանն է, որը լիազորված է քննել պետական կառույցների կայացրած իրավական ակտերի դեմ բողոքները: Սակայն քչերի մտքով կանցնի, որ այս դատարանի դատավորների մեծ մասը պետական պաշտոնյաների զավակներ կամ հարազատներ են: Ուստի այս պայմաններում դժվար է խոսել դատարանի անկախ լինելու մասին:

Իրավաբանական եւ ֆիզիկական անձը, ով դեմ է, օրինակ, Վանաձորի քաղաքապետարանի կողմից կայացրած վարչական ակտին, քաղաքապետարանի որոշումը կարող է բողոքարկել ՀՀ վարչական դատարանում:
Ասել է թե՝ դատարանը, ըստ էության, քննում է հանրային իրավահարաբերություններից բխող վեճեր, որոնց մի կողմում վարչական լիազորություններով օժտված մարմին է, մյուս կողմում՝ մասնավոր իրավունքի սուբյեկտ:

Եվ, ահա, ուսումնասիրելով ՀՀ վարչական դատարանի դատավորների կազմը՝ հետաքրքիր պատկեր արձանագրեցինք. դատարանի նորանշանակ դատավորների մեծ մասը ազգակցական կապ ունեն բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ու այսպես, ովքե՞ր են ՀՀ վարչական դատարանի դատավորները:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ, օրինակ, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը, որը 2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ, Էջմիածին քաղաքի նախկին ոստիկանապետ Բաղիշ Մաթեւոսյանի որդին է:

Իսկ Աղասի Դարբինյանը, որը ՀՀ վարչական դատարանի դատավոր է դեռեւս 2010 թվականից, պարզվում է՝ մշտապես աղմկալի պատմությունների կիզակետում հայտնվող Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է: Ամենայն հավանականությամբ դատավոր Աղասի Դարբինյանը պատահական չի հայտնվել այդ պաշտոնում եւ այսօր կարող է օգնել հարազատ հայրիկին` չեզաքացնելով այն բոլոր վտանգները, որոնք կարող են բխել Վանաձորի քաղաքապետարանի կողմից կայացրած քաղաքացիների բողոքարկումները քննելու ժամանակ:

Նոյեմբերի 18-ին «Ժողովուրդ»-ը գրել էր ՀՀ վարչական դատարանի միլիոնատեր դատավոր Անի Հարությունյանի եւ նրա ով լինելու մասին: Ինչպես հայտնի է՝ երիտասարդ դատավորը ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի` Գրիշայի դուստրն է: Հավելենք, որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանն էլ Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է:
Այսքանով, սակայն, բարձրաստիճան պաշտոնյաների հետ ազգակցական կապ ունեցող ՀՀ վարչական դատարանի դատավորների շարքը չի ավարտվում: 2013 թվականից ՀՀ վարչական դատարանի դատավոր նշանակված Ռաֆիկ Խանդանյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որդին է: Իսկ, ահա, Խանդանյանների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ազգակցական կապի մասին բոլորը գիտեն: Առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի խնամին է:

«Ժողովուրդ»-ը դեռեւս 2014 թվականին անդրադարձել էր ՀՀ արդարադատության խորհրդում ՀՀ վարչական դատարանի դատավորի ընտրության շուրջ ստեղծված վիճաբանությանը: Բանն այն է, որ ԱԽ քննության ընթացքում ՀՀ վարչական դատարանի դատավոր էր ընտրվել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ռեկտոր, ՀՀԿ-ի Իջեւանի կառույցի ղեկավար Սամվել Առաքելյանի որդին` Գրիգոր Առաքելյանը: Վերջինիս ընտրության հարցում ընդդիմացողներից մեկը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ԱԽ անդամ Գագիկ Ղազինյանն էր, քանի որ Առաքելյանն իր ուսանողն է եղել, եւ նա ծանոթ էր նրա մասնագիտական որակներին. «Այնպես չէր, որ միանշանակ այդ անձնավորությունը, ով որ անցավ, բոլորի համակրանքը վայելում էր: 24-25 տարեկանում մարդը չի կարող դատավոր աշխատել»,- ասել էր Ղազինյանը: Բայց չնայած մասնագետների մասնագիտական դիմադրությանը, Գրիգոր Առաքելյանն արդեն երկու տարի է, ինչ ՀՀ վարչական դատարանի դատավոր է:

Իհարկե, դատական մյուս ատյաններում բարեկամական կապերն ու պաշտոնյա հայրիկների առկայությունը կարելի է այդքան վտանգավոր չհամարել, բայց ՀՀ վարչական դատարանի դատավորների դեպքում իրավիճակը միանգամայն այլ է, քանի որ դատական այս ատյանը հատուկ ուղղվածություն ունի եւ լիազորված է քննել պետական կառույցների կայացրած իրավական ակտերի դեմ բողոքները: Եւ այսքանից հետո ասել, որ ՀՀ վարչական դատարանն անկախ է, մեղմ ասած, անհեթեթություն է:

Քնար Մանուկյան




Լրահոս