Բազմաթիվ դեպքերում մարդիկ անորոշ ժամկետով հայտնվում էին քրեական հետապնդման մեջ, քանի որ օրենսդրական բացի եւ առկա բացասական պրակտիկայի արդյունքում քննիչի մի շարք որոշումներ կարող էին մի քանի անգամ կամայականորեն վերացվել գործը հսկող դատախազի կողմից:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դեռեւս 2013թ. բարձրացրել էր նշված խնդիրը, իսկ արդեն 2015թ. նա Սահմանադրական դատարանում վիճարկեց Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթը՝ Քննչական կոմիտեից ստացված դիմումի հիման վրա: Օմբուդսմենի՝ Սահմանադրական դատարան դիմելուց որոշ ժամանակ անց Գլխավոր դատախազը նույնպես դիմեց Սահմանադրական դատարան, եւ նրա դիմումը միացրին Օմբուդսմենի դիմումին:
Այս գործով Սահմանադրական դատարանն օրեր առաջ կայացրեց որոշում, որով պարզաբանեց Քննչական կոմիտեի եւ Դատախազության որոշ իրավասություններ, տվեց դիրքորոշումներ, որոնք, թեեւ կարեւոր գործնական նշանակություն ունեն, սակայն, ցավոք հստակ եւ լիարժեքորեն չեն լուծում բարձրացված խնդիրը:
Մարդու իրավունքների տեսանկյունից դրական է, որ Սահմանադրական դատարանն իր դիրքորոշմամբ Դատախազությանը պարտավորեցրել է հստակ ցուցումներ տալ քննիչի որոշումը վերացնելու դեպքում: Այսինքն, եթե գործը հսկող դատախազը նախկինում կարող էր առանց հստակ ցուցումների վերացնել քննիչի որոշումները, ապա հիմա դա կարող է անել միայն կոնկրետ պայմանների պահպանման դեպքում:
Միեւնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը հստակ չի տվել այն կարեւոր հարցի պատասխանը, թե քանի անգամ կարող է վերացվել քննիչի` անձի նկատմամբ կայացրած որոշումը: Այսինքն` անորոշ է մնացել, թե արդյոք Գլխավոր դատախազի կողմից քննիչի որոշումը վերացնելու դեպքում քննիչի կայացրած նոր որոշումը կրկին կարող է վերացվել, թե` ոչ:
Այս դատական վեճի մեկ այլ դրական արդյունք է այն, որ Սահմանադրական դատարանը սահմանել է, որ որոշումների կայացումն անհարկի ձգձգելը բացառելու համար հետաքննության մարմինն ու քննիչը պետք է անհապաղ տրամադրեն անհրաժեշտ նյութերն ու փաստաթղթերը: Սա կնպաստի մարդու վերաբերյալ որոշումների կայացման` օրենքով սահմանված ժամկետների պահպանմանը: Միեւնույն ժամանակ հաշվի չեն առնվել այն դեպքերը, երբ նյութերի անհապաղ տրամադրումն օբյեկտիվ պատճառներով անհնար կլինի: Այս խնդիրն այժմ արդեն հնարավոր կլինի լուծել միայն համապատասխան օրենսդրական փոփոխությամբ:
Ամփոփելով Դատարանի կայացրած որոշումը` կարող ենք փաստել, որ Օմբուդսմենի միջամտությամբ եւ Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրվեցին մարդու համար կարեւոր մի շարք երաշխիքներ, սակայն, այնուամենայնիվ, շարունակվում է չլուծված մնալ անձի` անորոշ ժամկետով քրեական հետապնդման մեջ մնալու խնդրահարույց հարցը: Այս պարագայում հարցին եւս կարող է օրենսդրական լուծում տրվել, ինչի վերաբերյալ Օմբուդսմենն Ազգային ժողովի խմբակցություններին կներկայացնի կոնկրետ առաջարկներ:
Օմբուդսմենի աշխատակազմ