Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերն անհիմն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ոստիկանությունը, որում, մասնավորապես, ասվում է.
“Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտալուտ պաշտոնանկության մասին:
Այդ տեղեկությունները զուրկ են որեւէ հիմքից եւ չեն համապատասխանում իրականությանը: Ու մեկ անգամ եւս ստիպված ենք ցավով փաստել, որ որոշ լրատվամիջոցներ չեն ծառայում իրենց նպատակին, որը լուր տալն է, ոչ թե ապատեղեկատվություն տարածելը:
Ոստիկանության վերաբերյալ տեղեկությունների հավաստիությունը ճշտելու լավագույն միջոցը նույն ոստիկանությանը դիմելն է: Եվ մեր պարզաբանումները տրվում են անհապաղ ու լիարժեք: Բայց, ըստ երեւույթին, հիշյալ լրատվամիջոցներն առաջնորդվում են միայն իրենց հայտնի տրամաբանությամբ ու նկատառումներով:
Սթափվե՛ք:
Ձեր տարածած ապատեղեկատվությունը ոստիկանության հեղինակությանը չի վնասում, որովհետեւ ճշմարտությունը միշտ զորավոր է ստից: Վնասում է ձեր հեղինակությանը, մոլորության մեջ է գցում ընթերցողին ու հասարակությանը եւ, բումերանգի պես, կրկին վերադառնում ձեզ՝ անհավատության ու անվստահության տեսքով:
Կրկին հիշեցնում ենք՝ հավաստի տեղեկատվություն հրապարակելու լավագույն միջոցը իսկապես իրազեկ եւ պատասխանատու աղբյուրի հետ համագործակցելն է, տվյալ դեպքում՝ ոստիկանության, որը միշտ պատրաստ ու բաց է ազնիվ գործընկերության համար”:




Լրահոս