Փոխըմբռնման հուշագիր՝ Արդարադատության նախարարության և Երկրապահ կամավորականների միության միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Դրա շրջանակում Արդարադատության նախարարությունը հնարավորինս կաջակցի այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայրենիքի պաշտպաններին օրենսդրությամբ տրամադրվող երաշխիքների վերլուծությանը և դրանց հետագա կատարելագործմանը: Բացի իրավական և օրենսդրական բաղադրիչը՝ կիրականացվեն համատեղ այնպիսի ծրագրեր, որոնցում ընդգրկված կլինեն ԵԿՄ «Պատանի երկրապահ» և «Երիտասարդ երկրապահ» ակումբների անդամները:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կարևորել է փոխգործակցության այսօրինակ ձևաչափը և նշել, որ սրանով պետական մարմին-հասարակական կազմակերպություն շղթան մտնում է համագործակցության որակական նոր փուլ, խթանում հարաբերությունների զարգացման իրավական բաղադրիչը՝ ամրապնդելով պետություն-քաղաքացիական հասարակություն կապը:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորել է ներկաներին հուշագրի ստորագրման կապակցությամբ և նշել, որ դրանով կնպաստեն եռասերունդ երկրապահների իրավագիտակցության բարձրացմանը՝ ի շահ մեր հասարակության ու պետության: Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ և ԼՂՀ անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին պարգևատրել է «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով:

Այնուհետև նախարարը ԵԿՄ վարչության նախագահի ուղեկցությամբ շրջայց է կատարել ԵԿՄ վարչությունում, ծաղիկներ դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն և այցելել Երկրապահի թանգարան:




Լրահոս