Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նորք-Մարաշ համայնքի 9-րդ փողոցում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի՝ այս պահի դրությամբ հայտնի ամենակրտսեր անդամ 21-ամյա Նելի Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ArmLur.am-ին Նելի Մինասյանի պաշտպանը՝ Ինեսսա Պետրոսյանը, հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իրեն մեղավոր չի ճանաչում:
Նկատենք, որ խմբի այս անդամը մինչ այս պահն ամենաքննարկվածներից մեկն է: Լրատվամիջոցների հետ զրույցում Նելիի հայրը՝ Սլավիկ Մինասյանը, վստահեցրել է՝ իր դուստրը ահաբեկիչ լինել չէր կարող. նա միշտ աչքի է ընկել իր հայրենասիրությամբ: Հոր փոխանցմամբ՝ Նելին Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղից Երևան էր եկել սովորելու նպատակով, աշխատում էր մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում: Սլավիկ Մինասյանի համար կատարվածն առնվազն տարօրինակ է:
Տեղեկացանք, որ Նելի Մինասյանը «Գլաձոր» համալսարանի ուսանողուհի է: Սովորում է իրավաբանական ֆակուլտետի չորրորդ կուրսում: Իսկ այստեղ պարզեցինք, որ արդեն երրորդ օրն է՝ բոլորը, ինչպես մեր զրուցակիցներն ասացին, շոկի մեջ են: Ռեկտոր Ժորա Ջհանգիրյանի գնահատմամբ՝ բոլորը զարմացած են. գիտեն այն, ինչ հրապարակվում է լրատվամիջոցներով. «Առավոտյան այստեղ էր, երեկոյան աշխատում էր: Պարզապես զարմացած ենք, դեռևս ոչինչ ասել չեմ կարող»:
Այստեղ Նելիին ճանաչողները նրան առանձնացնում են առաջին հերթին որպես մեծ հայրենասերի: Շատերը հիշեցին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներին նրա ակտիվ մասնակցությունը, սոցցանցերում հայրենասիրական գրառումները՝ նշելով. «Ահաբեկչի կերպարը շատ խստացված ու չափազանցված է»:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ որպես պարագլուխ ներկայացված Արթուր Վարդանյանի նախկին հարևանները ևս շեշտում էին հայրենասիրությունը. «Զոհված ազատամարտիկի որդին ինչպե՞ս կարող է երկրի նկատմամբ ահաբեկչություն իրականացնել»,- ArmLur.am-ին ասել էին Վարդանյանի հարևանները:
Տրամաբանություն, իհարկե, այս խոսքերում կա, իսկ թե ինչ կպարզի ԱԱԾ իրականացրած քննությունը, որքանով դա՛ կլինի տրամաբանության սահմաններում, և արդյոք, ինչպես ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն էր ասել, կարիք կլինի շնորհակալություն հայտնել հատուկ օպերացիա իրականացրած աշխատակիցներին, ցույց կտա ժամանակը:
Տաթև Հարությունյան