ԵՍ ԸՄԲՈՍՏ ԵՄ ԵՂԵԼ, ԿԱՄ ԵՎ ԿՄՆԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամիսներ առաջ երգչուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշել էր, որ  իր հեղինակած “Իմ արեւե հաղորդումը ֆինանսավորման բացակայության պատճառով  դադարեցվել է:  Օրերս պարզեցինք, որ երգչուհու հաղորդումը կրկին հեռարձակվում է, սակայն արդեն “Երեւան” հեռուստաընկերությամբ: 
-Այնպես պատահեց, որ հեռուստաընկերության նոր պրոդյուսերի հետ պայմանավորվեցի, ու հաղորդումը վերականգնվեց: Եղած հեռուստաընկերությունները չէին ուզում: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Հայաստանում առանց միջնորդ-ծանոթ-բարեկամի բարդ է առաջ գնալ: Այս ամենն իմ եւ ուրիշների օրինակներից էլ գիտեմ: 
-Դուք նաեւ ասում էիք, որ Ձեր հաղորդման հեռարձակումը կապված է ընտրությունների հետ, ինչպե՞ս: 
-Որովհետեւ շատ քաղաքական գործիչներ կան, որ պետք է հյուր գան, բոլորը սպասում էին` ընտրությունն ավարտվի, որ կարողանան ընդունել հրավերը:
-Իսկ Դուք քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ եք:
-Որպես նորմալ քաղաքացի` հետ չեմ մնում, այս վերջին տարիներին այնպես է ստացվել, որ ուզես-չուզես` դրա մեջ ես հայտնվում: Հետեւում եմ միայն հեռվից, ժողովրդի մակարդակի` ո՛չ ավել, ո՛չ պակաս: Կա՛մ պետք է զբաղվես քաղաքականությամբ, կա՛մ ոչ: Գուցե միառժամանակ հետո ես էլ իմ մասնագիտությունից դուրս այլ բանով զբաղվեմ, դե ամեն ինչ հնարավոր է: 
-Հիմա Դուք ընդդիմադի՞ր եք, թե՞ իշխանամետ:
-Ես ե՛ւ ընդդիմությունում, ե՛ւ իշխանական թեւում շատ ընկերներ ունեմ, շատ հարգում, սիրում եմ բոլորին: Ունեմ իմ դիրքորոշումն ու կարծիքը որոշ հարցերի շուրջ, բայց ոչ մեկի կողմն էլ կանգնած չեմ: Ընդհանրապես, արվեստագետը պետք է ըմբոստ լինի: Ես ըմբոստ եմ եղել, կամ եւ կմնամ: Նույնիսկ եթե վաղն ընդդիմությունը գա, ես, միեւնույն է, ըմբոստ եմ լինելու: Դա նորմալ է, երբ մարդն անընդհատ պրպտում է, փոփոխություններ է ուզում: 
-Հիմա ինչի՞ դեմ եք ըմբոստացած:
-Ատամիս ցավի, որ մի քանի ամիս է՝ բուժում եմ, չի բուժվում: 
-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր գործընկեր արվեստագետների ներկայությանը քաղաքականության մեջ: 
-Եթե իրենք ճիշտ են համարում, ես ինչի՞ պետք է սխալ համարեմ: Բայց դա էլ շատ բարդ է: Լինելով արվեստագետ, այդքան գործերը վրադ՝ ամեն առավոտ արթնանաս, գնաս Ազգային ժողով… Չնայած կյանքը հիմա էնպես ա դասավորվել, որ բարձունքի հասնելու չափանիշը դրանով է` ըհըն, մտավ քաղաքականության մեջ:
-Դեռ շարունակո՞ւմ եք երգել ակումբում:
-Այո՛, “Ջոս” ակումբում եմ երգում, բացի այդ էլ, նոր երգեր եմ պատրաստում, ընթացքի մեջ են, ամեն ինչ նորմալ է: Կարելի է ասել՝ ինձ մոտ լռության պահն անցել է: Չնայած հասկանում եմ, որ մեզ մոտ մեծ թվեր են պետք տեսահոլովակներ նկարելու համար, այս պահին դրա մասին դեռ չեմ մտածում: Հիմա, որ ճիշտն ասեմ, ժամանակ էլ չունեմ, հաղորդում եմ նկարում:
-Սիրո՞վ եք գնում ակումբում երգելու, թե՞ ստիպված:
-Այնքան սիրով եմ գնում՝ չեք պատկերացնի, մանավանդ որ երկար տարիներ ակումբում չէի երգում: Մի 9 ամիս է՝ երգում եմ, այնքան բավարարված եմ լինում, համերգներ չեն լինում, գոնե այսպես երգեմ: Իմ մասնագիտության մեջ եմ, կոլեգաներիս հետ եմ, ուրախ է անցնում: 
-Չե՞ք հետաքրքրվել, թե ինչու համերգների կազմակերպիչները Ձեզ չեն հրավիրում:
-Հրավիրում են այն մարդկանց, որոնք հիմնականում կան: 20 հոգի են, թե 26, այդքանն են: Արդեն քանի տարի է՝ Հայաստանում այդ վիճակն է: Տարիներ առաջ նեղվում էինք, մտածում էինք՝ բայց ինչի՞, հիմա արդեն սովորել ենք: Համերգների կանչում են այն մարդկանց, որոնք տեսահոլովակներ են նկարում, եթերում երեւում են: Իսկ ես ամեն օր չեմ երեւում: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս