ԵԽԽՎ-ում գործում է խավիարը, մանաթը. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 23-ին Փարիզում ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը որոշել է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին վերաբերող «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը ներառել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ: Այսպիսով` 2016 թվականի հունվարյան նստաշրջանում արդեն հակահայկական երկու զեկույց է ընդգրկված: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը հորդորել են այս ժամանակահատվածում «կարգին» աշխատել, որպեսզի հունվարյան նստաշրջանում կարողանան թիմակիցներ հավաքագրել՝ մեկ անգամ եւս խայտառակ չլինելու համար: Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը նախատեսված է սկսել հունվարի 25-ից:

«Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցի հեղինակը ԵԽԽՎ-ում Բոսնիա Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Հիշեցնենք՝ անցյալ տարվա ապրիլին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում էր կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը: Բացի այս` մոտ մեկ ամիս առաջ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունվել էր «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռոբերտ Ուոլթերի զեկույցի նախագիծը, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից, իսկ զեկույցի 17-րդ կետում խոսվում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը պատժելու մասին:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ` պարզելու համար ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված այս երկու հակահայկական զեկույցների վերաբերյալ, որոնք կարող են բացասական հետեւանքներ ունենալ Արցախի համար:

-Պարո՛ն Բաբայան, արդեն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական զեկույց է ընդգրկվել, որոնք վերաբերում են ԼՂՀ տարածքներին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին, եւ ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս երկու զեկույցների հարցը:

-Իհարկե, ԵԽԽՎ-ում տեղի են ունենում շատ ոչ եվրոպական եւ ժողովրդավարական աշխարհին ոչ վայել գործընթացներ ու ասել, թե այդ ամենն ինչ-որ վտանգ է ներկայացնելու Արցախի համար, չի կարելի, որովհետեւ, այնուամենայնիվ, եթե նույնիսկ տեսականորեն համարենք, որ այդ երկու զեկույցներն էլ կընդունվեն, ապա դրանք չեն էլ ունենալու քաղաքական եւ իրավական պարտադիր ուժ: Սա ուղղակի խորհրդատվական մի «փաստաթուղթ» է: Ինչու չակերտներում, քանի որ դա գնված փաստաթուղթ է, ու դրա մասին մենք բոլորս էլ գիտենք: Փաստորեն Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականության շնորհիվ ԵԽԽՎ-ն դարձել է արեւելյան շուկայի մի տաղավար, մենք այդ ամենի մասին բազմիցս բարձրաձայնել ենք: Ու սա է ամենավտանգավոր զարգացումը, որ եվրոպական կառույցներն իսկապես դարձել են այդպիսի առք ու վաճառքի տեղ: Սա է մեզ մտահոգում, ոչ թե այն, թե դա կունենա ինչ-որ ազդեցություն Արցախի ապագայի վրա: Այդպիսի երկու բանաձեւ էլ են ընդունել ժամանակին, բայց դրանց տեղն անգամ ոչ ոք չգիտի, նույնն էլ կլինի այս, այսպես կոչված, զեկույցների հետ: Բայց, այնուամենայնիվ, տհաճ զգացմունքներ ունենք, ոչ հաճելի զեկույցներ են, որոնք սակայն որեւէ ձեւով չեն անդրադառնալու Արցախի հարցի վրա:

-Նշվում է, որ այս ժամանակահատվածում պետք է միջազգային կառույցների հետ աշխատելով՝ կարողանանք այնպես անել, որ նրանք քննադատության ենթարկեն ԵԽԽՎ հանձնաժողովներում ընդունված զեկույցները: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք դա հայկական կողմին հաջողվելու է, թե այդտեղ եւս ձախողումներ են լինելու:

-Ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանն ամեն ինչ անելու են, որպեսզի նման մոտեցումները, նման տեսակետները հասանելի լինեն Եվրոպական պետություններին: Ուղղակի խնդիրը նրա մեջ է, թե որքանով եվրոպական արժեքները կարող են դիմակայել… կամ պատգամավորները կփոխեն իրենց արժեհամակարգը, թե դա չի լինի, քանի որ դրա հիմքում ընկած է լինելու ադրբեջանական մանաթը կամ խավիարը: Բայց մենք տեսնում ենք, որ եվրոպական կառույցներում գոյություն ունի արժեհամակարգի լուրջ ճգնաժամ: Սեփական ֆինանսական վիճակը բարելավվելու համար ոտնահարում են ուրիշների իրավունքները, նույնիսկ այնպիսիք, որոնք նրանց համար պետք է լինեին սրբություն: Կարծում եմ, որ սա վերջը չէ, բայց սա վատ սկիզբ է, ու Եվրոպան պետք է իր մեջ գտնի այդ ուժը, որպեսզի կարողանա դիմակայել այդ բոլոր մարտահրավերներին:

-Շատերի համոզմամբ` այս ձախողումների «մեղավորը» նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչներն են, եւ ըստ որոշ տեղեկությունների` պատվիրակության կազմը փոխվելու է: Արդյո՞ք դրանով լուծվելու է խնդիրը, եւ արդյո՞ք սա մեր պատվիրակության անգործության արդյունքն է:

-Ի՞նչ պետք է աներ պատվիրակությունը, եթե ԵԽԽՎ-ում կան մարդիկ, ովքեր ունեն բիզնես շահեր Ադրբեջանում, ովքեր կապված են բարեկամական կապով այդ երկրի հետ, ովքեր պարզապես կոռուպացված են: Մենք տեսնում ենք այնտեղ այլ արժեհամակարգ, որտեղ գործում է մանաթը, խավիարը եւ այլն: Այս վիճակում, եթե մենք անգամ փոխենք հայկական պատվիրակության կազմը՝ ընդգրկելով ակադեմիկոսներ եւ այլն, ապա դրանով ոչ մի բան չի փոխվի: Այնպես չէ, որ նրանք որեւէ բան չեն անում կամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, նրանք ակտիվ աշխատում են, ուղղակի այնտեղ մարտահրավերն այլ է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս