«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. (Ներկայացնում ենք կրճատումներով) «Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունը շարունակում է քննարկել հանցավոր խմբավորման անդամների մասին լուրերը. ովքե՞ր են նրանք` ի վերջո, ահաբեկիչնե՞ր, թե՞ Հայաստանում հեղափոխություն անելու նպատակ ունեցողների մի խումբ: Թվում էր, թե այս հարցերի պատասխանները երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում պետք է տար ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, բայց, ընդհակառակը, նոր հարցականներ ի հայտ եկան:
ԳԱՂՏՆԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ
Նոյեմբերի 25-ին, երբ վնասազերծվեց եւ ձերբակալվեց հանցավոր խմբավորումը, ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց` հայտնելով, որ խմբի անդամների թիվը հասնում է 9-ի: Սակայն դեպքի հաջորդ օրը հայտնի դարձավ, որ խմբավորումն իրականում 19 անդամ ունի, որոնց թվում ՀՀ գրեթե բոլոր մարզերից ընդգրկված քաղաքացիներ էին, մեծ մասը՝ գործազուրկ: Իսկ երեկ էլ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հայտարարեց, որ հանցավոր խմբավորման անդամների թիվը 21 է:
Այն, որ այս մարդիկ իրար հետ ընդհանրապես առնչություն չունեն եւ մեկ ընդհանուր խմբավորման մեջ տարբեր տեղերից հավաքագրված անհատներ են, անզեն աչքով կարելի է նկատել: Ու դժվար է պատկերացնել, թե ինչ կապ կարող են ունենալ միմյանց հետ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը եւ 21-ամյա Նելլի Մինասյանը: Կամ հետաքրքիր է՝ ինչ առնչություն կարող են ունենալ հանցավոր խմբավորման պարագլուխ համարվող, Քեսաբի ազատագրման համար պայքարող «Հայոց վահան» գնդի հիմնադիր Արթուր Վարդանյանը եւ Շիրակի մարզի Փանիկ համայքի բնակիչներ Տիգրանն ու Գեւորգ-Արեգ Ջնդոյանը:
ՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ ԽՈՍՔԵՐ
Ուշագրավ էր նաեւ ԱԱԾ քննչական վարչության տեղակալի խոսքերը խմբի ֆինանսավորման մասին. «Խումբը ձեւավորվել է հանցավոր կոնկրետ նպատակների իրականացման համար: Եղել է դերաբաշխում, յուրաքանչյուր անդամ իմացել է իր դերը եւ պարտականությունները: Խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: Գումարները տրվել են ՀՀ տարածքում, սակայն ծագման աղբյուրները պետք է պարզենք»: Ըստ ԱԱԾ ներկայացուցչի՝ խմբի անդամներն իրենց գործունեությունը քողարկելու համար կատարել են անհրաժեշտ միջոցառումներ, գաղտնի հեռախոսներ են ունեցել, սակայն, «չնայած այդ ամենին, խմբի գործունեությունը ԱԱԾ աշխատակիցների անձնուրաց եւ ջանասիրաբար կատարած աշխատանքի արդյունքում հայտնվել են տեսադաշտում, որից հետո խումբը վերցվել է հսկողության տակ եւ արդեն ձեռնարկած միջոցառումների շնորհիվ այն վնասազերծվել է»,- հնարավորինս խրոխտ ձայնով ընթերցեց ԱԱԾ պաշտոնյան:
Ո՞ՒՄ ՓՈՂԵՐՈՎ
…Ինչպե՞ս են Հայաստանի ներսում ֆինանսավորվել խմբի անդամները: Սովորաբար նման խոշոր գումարները ստանում են 3 ճանապարհով՝ կա՛մ բանկի միջոցով, որը ժամերի ընթացքում պարզելի խնդիր է, կա՛մ արտերկրից կանխիկ բերելով, այդ դեպքում ինչով էին զբաղված սահմանապահներն ու ԱԱԾ-ն, կա՛մ էլ Հայաստանի ներսում ինչ-որ մեծ կարողության տեր մարդը կարող էր տալ: Իսկ Հայաստանում քանի՞ մարդ կա, որ ունի տասնյակ հազարավոր դոլարներ: Թերեւս դժվար չէ պարզել այս հարցը. գուցե հեղաշրջման փո՞րձ է կանխել ԱԱԾ-ն` վերնագրելով հանցախումբ: Հուսանք` կպարզվի, կիմանանք իրականությունը:
Ուշագրավ է նաեւ այն, որ ԱԱԾ-ի բուռն եւ ջարդուփշուրով ուղեկցված գործողության ընթացքում «հանցախմբի անդամ» երիտասարդ աղջիկները հասցրեցին զգեստափոխվել: Իսկ գուցե շոուն երկու օրվա ընթացքո՞ւմ է նկարահանվել: Համաձայնեք` չարժեր մուսուլմանական ահաբեկիչներին հավասարեցնել հայտնաբերված խմբին` հատուկ կադրերով ցույց տալով երիտասարդ աղջիկներին: Ազգային ինքնությունն ու հայ կնոջ կերպարն աղավաղելու առավել վատ տարբերակ դժվար թե գտնվեր. նրանք դեռ պետք է ապրեն, բայց ԱԱԾ-ն խեղեց ճակատագրերը:
ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
Ու որքան էլ ԱԱԾ պաշտոնյան վրդովմունք էր հայտնում` մի քանի անգամ հազիվ կարդալով, որ ԱԱԾ աշխատակիցներն անձնուրաց գործունեություն են ծավալել` այս կերպ փորձելով ԱԱԾ-ի հեղինակությունը բարձրացնել, միեւնույն է, ԱԱԾ-ի կողմից իրականացվող աշխատանքների արդյունքներին ՀՀ քաղաքացիները չեն հավատում: Պատճառն այն է, որ նախկինում բազմաթիվ անհեթեթ մեղադրանքներով մարդիկ են կալանավորվել: Ասվածը փաստենք օրինակներով:
ՑԱԽԱՎԵԼՆԵՐՈՎ
Դեռեւս 2006թ ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար, այսօր ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը եւ մի շարք ազատամարտիկներ, ըստ ԱԱԾ-ի, «ծրագրել էին» Հայաստանում իրականացնել «ցախավելների» հեղափոխություն, ինչի պատճառով Արզումանյանի եւ Շիրխանյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ հարուցվեց: Ալեքսանդր Արզումանյանը ազատազրկվեց, եւ այդպես էլ հայտնի չդարձավ, թե, ի վերջո, ինչ փողեր էին լվացել, եւ ինչպես էին այդ գումարները ծառայել «ցախավելների» հեղափոխությունը: Կամ մեկ այլ օրինակ, ինչը տեղի է ունեցել ավելի վաղ` 2004 թվականին, երբ Կծան Միշա մականունով Միշա Խուդավերդյանն ԱԱԾ-ին հայտնել էր, որ նախկին պատգամավոր Էդուարդ Մադաթյանն իր ընկերոջ` Գագիկ Գրիգորյանի հետ Խոսրովի արգելոցում փորձել էր կազմակերպել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամայնի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, տրանսպորտի նախարար Դավիթ Հարությունյանի եւ ուրիշների սպանությունները, ինչը սակայն պարզվեց իրականությանը չի համապատասխանում: Ահա թե ինչն է ԱԱԾ ի նկատմամբ վստահության պակասի պատճառների հիմքը:
Նկատենք` այս պատմության մեջ առավել վտանգավորն այն է, որ նշված օպերացիայով, ըստ էության, փշրվեց այն տեսակետը, որ մինչ օրս գոյություն ուներ, թե աշխարհի ամենաապահով երկրներից մեկը Հայաստանն է, քանի որ այստեղ չկան օտարազգիներ, եւ Իսլամական պետությունը չի կարող ահաբեկչական գործունեություն իրականացնել…
…Ամփոփելով իրավիճակը՝ կարելի է եզրակացնել, որ այսօր ԱԱԾ կողմից վնասազերծված հանցախումբը մեկուսացվեց քաղաքական հրահանգի արդյունքում, որպեսզի դեկտեմբերի 1-ի հանրահավաքին ընդառաջ վախի մթնոլորտ ստեղծվի երկրում` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ցանկալի արդյունք ապահովելու համար»:
Ամբողջական տարբերակը՝ թերթի այսօրվա համարում: