Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ծառայություն մատուցեց Ռուսաստանին. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը բազմաթիվ մեկնաբանությունների ու գնահատականների արժանացավ մամուլում ու փորձագիտական հանրության շրջանում: Ոմանք այն համարում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ գործակցությանն ուղղված երկրորդ առաջարկն այս տարվա ընթացքում, ոմանք կարծում են, որ հոդվածի՝ արտաքին քաղաքական հատվածում Տեր-Պետրոսյանը որոշակի շրջադարձ է կատարել այն իմաստով, որ Ռուսաստանին հաճոյանալու փոխարեն՝ ինչպես պատահում է գրեթե միշտ, այս անգամ նույնիսկ որոշակիորեն քննադատել է Ռուսաստանին:

Նման եզրահանգման համար հիմք է հանդիսացել Տեր-Պետրոսյանի հոդվածի հետևյալ հատվածը. «Շուրջ քսանհինգամյա ընդմիջումից հետո աշխարհն այսօր թևակոխում է սառը պատերազմի մի նոր շրջափուլ, որի կիզակետերից մեկը կրկին դառնալու է Մերձավորարևելյան տարածաշրջանը։ Դրա նախանշաններն արդեն իսկ առկա են։ Եռանդուն կերպով ներքաշվելով սիրիական իրադարձությունների հորձանուտը և սերտացնելով հարաբերություններն Իրանի հետ, Ռուսաստանը բացահայտում է իր երկարատև ստրատեգիական շահերն այդ տարածաշրջանում։ Նման պարագայում ակնհայտ է, որ իր թիկունքն ապահովելու նպատակով առաջիկայում նա լուրջ քայլեր է ձեռնարկելու՝ Մերձավոր Արևելքին անմիջականորեն հարող երկրամասերում սեփական դիրքերն ամրապնդելու համար։

Այդ երկրամասերից մեկը, գուցեև ամենագլխավորը, բնականաբար, Անդրկովկասը լինելով, Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչի վկայությունն են, մասնավորապես, Լավրովի Բաքու և Երևան կատարած վերջին այցերը։ Խոսքն ամենևին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն»: Ասվածի հիմնական միտքն այն է, որ Ռուսաստանը կարող է իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ շահագրգիռ դառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Թե ի՞նչ տարբերակով, Մադրիդյան սկզբունքներո՞վ, թե՞ այլ, քննարկման այլ նյութ է:

Արձանագրենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը գրեթե պնդում է. «Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը…»:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ, ինչպես Տեր-Պետրոսյանն է սիրում ասել, մեղմասացություն: Ով՝ ով, ՀՀ առաջին նախագահը նաև սեփական փորձից լավ գիտի, որ եթե Ռուսաստանն ինչ-որ բան ցանկանում է այս տարածաշրջանում, ապա դա առաջին հերթին՝ հակամարտությունները հնարավորինս երկար ժամանակահատվածով սառեցված պահելն է, որը նրան հնարավորություն կտա պահպանել ու ամրապնդել սեփական դիրքերը տարածաշրջանում, առաջին հերթին՝ Հայաստանում: Այսինքն, Ռուսաստանը եթե իր առաջնահերթությունների շարքին դասում է ղարաբաղյան հակամարտությունը, ապա առաջնահերթություն է համարում ոչ թե՝ դրա հանգուցալուծումը, այլ ճիշտ հակառակը՝ երկարաձգումը հնարավորինս տևական ժամանակով:

Իհարկե, կարող է լինել նաև այլ տարբերակ, որը ոչ մի կերպ ձեռնտու չէ Հայաստանին. Ռուսաստանը կարող է շահագրգիռ լինել ղարաբաղյան հակամարտության միջանկյալ լուծման միայն մի տարբերակի, որի դեպքում ՀԱՊԿ-ի կամ այլ անվան տակ Լեռնային Ղարաբաղում կտեղակայվեն ռուսական զորքեր: Սակայն դա կլինի շատ ավելի վտանգավոր իրավիճակ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար, քան ներկայիս՝ թեկուզ խարխուլ ստատուս-քվոն:

Մի խոսքով, Լևոն Տեր-Պետրոսյանը, մեղմ ասած, չափազանցնում է իր այն գնահատականում, թե Ռուսաստանը կարող է ցանկանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորում: Չափազանցնում է՝ անուղղակիորեն հերթական անգամ ծառայություն մատուցելով Կրեմլին, որի համար այս խառնակ ժամանակներում շատ անհրաժեշտ է ներկայանալ՝ որպես խաղաղարար տերություն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս