Սահմանադրության նոր նախագիծը ամեն գնով գովաբանելու ՀՀԿ-ական մարմաջը վերջին շրջանում հանգել է այն եզրակացությանը, որ մեր երկրում տիրող ապիկարության միակ ակունքը նախագահի ինստիտուտն է: Համակարգային սկլերոզը հավանաբար թույլ չի տալիս հիշել, որ աշխարհում գոյություն ունեն 65 բացարձակ նախագահական եւ 26 կիսանախագահական կառավարմամբ պետություններ:
Բավական է, սակայն, արձանագրել, որ նախագահական կառավարում ունեն այնպիսի երկրներ, ինչպես, օրինակ, ԱՄՆ, Ֆրանիսա, Պորտուգալիա, Ռուսաստան, Հվ. Կորեա, Արգենտինա եւ այլն, որտեղ ՀՀԿ-ի չափ գրագիտության աստիճանի չեն հասել, որ բոլոր դժբախտությունները նախագահի պաշտոնի վերացմամբ հաղթահարեն: Ստորեւ փորձենք համեմատել սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ նախագահի կարգավիճակը արեւմտյան ժողովրդավարություններում նախագահի դերի հետ:
Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի ստեղծած մասնագիտական հանձնաժողովը հաճախ է հղում անում Գերմանիայի օրինակին:
Վերջինիս Սահմանադրությամբ նախագահին վերապահված է լոկ 8 հոդված: Այստեղ նախագահն ընտրվում է Դաշնային ժողովի կողմից, որ բաղկացած է Գերմանիայի երկու օրենսդիր պալատների` Բունդեսթագի եւ Բունդեսրատի անդամներից: Գերմանիայի նախագահն ունի վերընտրության իրավունք: Այս երկրում նախագահը գործնականում զրկված է պետության արտաքին ու ներքին քաղաքականությունը մշակելուց եւ իրականացնելուց, որին վերապահված է արարողակարգային դեր` խորհրդարանը իշխանական ճգնաժամի պարագայում ցրելու իրավասությամբ: Փաստացիորեն, Գերմանիայում նախագահը լիովին պահեստային ֆիգուր է, որ կարող է քաղաքական դերակատարություն ունենալ միայն ծայրահեղ դեպքերում: Անվանապես իշխանության ներսում իրավարարի կարգավիճակ ունենալով հանդերձ` Գերմանիայի նախագահները մշտապես եղել են ստվերում` Հինդենբուրգի մահից հետո Հիտլերի կողմից նախագահական աթոռը բռնազավթելուց ի վեր:
Եվրոպական մեկ այլ պետության` Իտալիայի Սահմանադրությամբ, որին եւս հայացք են ձգում նոր նախագծի կողմնակիցները, նախագահին շնորհվում է մեկ անգամ կառավարելու իրավունք: Իտալիայի նախագահի լիազորությունները սահմանող սահմանադրական 9 հոդված կա: Դրա հետ մեկտեղ նախագահը, չընտրվելով ուղղակի քվեարկության արդյունքում, զինված ուժերի գերագույն հրամանատարն է: Ավելին` նա զգալի դերակատարություն ունի խորհրդարանի երկու պալատների բնականոն գործունեության, բարձրագույն արդարադատական խորհրդի աշխատանքների վրա: Բավական է նկատել, որ նախագահի գործոնը զգալիորեն մեծացված է առնվազն ԶՈՒ հրամանատրության կարգավիճակով: Թեեւ Իտալիան պատերազմական դրության մեջ վերջին անգամ եղել է Երկրորդ աշխարհամարտի շրջանում եւ այսօր կարծես ռազմական իրավիճակում հայտնվելու հեռանկար չունի, ԶՈՒ համակարգը ակնհայտորեն պահում է մշտական վերահսկողության պայմաններում:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, սակայն, բացարձակ նախագահական կառավարմամբ պետություն է, որտեղ գործադիր իշխանությունը ղեկավարվում է նախագահի կողմից` առանց վարչապետի ինստիտուտի:
Սակայն աշխարհում հազիվ թե գտնվի մեկ այլ պետություն, որտեղ նախագահն այդքան ենթակա լինի խորհրդարանի ճնշմանը, ինչպես Միացյալ Նահանգներում: Նախագահի ցանկացած քայլ գտնվում է Կոնգրեսի մանրազնին հայացքի ներքո եւ բացառված է, որ գերնախագահական կառավարման այսպիսի համակարգի պարագայում նախագահը կամ նրա վարչակազմը որեւէ ինքնագործունեություն հաջողեցնեն: Հատկանշական է, որ 1974թ. նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց Կոնգրեսում անխուսափելի թվացող իմպիչմենտի սպառնալիքից: Ավելին` 1985-87թթ. Իրան-Կոնտրաս ճգնաժամը վիրահատական եղանակով հաղթահարեց հենց խորհրդրանը` Ռոնալդ Ռեյգանին հազիվ փրկելով անխուսափելի պաշտոնազրկությունից: 1999թ. ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը Մոնիկա Լեւինսկու հետ կապված սկանդալի պատճառով հազիվ փրկվեց իմպիչմենտից, երբ Ներկայացուցիչների պալատի դրական եզրակացությունը հավանություն չգտավ Սենատում: Այսպիսով, ի հեճուկս նման գերնախագահական համակարգի` ԱՄՆ-ում խորհրդարանը մեծագույն դերակատարություն ունի, ինչը իշխանության ներկայացուցիչների` նախագահական համակարգը ամբաստանելու սնանկության նվազագույն ապացույցն է:
Ի դեպ, կիսանախագահական հանրապետություններից ամենահայտնին Ֆրանսիան է, որի օրինակով էլ մշակվեց 1995թ. ՀՀ Սահմանադրությունը: Այստեղ նախագահը ընտրվում է 5 տարով` վերընտրության իրավունքով: Կառավարման համակարգում գոյություն ունի վարչապետի պաշտոնը, որ փաստացի ենթարկվում է նախագահին: Խորհրդարանը հեշտությամբ ցրելու լծակով օժտված նախագահը միեւնույն ժամանակ գտնվում է օրենսդիր մարմնից կախվածության մեջ: Այսուհանդերձ, Ֆրանսիայի համակարգը նախագահին մեծագույն լիազորություններ է շնորհում, որոնք ժողովրդավարական ընտրությունների պարագայում նպաստում են պետության պոզիտիվ պարտականության կատարմանը: Այս երկրի օրինակը լավագույնս է ապացուցում, որ լայն լիազորություններ ունեցող նախագահի ինստիտուտը ամենեւին էլ ժողովրդավարական գործընթացների խաթարողը չէ: Անշուշտ, ՀՀԿ-ի մշտափոփոխ տրամաբանությանը որ թողնենք, Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունն էլ է նախագահական համակարգի արդյունքը:
Իսկ Հայաստանում այսուհետ նախագահը չի ընտրվելու ժողովրդի կողմից: Իշխանությունը չի էլ թաքցնում, որ նախագահական ընտրություններին հաջորդած ըմբոստությունն այն պատճառներից մեկն է, որի արդյունքում վճռվել է ազատվել թե՛ գլխից, թե՛ գլխացավից: Ուշագրավ է, որ եթե գործող Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները որոշվում են սահմանադրական 13 (15) հոդվածներով, ապա առաջարկվող տարբերակում դրանց թիվը 23-ն է: Նախագահին վերաբերող սահմանադրական նոր դրույթները թույլ են տալիս եզրակացնելու, որ խորհրդարանական կառավարման համակարգը ժամանակավոր բնույթ է կրում: Առնվազն 2017-18թթ. կտրվածքով լուծելով իշխանության ապահովագրման խնդիրը` Սարգսյանին ոչինչ չի խանգարի դրանից հետո խորհրդարանում սահմանադրական փոփոխություններ իրականացնելով՝ կրկին ուժեղացնել նախագահի պաշտոնը եւ առանց ընտրություների բազմել նախագահի պաշտոնին:
Ն. Հովսեփյան