«Ժողովրդի հաղթանակը» Մոսկվայից բերելու խոստում տված Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ երեւույթին, իր ռուսաստանյան անհասկանալի այցից հետո հասկացավ, որ Հայաստանի ժողովրդի հաղթանակը ոչ թե մոսկվաներում է, վաշինգտոններում կամ պեկիններում, այլ Հայաստանի ներսում: Ու թերեւս նաեւ այդ պատճառով էլ «բարեւի հեղափոխության» առաջնորդը կրկին որոշեց վերսկսել իր այցելությունները Հայաստանի մարզեր: Սա արդեն կլինի Հովհաննիսյանի թվով երրորդ մարզային շրջագայությունը: Հիշեցնենք, որ առաջինը եւ ամենաբազմամարդը նախընտրականն էր, ապա` եղավ արդեն նկատելիորեն սակավամարդ «զորահավաքային արշավը», իսկ թե ինչպիսին կլինի այս նոր շրջագայությունը` դժվար չէ կանխատեսել` զուտ դրա արդյունավետության տեսանկյունից: Առավել եւս, որ մինչ այժմ հայտնի էլ չէ, թե կոնկրետ ինչ քաղաքական օրակարգով է Հովհաննիսյանը հանդես գալու մարզերում: Այն հուսախաբությունը, որն առկա էր արդեն ապրիլի 9-ին` Ազատության հրապարակում, երբ Հովհաննիսյանը հավաքվածներին հայտարարեց հաջորդ հավաքի օրը եւ դիմացը լսեց սուլոցներ, վստահաբար շատ ավելի խորը եւ ակնառու կերպով դրսեւորվելու է նաեւ մարզային այցելությունների ընթացքում: Եվ այս առումով` բավականին մեծ խիզախություն պետք է ունենալ ապրիլի 9-ի կարեւորագույն «հանգրվանը» ձախողելուց հետո` նորից գնալու եւ կանգնելու համար ժողովրդի առջեւ ու խոսելու հաղթանակից, վստահությունից ու պայքարից: Բայց Րաֆֆին կարծես թե այդքան խիզախություն ունի: Դժվար է ասել` ինչի արդյունք է դա. իրավիճակը սթափ գնահատելու անկարողությա՞ն, թե՞ իրական հավատի եւ ժողովրդի հանդեպ անկեղծ սիրո: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ «բարեւի հեղափոխությունը» ապրիլի 9-ից հետո վերածվել է «բարեւի տեղապտույտի», որի ընթացքը կրկին հունի մեջ գցել այլեւս դժվար հաջողվի Հովհաննիսյանին: Ավելին, իր այս քայլով Հովհաննիսյանն, ըստ էության, լրջորեն վտանգում է նաեւ «Բարեւ Երեւան» դաշինքի շանսերը Երեւանի ավագանու ընտրություններում, քանի որ եթե Հովհաննիսյանին ինչ-որ մի հրաշքով հաջողվի մարզերում հաջողված, բազմամարդ հանդիպումներ ունենալ, միեւնույն է, դա որեւէ կերպ չի անդրադառնա մայրաքաղաքի բնակչության կողմնորոշման վրա: Սակայն եթե Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային շրջագայությունը ձախողվի, ապա դրա բացասական ազդեցությունը, հատկապես իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի սպասարկու քարոզչամիջոցների ջանքերով, բազմակի անգամ մեծ ուժով կպրոյեկտվի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վրա: Արդյոք այս ամենը չի գիտակցում Հովհաննիսյանը: Վստահաբար` գիտակցում է, սակայն թերեւս ավագանու ընտրություններում իր թիմի հաղթանակի եւ անձամբ իր հաղթանակի միջեւ նա, այնուամենայնիվ, կրկին ընտրում է վերջինը:
ՀԱՆԳՐՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ